Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արտակ Բեգլարեանը՝ ՀՀ ԱԳՆ-ին. «Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ էք տալիս Ադրբեջանին ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները»

«ԱԼԻՔ» – Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ էք տալիս Ադրբեջանին ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրաւունքները։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը.
«Որոշ հարցադրումներ ՀՀ արտգործ նախարարութեանը՝ ի պատասխան իրենց վերջին խայտառակ յայտարարութեան՝
- Ինչո՞ւ էք կրկնում ադրբեջանական յայտնի թէզերը՝ շարունակելով աջակցել ալիեւեան ռեժիմի կողմից իրականացւած ցեղասպանութեան մեղքերի «ներման» ջանքերին:
- Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ էք տալիս Ադրբեջանին անցնելու իր ցեղասպանական գործողութիւններին եւ անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրաւունքները:
- Արդեօ՞ք դուք երբեւէ յղում էք արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրաւունքների, անվտանգութեան ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթէ հիմա էլ յղում էք անում չեղած փաստաթղթի:
- Արդեօ՞ք ուժի սպառնալիքի ազդեցութեամբ ստորագրւած հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բաւարար հիմք է անտեսելու Արցախի ժողովրդի իրաւունքների ու անվտանգութեան հարցերը:
- Արդեօ՞ք այդ փաստաթղթի ձեւական ստորագրումից յետոյ լիովին վերացել է Արցախի ժողովուրդը՝ իր իրաւունքներով ու կարիքներով հանդերձ:
- Եթէ յղում էք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչու՞ հաշւի չէք առնում նաեւ այն ստորագրող անձի՝ ԱՀ նախագահ Սամուէլ Շահրամանեանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրւած հակասահմանադրական փաստաթուղթ է: Աւելին, ինչո՞ւ էք անտեսում նոյն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրւած եւ Ձեզ ծանուցւած՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:
- Արդեօ՞ք Ձեր այսօրւայ մանիպուլեացիաների համար էիք 2023 թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:
- Ինչո՞ւ չէք ասում իրականութիւնը, որ առաջնահերթօրէն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (յունիսի 21-ին նախատեսւած), քանի որ հրաժարւել էք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնւում հրատապ հարցերի ներառմանը: Յիշեցնեմ, որ դրանից առաջ՝ յունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապէս դադարեցրել էր նոյնիսկ Կարմիր Խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտաւորեալ կերպով մղելով մեր ժողովրդին սովամահութեան:
- Ինչո՞ւ չէք մեղադրում Ձեր «խաղաղասէր» ու «բարեկիրթ» հարեւանին օգոստոսի 1-ին նախատեսւած Բրատիսլավայի բանակցութիւնների վիժեցման մէջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանութիւն էր կիրառում, այլեւ՝ բանակցութիւններից անմիջապէս առաջ Կարմիր Խաչի մեքենայից առեւանգեց հիւանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցութիւնների նախաձեռնութիւնը:
- Ինչո՞ւ չէք ասում ճշմարտութիւնը, որ նոյնիսկ դրանից յետոյ արցախեան կողմի պատւիրակութիւնը պատրաստ էր մեկնել Բրատիսլաւա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն վերջին օրը ալիեւեան ռեժիմը հրաժարւեց հանդիպումից:
- Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկէտ «պահանջմունքները» բաւարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրաւական սահմաններ էք անցնելու:
- Երբ Ձեր ցեղասպան հարեւանը յարձակւի ու նոր հայկական հողեր գրաւի, այդ ժամանակ ու՞մ գրպանն էք գցելու Ձեր մահացու մեղքերն ու յանցաւոր սխալները…»։