Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Գէորգեան. «Հայաստանի դատարաններն աւելի յաճախ ընկալւում են ներքաղաքական օրակարգի գործիքներ»

«ԱԼԻՔ» – Արմէն Գէորգեանի ելոյթը ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ.

«Յարգելի՛ գործընկերներ,

Այսօր շատ պետութիւններում ժողովրդավարութեան անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահութեան աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդիւնաւէտութիւնը գնահատելիս մենք պէտք է յիշենք մի բան՝ դա զուտ իրաւական ձեւականութեան խնդիր չէ: Խօսքն արդարադատութեան նկատմամբ հանրային վստահութեան եւ մեր երկրներում օրէնքի գերակայութեան ապագայի մասին է: Այս համատեքստում կարեւոր է հասկանալ, թէ Եւրոպական դատարանի որոշումներն իրականում ինչպէս են ազդում արդարադատութեան որակի վրայ եւ նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Հաւանաբար ժամանակն է, որ Եւրոպայի խորհուրդը դուրս գայ վիճակագրութեան շրջանակից եւ գնահատի, թէ արդեօք Դատարանի վճիռներն իսկապէս վերափոխո՞ւմ են իրաւական մշակոյթը եւ խթանում ինստիտուցիոնալ բարեփոխումները: Որովհետեւ ուժեղ արդարադատութեան համակարգերն աւելին են պահանջում, քան պարզապէս համապատասխանութիւնն է. նրանց անհրաժեշտ է անկախութիւն, խիզախութիւն եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների, այլ ոչ թէ քաղաքական էլիտաների վստահութիւնը:

Իմ երկրի՝ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրներն աւելի լայն միտումի մի մասն են, երբ ազգային դատարանները կարող են պաշտօնապէս ընդունել Եւրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել դրանց ինտեգրումն ամենօրեայ իրաւական պրակտիկայում: Արդիւնքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եւրոպական դատարանի չափանիշները եւ հետագայում կրկին ու կրկին չեղարկւում Ստրասբուրգում:

Այս խզումը պատահական չէ։ Շատ դատաւորներ, պահպանելու փոխարէն օրէնքը, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանութեան ղեկին գտնւողների նախասիրութիւններին: Նրանք շեղւում են Կոնւենցիայից, ինչը յաճախ արւում է քաղաքական առճակատումից խուսափելու համար: Հայաստանում մենք ականատես ենք նման դէպքերի աճի, մասնաւորապէս՝ ձերբակալման եւ կալանաւորման հետ կապւած։ Դատաւորները որոշումներ են կայացնում, որոնք հակասում են Կոնւենցիային՝ հիմնւելով այն փաստի վրայ, որ անգամ եթէ պատասխանատւութիւնը վրայ հասնի, կարող է տարիներ տեւել:

Հայաստանի դատարաններն  աւելի յաճախ ընկալւում են ոչ թէ որպէս արդարադատութեան երաշխաւորներ, այլ՝ ներքաղաքական օրակարգի գործիքներ։ Եղել են դատական ​​իշխանութեան անկախութեան ուղղակի հրապարակային խախտումների դէպքեր, ինչը նոյնպէս պէտք է ընկալւի որպէս Կոնւենցիայի լուրջ վարկաբեկում։

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով խօսքս՝ պէտք է ուշադրութիւն հրաւիրեմ նաեւ այսօրւայ տագնապալի լուրերին. Ադրբեջանը յայտարարել է, որ չի կատարելու Եւրոպական դատարանի վճիռները՝ պատճառաբանելով ԵԽԽՎ իր պատւիրակութեան լիազօրութիւնները չհաստատելը։ Սա բացայայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ աւտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիեւն արդէն տասնեակ հազարաւոր հայերի զրկել է իրենց իրաւունքներից, խայտառակ ցուցադրական դատավարութիւններ է անցկացնում հայ բանտարկեալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատութեան իրաւունքից:

Սրանք Եւրոպայի վտանգաւոր փոխզիջումների արդիւնքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրաւունքների հետ: Եւ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրէական դատարանի կործանմանը, այլեւ Եւրոպական կոնւենցիայի վրայ հիմնւած մարդու իրաւունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին»։

Լուրը հաղորդում է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button