Լիլիթ Գալստեան. «Զարթնիր՜, տե՜ս, թէ ովքե՞ր են տէրերդ, ԵՐԿԻՐ» Երէկ՝ ՀՀ ԱԺ-ում ՔՊ-ական բարքերի հրավառութիւն էր
«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԱԺ-ում քննարկւել է «Հայաստանի Հանրապետութիւնում 2019-2024 թթ. ընթացքում յանցաւորութեան վիճակի, կառուցւածքի, դինամիկայի, հաշւառման, բացայայտման հետ կապւած հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդիւնքներ» թեման:
Այս կապակցութեամբ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քննարկման ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան որոշ պատգամաւորների եւ ՀՀ Քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանի միջեւ տեղի ունեցած միջադէպին եւ դրա ընթացքում օգտագործւած փողոցային բառապաշարին:
«ԱԺ-ում ՔՊ-ական բարքերի հրավառութիւն էր այսօր. ամենաթողութեան, ցինիզմի, պետական, մարդկային եւ բարոյական ինստիտուտների վախճանը հաստատող, ուսադիրների եւ մանդատի պատիւը՝ գետնաքարշ դարձնող…
Եւ այս ամէնը պառլամենտական երկրի գլխաւոր հարթակում, անթաքոյց եւ անսքող…
Գլորւելդ յատակ չունի. ԵՐԿԻ՜Ր…
Ու սնափառութեան պանթէոնից ՄԷԿ-ը յայտարարում է «էս երկրի երեսին մէկը չկայ, ով կը կարողանայ…»:
Զարթնիր՜, տե՜ս, թէ ովքե՞ր են տէրերդ, ԵՐԿԻՐ!!!!»,- գրել է նա:
Նշենք, որ քննարկման ընթացքում վէճ է ծագել մի կողմից ՔՊ-ական պատգամաւորներ Յովիկ Աղազարեանի եւ Անդրանիկ Քոչարեանի, միւս կողմից՝ ՀՀ Քննչական կոմիտէի նախագահ Արգիշտի Քեարամեանի միջեւ:
Վէճի ընթացքում Աղազրեանը «արա»-ով է դիմել Քեարամեանին, ինչին վերջինս արձագանգել է. «Ոտքից գլուխ «արա» ես»:
Աղազարեանն ու Քեարամեանը նստած են եղել կողք կողքի եւ մթնոլորտն այնքան է շիկացել, որ հնչել են փոխադարձ վիրաւորանքներ եւ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտէի նախագահ Սասուն Խաչատրեանը ստիպւած է եղել մօտենալ ու հեռու տանել Քեարամեանին, որ բանը չհասնի բռունցքների: