Էհսան Մովահեդիան. «Իրանը պատրաստ է Հայաստանի անվտանգութիւնը երաշխաւորել. Սիւնիքը կարմիր գիծ է»

«ԱԼԻՔ» – «Իրանն ու Հայաստանը բնական հարեւաններ են։ Բնականաբար, եթէ Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապւած խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխաւորութիւն տալ այդ առումով»։ Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 2-ին Երեւանում կայացած լրագրողների հետ զրոյցում ասաց Կովկասեան հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդիանը՝ յաւելելով. «Այդ ամէն ինչը Իրանի վրայ էլ է ազդում, Իրանը պատրաստ է երաշխաւորութիւն տալ։
Անդրադառնալով հարցին, թէ ինչ մտահոգութիւններ ունի Իրանը՝ Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթի առնչութեամբ, արդեօք Իրանի նախագահի այցը փարատեց այդ մտահոգութիւնները՝ Մովահեդիանը պատասխանել է. «Վստահ ենք՝ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգութիւն ապահովելու համար, այլ՝ գալիս է տարածաշրջանն ապակայունացնելու, հետագայում նաեւ Իրանին, Ռուսաստանին, աւելի ուշ՝ Չինաստանին վնաս հասցնելու համար»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ամէն ինչ անում է, որ Հայաստանում մարդիկ իրար դէմ դուրս գան։ Նրա դիտարկմամբ՝ Սիւնիքը Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, եթէ ԱՄՆ-ն փորձի աւելորդ քայլեր իրականացնել, ապա բնականաբար Իրանից պատասխան կը ստանայ։