Սեւակ Յակոբեան. «Նաւալնին, Փաշինեանը եւ հաւաքական Արեւմուտքի սուգը»
Մի տեսակ տրամաբանական չէ՝ էստեղի Փաշինեանին ատէք աղէտ բերելու համար, բայց սգաք, որ Նաւալնին մահացաւ՝ ռուս ազգի վերջին յոյսն էր։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է Yerevan Today-ի խմբագիր Սեւակ Յակոբեանը:
«Նաւալնին, Փաշինեանը եւ հաւաքական Արեւմուտքի սուգը
փետրւարի 16-ին, Ռուսաստանի Եամալօ-Նենեց ինքնավար շրջանի թիւ 3 ուղղիչ գաղութում, գիտակցութիւնը կորցնելով, մահացել է ռուս համար մէկ ընդդիմադիր գործիչ համարւող Ալեքսէյ Նաւալնին։ Ըստ աղբիւրների՝ պատճառը եղել է թրոմբի պոկւելը։ Ալեքսէյ Նաւալնին մեղադրւում էր մի քանի յօդւածներով եւ դատապարտւել էր պայմանական ազատազրկման, սակայն պայմանները խախտելու համար 2021 թւականի փետրւարից կրում էր պատիժը բանտում։
Նաւալնու մահից յետոյ տեղեկատւական եւ քարոզչական գրոհ սկսւեց, հիմնականում Ռուսաստանի իշխանութեան դէմ։ Արեւմտեան բազմաթիւ երկրների, միջազգային կառոյցների ղեկավարներ, անմիջապէս, մի տեսակ շատ աւելի մեծ ջանասիրութեամբ, քան սովորաբար լինում է, ուղիղ մեղադրեցին Ռուսաստանին եւ անձամբ Պուտինին Նաւալնու մահւան մէջ՝ Եւրոխորհրդի նախագահ Շառլ Միշէլը, ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Եէնս Ստոլտենբերգը, Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը եւ այլն։ Նրանք նշում էին, թէ Նաւալնին պայքարում էր ռուսական ռեժիմի դէմ, կոռուպցիայի դէմ, պայքարի առաջամարտիկ էր, պայքարում էր մարդու ազատութեան, ժողովրդավարութեան համար, անսահման քաջ էր եւ այլն եւ այլն եւ շեշտում, որ իրենք ցնցւել են։ Բողոքի ակցիաներ եղան մի քանի քաղաքներում, այդ թւում՝ Թբիլիսիում եւ Երեւանում։
Մարդու մահը, իհարկէ, ցաւալի է. ցաւալի է, երբ մահանում է ընդդիմադիր գործիչ, առաւել եւս՝ երբ մահանում է բանտում։ Ցաւօք, նման դէպքեր գրանցւել են բազմաթիւ երկրներում, այդ թւում՝ Հայաստանում։ Սակայն Ալեքսէյ Նաւալնու պարագայում հաւաքական Արեւմուտք կոչւածը չափազանց աղմկոտ սուգ յայտարարեց, ինչը, վստահաբար, կապ չունի միայն վերջին տարիների ռուս-ուկրաինական պատերազմի հետ։
Շատերին եւ շուտւանից է պարզ, թէ ով էր Նաւալնին Արեւմուտքի համար․ նա ընդդիմադիր գործիչ էր, որի վրայ Արեւմուտքը խաղադրոյք էր արել՝ Ռուսաստանում իշխանափոխութիւն անելու մեծ ցանկութեան իրականացման նպատակով։ Նաւալնին իրենից չէր ներկայացնում խոշոր ուժ. յատկապէս ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր, էլ աւելի էր փոքրացել նրա նշանակութիւնը։ Ռուսաստանում այդ երկրի առաջնորդն ունի անվերապահ աջակցութիւն․ սակայն Արեւմուտքի յոյսը, ըստ երեւոյթին, այն էր, որ տարբեր ոլորտներում՝ ռազմաճակատում, պատժամիջոցներով տնտեսութիւնում, սոցիալական եւ այլ, Ռուսաստանին ճնշելու արդիւնքում ճաքեր տալու դէպքում, առիթից հնարաւոր կը լինէր օգտւել եւ իրենց հովանաւորած եւ քաջալերած Նաւալնիին բերել իշխանութեան։
