ՄիջազգայինՔաղաքական

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնացել է կիրառել «բոլոր միջոցները»՝ իր օդային տարածքի խախտումներից պաշտպանւելու համար

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացրել է, որ այս ամիս Լեհաստանի օդային տարածքում ռուսական անօդաչու սարքերի խոցումից եւ անցեալ շաբաթ ռուսական կործանիչների ներխուժման մասին Էստոնիայի հաղորդագրութիւններից յետոյ գործի կը դնի բոլոր միջոցները՝ իր օդային տարածքի հետագայ խախտումներից պաշտպանւելու համար, յայտնել է Associated Press գործակալութիւնը։

Լեհաստանում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադէպը նշանաւորել է ՆԱՏՕ-ի եւ Մոսկւայի միջեւ առաջին ուղղակի բախումը Ուկրաինայում պատերազմի սկսւելուց ի վեր։ Այն ցնցել է Եւրոպայի բոլոր առաջնորդներին։

ՆԱՏՕ-ի պատրաստւածութեան եւ հեղինակութեան եւս մէկ փորձութիւն տեղի ունեցաւ անցեալ ուրբաթ, երբ Էստոնիան յայտարարեց, որ երեք ռուսական կործանիչներ առանց թոյլտւութեան 12 րոպէով մտել են իր օդային տարածք, Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքը։

«Ռուսաստանը չպէտք է կասկած ունենայ. ՆԱՏՕ-ն եւ նրա դաշնակիցները կօգտագործեն բոլոր անհրաժեշտ ռազմական եւ ոչ ռազմական գործիքները՝ միջազգային իրաւունքին համապատասխան, իրենց պաշտպանելու եւ բոլոր ուղղութիւններից եկող բոլոր սպառնալիքները կանխելու համար,- ասւած է դաշինքի յայտարարութեան մէջ։ Մենք կը շարունակենք արձագանքել մեր ընտրած ձեւով, մեր ընտրած ժամկէտում եւ շրջանակում»։

Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք կասկածելի ինքնաթիռը կը խոցւի, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռիւտէն ասել է, որ դա կախւած կը լինի «ինքնաթիռից բխող սպառնալիքի վերաբերեալ առկայ հետախուզական տւեալներից, ներառեալ այն հարցերը, որոնց մենք պէտք է պատասխանենք, ինչպիսին են դրա մտադրութիւնները, սպառազինութիւնը եւ դաշնակիցների, զինւած ուժերի, քաղաքացիական անձանց կամ ենթակառուցւածքների համար հնարաւոր ռիսկը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աւելի անկեղծ էր։ Երեքշաբթի լրագրողի հարցին՝ արդեօք նա կարծում է, թէ ՆԱՏՕ-ի երկրները պէտք է խոցեն նման ինքնաթիռներ, Թրամփը պատասխանել է. «Այո, կարծում եմ»։ Աւելի ուշ նա յաւելել է, որ Միացեալ Նահանգների անմիջական ներգրաււածութիւնը կախւած կը լինի հանգամանքներից։

Վարչապետ Դոնալդ Տուսկը երկուշաբթի յայտարարել է, որ Լեհաստանն «առանց քննարկման» կը խոցի թռչող օբիեկտները, եթէ դրանք խախտեն Լեհաստանի տարածքը։ Թւում է, թէ բոլորը չեն աջակցում այդ մօտեցմանը։

«Մենք միշտ կը գնահատենք իրավիճակը, կը գնահատենք ինքնաթիռից բխող անմիջական սպառնալիքը»,- ասել է Ռիւտէն։

ՆԱՏՕ-ի յայտարարութիւնը հնչել է, երբ Էստոնիան պաշտօնական խորհրդակցութիւններ է խնդրել ըստ դաշինքի պայմանագրի 4-րդ յօդւածի, որը թոյլ է տալիս դաշինքի ցանկացած անդամի հանդիպում խնդրել, եթէ կարծում է, որ իր տարածքային ամբողջականութիւնը, քաղաքական անկախութիւնը կամ անվտանգութիւնը սպառնալիքի տակ են։

Related Articles

Back to top button