Արթուր Խաչատրեան. «Հայաստանը իրական բարեկամ չունի՝ իշխանութիւնների ոչ սկզբունքային արտաքին քաղաքականութեան պատճառով»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը որեւէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ընդհանրապէս ես այդ թեման չեմ արծածել. սա առաջին դէպքը չի, ցաւօք սրտի, վերջին դէպքն էլ չի, քանի դեռ ինքը ՀՀ կառավարութեան ղեկավարն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինեանը նախօրէին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «մենք բարեկամ երկրներ ենք»,- տեղեկացնում է «Երկիր»-ը:։
«Մարդը, իրեն ասում, մի բան ասում է, հերքում է, յետոյ ասում է, ես այդպիսի բան չեմ ասել, սկզբունքայնութիւն մի սպասէք։ Այդ պահին իրեն յարմար էր ասել, յաջորդ պահին յարմար էր դա հերքել։ Նոյն Միացեալ Նահանգների մասին, որ խօսում ենք, յիշո՞ւմ էք Արարատ Միրզոյեանը ինչքան էր գովերգում Բայդէնի վարչակազմի հետ համագործակցութիւնը, ասելով՝ երբեք այսպէս չի եղել, ռազմավարական մակարդակի ենք հասել, յունւարի 14-ին ստորագրում են ռազմավարական գործընկերութեան կանոնադրութիւնը, իրար մեղրից աւելի քաղցր խօսքեր են շռայլում, բայց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինեանը ասաց՝ Հայաստանի յարաբերութիւնները Ամերիկայի հետ աւելի վատ չեն եղել, քան Բայդէնի ժամանակ։ Այնպէս որ սկզբունքայինութիւնը իրենից ակնկալել անիմաստ ժամանակավճառութիւն է»,- ասել է նա։