Ռուսաստանում նրանք, ովքեր Ալեքսէյ Նաւալնիին ընկալում էին որպէս այլընտրանք օրւայ իշխանութիւններին, պէտք է, որ աչքի առաջ ունենային Հայաստանի օրինակը, որտեղ արեւմտեան աջակցութեամբ /իսկ դա այլեւս ակնյայտ է/ իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանը, նոյն Արեւմուտքի գովերգած ժողովրդավարութեան առաջամարտիկը լինելով, ընդամէնը 5 տարում Հայաստանը կորցրեց, իսկ աւելի ճիշտ կը լինի ասել՝ թշնամուն յանձնեց ազատագրած, տասնամեակներով զարգացրած ու փայփայած երկրորդ հայկական պետութիւնը՝ Արցախը, վարի տւեց տարածաշրջանի ամենից մարտունակ բանակը, կորցրեց սահմանային մի շարք տարածքներ, պետական ինստիտուտները փոփոխելու, իսկ իրականում քայքայելու պարտադրանքի տակ է, կորցրել է իր իսկ անվտանգութիւնը վերահսկելու հնարաւորութիւնը, իսկ ինքնիշխանութիւնը ամենից ցածր մակարդակի վրայ: Ի վերջոյ, անգամ նոյն Փաշինեանի խոստովանութեամբ, պետականութիւնը կորցնելու շեմին ենք։
Ահա եւ հաւաքական Արեւմուտքի գովերգած այն ամէնը, ինչին հասել ենք իրենց սրտի «ժողովրդավար» իշխանութեան շնորհիւ։ Մեր դէպքը հաստատւած փաստ է, ընդամէնը կանխատեսում կամ վերլուծութիւն չէ, որ համարենք չափազանցութիւն։
Մէկ նախադասութեամբ կարելի է ձեւակերպել հետեւեալը․ նա, ով Ռուստատանում պատիժ էր կրում, նոյն տեսակը Հայաստանում պատիժը կիսատ թողնելուց յետոյ, նոյն արեւմտեան մեթոդներն ու տեխնոլոգիները կիրառելով, իշխանութիւն վերցրեց, եւ Հայաստանն արդէն կռիւ է տալիս պետականութիւնն ինչ-որ կարգավիճակով պահպանելու համար։ Փաստ է։
Ռուսական իշխանութի՞ւնն է սպանել Նաւալնիին, թէ՞ Արեւմուտքը․ երկու թէզերն էլ, իրենց հիմնաւորումներով, դեռ երկար կը շահարկւեն։ Հնարաւոր է, որ իրօք առողջական խնդիրն էր պատճառը։
Բայց մի բանն էլ ակնյայտ է, որ մեր՝ դեռեւս բարեկամ ռուս ազգի ներկայացուցիչները, որոնք մեծ ցաւ են ապրում, սգում, գուցէ յուսահատւում, չեն էլ պատկերացնում, թէ ինչ էր իրենց սպասւելու, եթէ իրենց երկրում տեղի ունենար այն, ինչ մեզ մօտ արեցին:
Կարծում եմ, այդ ամէնը կը լինէր շատ աւելի մեծ մարդկային կորուստներով, քան մեզ մօտ է ու դեռ շարունակւում է՝ տարածքային ու ինքնիշխանութեան կորուստներով, ստորացուցիչ, շատ աւելի ցաւօտ, քան մեզ մօտ է: Վստահաբար, հաւաքական Արեւմուտքի հետաքրքրութիւնները այնուամենայնիւ եւ գուցէ բարեբախտաբար մեզ մօտ այդքան չեն, քան Ռուսաստանի դէպքում։ Մեզ սարքել են ընդամէնը մանրադրամ, Ալիեւին ու Էրդողանի հետ հաշիւները պարզելուց որպէս բոնուս կը տան, կամ կը պահեն որքան կարողանան ու որքան ԻՐԵՆՑ երկրի շահերը կը թելադրեն, իսկ ռուսներին… նրանց ուղղակի կը քրքրեն, թէ՛ տարածքներով, թէ՛ մարդկային եւ այլ ռեսուրսներով եւ այլն եւ այլն:
Մի բան է, որը, ցաւօք, մարդիկ դժւար են ընկալում սէնց դէպքերում․ մարդիկ չեն հասկանում, չեն ուզում հասկանալ, որ այլ երկիրը, երբ քո երկրում, ինչ-որ բան է ուզում, շատ է ուզում անել, չի ուզում անել որպէսզի ձեզ լաւ լինի. ոչ մի դէպքում. նա այդ ամէնն անում է, որ իրեն լաւ լինի, իր շահին ծառայի, ոչ թէ այլոց:
Նրանք իրենց երկրների ամենից բարձր երկնաքերից թքած ունեն, թէ ռուսական «գլուբինկայի» կամ թէկուզ կենտրոնական հատւածի քաղաքացու իրաւունքները պահպանւում են, թէ ոչ, քո երկրում կոռուպցիա կայ, թէ ոչ, թքած ունեն։
Մեզ մօտ հիմա թէ՛ իրաւունքներն են խախտւում, շատ աւելի շատ, քան նախկինում, թէ՛ կոռուպցիան է ծաղկում, առաջւանից շատ աւելի լկտի կերպով. որը իրենց ձեռք չի տալիս, չեն նկատում»։
Այսքանն էի ուզում ասել, գուցէ արժէ մեր տեղի պսեւդոլիբերալներն էլ կարդան, ի մի բերեն իրենց մէջ, ինչը ինչից յետոյ եւ ոնց է եղել, նոր սգան ինչ-որ մարիոնետ գործչի մահւան համար, էլ չեմ ասում՝ անւանեն հերոս։
Մի տեսակ տրամաբանական չէ՝ էստեղի Փաշինեանին ատէք աղէտ բերելու համար, բայց սգաք, որ Նաւալնին մահացաւ՝ ռուս ազգի վերջին յոյսն էր։
Մեր դարդը լացենք, բարեկամներ»։