Արթուր Խաչատրեան. «Խօսում են թալանից. բա բռնէիք, դատէիք, ո՞վ է ձեզ խանգարում»

«ԱԼԻՔ» – «Իշխանութիւններն ինչո՞ւ են այսպէս ջղաձգւում, որովհետեւ դրօշակ էին սարքել կոռուպցիայի դէմ պայքարը. հիմա ասում ենք՝ դու կոռուպցիայի դէմ պայքարի դրօշակ ես բարձրացնում, բայց ձեր իշխանութեան եւ իշխանութեան հետ սերտօրէն աֆիլիացւած մարդկանց հետ կապւած բազմաթիւ կոռուպցիոն գործարքներ կան, առերեւոյթ կոռուպցիոն յանցագործութեան բոլոր հիմքերն առկայ են, որպէսզի իրաւապահ մարմինները սկսեն դա քննել. դա իրենց բնականաբար նետում է ջղաձգումների գիրկը։» Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Նիկոլ Փաշինեանի այդ ջղաձգումը դրանից սկսւեց։ Իրենք ասում են՝ բա էն ժամանակ այսպէս է եղել։ Լաւ, եղել է, ո՞վ է ձեզ խանգարում ամէն կոնկրետ դրւագի հետեւից գնալ, մեղաւորին դատապարտել, անմեղին ասել ՝դէ կը ներես, պարզւում է, սխալ ենք եղել։
Այս քննարկումը ցոյց է տալիս երկու բան. կամ չեն ուզում, որովհետեւ իրենց ձեռնտու է ասել, բա այն ժամանակ բոլորը թաթախւած են եղել կոռուպցիայի մէջ, եթէ օբիեկտիւ քննութիւն լինի, պէտք է ասեն՝ հա, 100 հոգու մեղադրանք ունէինք, կասկածներ ունէինք, այս հինգ հոգու նկատմամբ մեր կասկածները հաստատւեցին, բայց դրանից կը բխի, որ այս ամբողջ աղմուկը, որ արել էին, իրականում փոքրիկ փուչիկ է եղել։
Եօթ տարի այս կառավարութիւնն է, ի՞նչ են արել, ոչ մի բան չեն արել, որեւէ հպարտանալու բան չունեն, յետ են գնացել ի շրջանս իւր՝ կոռուպցիա է եղել, թալան է եղել։ Այսքան օրինակները, որ բերում էք, բա բռնէիք, բա դատէիք, ո՞վ է ձեզ խանգարել, դատարանները շրջափակեցիք, Սահմանադրական դատարանի կազմը փոխեցիք, ԲԴԽ-ի կազմը փոխեցիք, քննչական մարմինների ղեկավարներին փոխեցիք, յետո՞յ։ Ուրեմն ընդունէք, որ դա էլ չէք կարող անել։ Տնտեսութիւնը չէք կարողանում զարգացնել, արտաքին քաղաքականութիւնում ձախողել էք, անվտանգային քաղաքականութիւնում ձախողել էք, Արցախի հարցում ձախողել էք, այս հարցում էլ էք ձախողել, կատարեալ ձախող իշխանութիւն»,- ասել է Արթուր Խաչատրեանը։
Նա նկատել է, որ կոռուպցիայի մեղադրանքը քարոզչական ֆոն է, այլապէս կը գնային եւ կոնկրետ մարդկանց կը դատէին։ «Եթէ այս խօսակցութիւնը լինէր, ենթադրենք 2018, 2019, 2020 թւականներին, կասէի՝ դէ մարդիկ պրոբլեմ են տեսել, հիմա պէտք է այդ պրոբլեմը լուծեն։ Պրոբլեմը տեսնում են, չեն կարողանում կամ չեն ուզում լուծել, սա է իրականութիւնը»։
Անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը, որ եթէ հետեւի մամուլի հրապարակումներին, բոլորին պէտք է տանի լցնի ԱԱԾ նկուղը, ընդդիմադիր պատգամաւորն ասել է, որ ԱԱԾ պադւալ ուղարկելը իր որոշելիքը չէ. «Եթէ կայ յանցագործութիւն, գոնէ ողջամիտ կասկած, որը բաւարար կը լինի գործ սկսելու համար, եւ եթէ դա ենթադրում էր խափանման միջոցի ընտրութիւն ԿԳԲ-ի նկուղում, բա ինչի՞ չի արել։ Ուրեմն չկայ այդ ամէն ինչը, կայ ընդամէնը ֆոն, որպէսզի ինքը կարողանայ հասարակութեանը դրանով կլանի»։
Եթէ վստահ լինէին, որ վաղը չէ միւս օրը 50 + 1 տոկոս են հաւաքելու, վաղը Փաշինեանը հրաժարական կը տար
«Ես չգիտեմ՝ հասարակութիւնը Նիկոլ Փաշինեանի հետ ինչպէ՞ս է շփւում, եթէ ինքը զինւած կորտէժով է երթեւեկում, գնում են հանդիպումների եւ մամուլում առկայ տեղեկութիւնների համաձայն բծախնդիր քաստինգ են անցկացնում, որ յանկարծ մէկը չլինի, որ մի բան ասի, որ իրենց դուրը չգայ»,- նշել է Խաչատրեանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանութիւնների պնդմանը, որ հասարակութիւնն իրենցից պահանջում է ոչ թէ մանկապարտէզ ու ճանապարհ կառուցել, այլ հարցնում է, թէ երբ են դատելու երկրորդ եւ երրորդ նախագահներին։
«Ինքն ասում էր՝ ես պատրաստ եմ կառավարութիւնում սկսել քննարկումներ իրական Հայաստանի հայեցակարգի մասին։ Լուր ունէ՞ք, այդ պրոցեսը առաջ գնաց, թէ՞ չէ։ Ինքը չունի այդ շփումը հասարակութեան հետ»,- ասել է նա։
Խօսելով 2026-ի ընտրութիւններին Փաշինեանի պատրաստութեան մասին, Արթուր Խաչատրեանն ասել է. «Ինքը սկզբից փորձեց առաջ տանել խաղաղութեան օրակարգը, տեսաւ, որ չկայ, ամենօրեայ կրակոցներ են։ Խաղաղութիւնը ձախողւեց։ Յետոյ ասաց՝ գնում ենք Եւրաինտեգրման, դա էլ որեւէ երեւելի արդիւնքի գոնէ այս պահի դրութեամբ չի բերել։ Մնաց վերադառնալ ի շրջանս իւր, 2017-2018 թւականների Նիկոլ Փաշինեանին։ Էլի նոյն խոստումներն են, բայց խոստումների իրականացման մասին լուռ են, որովհետեւ դա էլ չեն կարողանում անել։
Եթէ իրենք վստահ լինէին, որ վաղը չէ միւս օրը 50+1 տոկոս են հաւաքելու, վաղը Փաշինեանը հրաժարական կը տար, այս խորհրդարանը վարչապետ չէր ընտրի եւ իրենք կը գնային նոր ընտրութիւնների։
Մի քանի օր առաջ Գելալփի հարցումներով ընդամէնը 11.5% ունեն։ Գելափին չեն հաւատում, թող իրենց հարցումներն անեն։ Ո՞ւմ են հաւատում իրենք, մենակ իրենք իրենց։ Ակնյայտ է, որ հասարակութեան մեծամասնութիւնը չի հաւատում ոչ իրենց, ոչ Նիկոլ Փաշինեանին, որովհետեւ ինձ էլ բազմաթիւ մարդիկ ասում են՝ երբ ենք սրանցից ազատւելու։ Ի տարբերութիւն իրենց, ոչ ես, ոչ մեր պատգամաւորները զինւած կորտէժով չենք երթեւեկում, մենք շփում ունենք հանրութեան հետ»։