Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Նահապետեան. «Սրանք ճողոպրելու են, ի՞նչ է անելու հայ ազգը»

Թշնամին շարունակում է կրակոցներ արձակել Սիւնիքի մարզի ուղղութեամբ, զուգահեռ մեղադրելով հայկական կողմին, թէ հայկական կողմից են կրակում։ Հերքումը հայկական կողմից չի ուշանում, սակայն դա իրավիճակը որեւէ կերպ չի փոխում՝ Ադրբեջանը շարունակում է կրակել, թիրախաւորելով խաղաղ բնակիչների տները։

Անվտանգային եւ ռազմական հարցերով փորձագէտ Հայկ Նահապետեանի խօսքով՝ եթէ հայկական կողմից ադրբեջանական կրակոցներին համարժէք պատասխան տային՝ կրակոցները երկար ժամանակ կը լռէին։ Բայց քանի որ Ադրբեջանը գիտի, որ հայկական կողմից չեն պատասխանելու՝ ակտիւ կրակում է։

«ՀՀ իշխանութիւնը խօսում է «խաղաղութեան պայմանագիր» ստորագրելու մասին, երբ են ստորագրելու 2050 թւականին։ Ալիեւն այսօր յստակ ասել է՝ որ «Ադրբեջանը յարգանքի արժանի երկիր է, եւ ով այդ երկրի շահերը հաշւի չի առնում, ստիպւած հաշւի կը նստի իրենց ուժի հետ»։ Հետեւաբար՝ այսօր Սիւնիքում տեղի ունեցողն ուժի ցուցադրութիւն է, հոգեբանական ճնշում է սահմանին ապրող բնակիչների վրայ։

Հիմա այնտեղ ապրող մարդկանց մօտ անպաշտպանւածութեան զգացում է, եւ դա աւելի է խորանում, քանի որ ազգի «գերագոյն գլխաւոր հրամանատարը» հրապարակավ յայտարարել է, որ ադրբեջանական կրակոցներին Հայաստանը չի պատասխանելու։ Աւելին՝ ՔՊ կարկառուն պատգամաւորներից մէկը՝ Սիւնիքից ընտրւած, ասում էր՝ դէ, ամպամած է, դրա համար են կրակում՝ ամպերը ցրելու համար է։ Մէկ ուրիշն էլ ասում էր՝ դէ ի՞նչ անենք կրակում են, մի վախեցէք»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Հայկ Նահապետեանը։

Նա շեշտում է՝ եթէ Սիւնիքն անվտանգ է, ապա իշխանութեան անդամները՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, իրենց ընտանիքների հետ հանգստեան օրերին կարող են գնալ Խոզնավար եւ Խնածախ՝ 2 օր մնան։

«Վստահ եմ՝ վախից իրենց թոռների ու երեխաների տակդիրները կը քաշեն գլխներին ու առաւօտ շուտ կը վերադառնան Երեւան։ Ադրբեջանը հիմա կրակում է տների տանիքներին, յետոյ թիրախաւորելու է արդէն խաղաղ բնակիչներին, ասեմ ձեզ՝ այսպէս շարունակւի՝ վիրաւորներ ու զոհեր ենք ունենալու, ու Ադրբեջանի կրակոցները դարձեալ մնալու են առանց պատասխանի։

Մենք խօսում ենք հոգեբանական ճնշումներից, բայց մոռանում ենք նիւթական վնասները, Ադրբեջանը նաեւ սրան է ձգտում՝ հնարաւորինս մեծ նիւթական վնաս հասցնել բնակիչներին»,- յաւելել է Հայկ Նահապետեանը։

Նա յիշեցրել է, որ նախկինում, երբ Ոսկեպարի կամ Բաղանիսի բնակիչը դուրս էր գալիս դաշտ աշխատանքներ կատարելու, թշնամին կրակում էր՝ հայկական կողմից մէկին տասը պատասխան էին տալիս։ Հիմա, եթէ Սիւնիքում բնակիչը դուրս գայ դաշտ՝ ադրբեջանական կողմից սկսեն կրակել, ի՞նչ երաշխիք կայ, որ նրա անվտանգութիւնը հայկական կողմից կապահովեն։ Այն ժամանակ Ադրբեջանն էլ գիտէր, որ իր սադրանքներին հայկական կողմից ակնթարթօրէն են պատասխանելու։

«Ադրբեջանը շտապելու տեղ չունի, մենք պէտք է շտապենք։ Այսօր Ադրբեջանը Նախիջեւանում զօրավարժութիւններ է անում, սա ո՞ւմ համար է անում։ ՀՀ իշխանութիւնը պատերազմ սկսւելու դէպքում իր «գլխի ճարը» կը տեսնի, իսկ ի՞նչ է անելու հայ ազգը։ Սրանք իրենց երեխաների մի մասին ուղարկել են դուրս՝ սովորելու, բիզնես անելու, սրանք ճողոպրելու են։

Հետեւաբար, հայ ազգին մնում է այս իշխանութեանը սրբել ու տանել՝ Հայաստանը պահպանելու համար։ Ամօթ է, այսպիսի ինքնիշխանութիւն չի լինում»,- ընդգծել է Հայկ Նահապետեանը։

ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Related Articles

Back to top button