Հայաստան - ԱրցախՔաղաքական

Չորրորդ խմբակցութեան ժամանակը

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

Փոփոխութիւնների համատարած հանրային պահանջը եւ դրանց չիրականացումը մի կողմից, եւ իշխանութեան ակնյայտ սպառւածութիւնը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողութիւնը միւս կողմից, ցոյց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պէտք է աւարտել 3 խմբակցութեան քաղաքական իրականութիւնը Հայաստանում։

Մեր երկրին պէտք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցութիւնը, որը նոր ալիքն է, նոր միաւորներ, նոր ասելիք, եւ որի առաքելութիւնն է՝ գնալ դէպի ներքին համերաշխութիւն, Հայաստանի յետպատերազմեան վերականգնում։ Հայաստանը պէտք է գտնի իր ներսում եւ արտաքին աշխարհի հետ խօսելու նոր բանաձեւեր։ Դա կարող է անել բացառապէս նոր քաղաքական իշխանութիւնը։ Առաջ գնալու համար Հայաստանին պէտք է նոր միտք, իսկ դա կարող է անել նոր քաղաքական իրականութիւնը։

Հայաստանում կայ փոփոխութիւնների ահռելի պահանջ, առայժմ՝ իռացիոնալ, հանրային դաշտում կայ նոր միտք եւ նոր արժէքներ գեներացնող գործիչների իսկապէս լաւ անւանացանկ։ Մարզերում ձեւաւորւում է նոր մարզային էլիտա՝ աճող հեղինակութեամբ։ Դա քաղաքական դաշտի առողջացման կարեւորագոյն նախադրեալներից է։

Հայաստանը պարտութեան ճիրաններից հանելու եւ ճիշտ Հայաստան կառուցելու հիմքերը դնելու համար արդէն բաւականին արագ տեմպերով ձեւաւորւում են այդ կարեւոր նախադրեալները։ Սա հէնց այսպէս կոչւած 4-րդ խմբակցութեան ձեւաւորումն է, որպէս հէնք՝ նոր, սոլիդ իշխանութեան։

Սա կարեւոր է նաեւ այս իշխանութեան հեռացումն առաւելագոյնս անվտանգ անելու համար։ Սա մի իշխանութիւն է, որն իր հեռանալու փուլում ի վիճակի է երկրի վզին ծայրայեղ ռիսկեր փաթաթելու։ Վերջերս մի տեղ կարդացի շատ դիպուկ բնորոշում. նրանց լոզունգն է ոչ թէ՝ մեզնից յետոյ թէկուզ ջրհեղեղ, այլ՝ մեզնից յետոյ՝ պարտադիր ջրհեղեղ։ Պիտի անպայման հաշւի առնենք, որ այս քաղաքական խումբն ապրում է այլ հոգեվիճակում, այլ, արդէն սեփական «կրթական համակարգում», եւ իրենց անխուսափելի հեռացման մասին ունեն իրենց սպեցիֆիկ պատկերացումները։

4-րդ խմբակցութիւն ասելով՝ ես նկատի ունեմ քաղաքական իրականութեան ֆունդամենտալ փոփոխութիւնը։ Յատուկ շեշտենք, որ այսօրւայ խորհրդարանական ռեսուրսի մի մասը կարող է եւ պէտք է ունենայ դերակատարում՝ նոր իշխանութեան ձեւաւորման հարցում։

Եթէ չգնանք այս ճանապարհով, եթէ էլի չգեներացնենք պետական մտածողութեան տարրական պաշար, երկիրը տանելու ենք մասնատման։

Գիւմրին ցոյց տւեց մի խիստ մտահոգիչ փաստ՝ անձերի, ընտանիքների, կլանների դոմինացիան քաղաքական ինստիտուտների հանդէպ։ Սա շատ յետադիմական համակարգ է, որը չի բերելու երկրի ստրատեգիական զարգացմանը։

Յետնիկոլական Հայաստանը (նոյնիսկ անցումային փուլը, որն արդէն սկսւած է) պահանջում է լուրջ քաղաքական միտք, լուրջ պատկերացումներ՝ առաջ գնալու համար։ Երկրին պէտք է թարմ օդ, նոր գաղափարներ, նոր կանոններ, նոր բարքեր… Այս ամէնը գալու է արխայիկ միաւորների՞ց, խոշոր ընտանիքների՞ց, տարբեր պատմութիւններով զոդւած կլանների՞ց։ Իհարկէ ոչ։

Մեր ժողովորդը շատ ծանր գին է վճարել, որ մի քանի հոգի՝ իրենց կապերով ու փողերով, հիմա էլ պատմութեան յաջորդ էջը սկսեն գրել մեր մասին։

Յետպատերազմեան վերականգնում նշանակում է՝ հասարակութեանը վարակել սեփական տունը վերականգնելու գաղափարով, դարձնել այն իրաքանչիւրի եւ հաւաքական հանրութեան սուպերիդեան։ Սա հնարաւոր է անել միայն նոր միաւորների, նոր բովանդակութեան շնորհիւ։

Միայն այդպէս է հնարաւոր փակել նախկին-ներկա տոքսիկ բաժանումը։ Նոր միաւորները հնարաւորութիւն են տալիս ձեւաւորելու ունակների էլիտա՝ կազմւած տարբեր սերունդների, տարբեր հայեացքների, տարբեր ուժերի ունակ դէմքերից։

Եթէ մենք իրօք ուզում ենք, որ մղձաւանջը վերջանա պէտք է կոնկրետ քայլերի ճանապարհով գնալ։

Related Articles

Back to top button