ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Լիբանանում լարւածութիւնը հասել է գագաթնակէտին, ապահով ապաստարանների մասին խօսք լինել չի կարող

Լիբանանում վիճակն աւելի վատթարացած է, Իսրայէլը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնայ՝ առանց թիրախները տարբերակելու։ «Փաստինֆօ»-ին ասաց Միջին արեւելեքի Հայ Դատի յանձնախմբի պատասխանատու Վերա Յակուբեանը՝ նշելով, որ իրավիճակը սրւել է յատկապէս Լիբանանի պատասխան գործողութիւններից յետոյ, որի արդիւնքում մեծ վնասներ են հասցւել Իսրայէլի բնակեցւած տարածքներին ու զինւորական կենտրոններին։

«Իսրայէլը սպառնացել է, որ գալիք օրերին Լիբանանը ռմբակոծելու է անխնայ՝ առանց հաշւարկելու, թիրախները տարբերակելու, ներառեալ՝ Բէյրութը»,- ընդգծեց Վերա Յակուբեանը՝ աւելացնելով, որ չգիտեն, թէ կոնկրետ ինչի պատրաստւեն։

«Համայնքի պատկան մարմինները, ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն զգօն վիճակի մէջ են, պատրաստ պէտք է լինեն՝ համայնքի անդամների խնդիրները լուծելուն, բայց կանխատեսել, թէ կոնկրետ ինչ կը պատահի, դէպքերն ինչպէս կը զարգանան, չենք կարող»,- ասաց Վերա Յակուբեանը։

«Փաստինֆօ»-ի հարցին՝ արդեօ՞ք ռմբակոծութիւններից պաշտպանւելու համար հայերի շէնքերն ունեն ապաստարաններ, Յակուբեանն ասաց, որ չկան ապահով ապաստարաններ, անգամ, եթէ լինէին, այժմեան ռումբերը մինչեւ շէնքերի հիմքերը հասնում են, օգուտ չի լինելու։

«Գալիք ժամերին, օրերին յայտնի կը դառնայ ընթացքն, իսկ այս պահին բնականոն է, քաղաքի մէջ շարժ կայ, մարտերը շարունակւում են հարաւի սահմաններին, Իսրայէլը երբեմն ռմբակոծում է այն շրջանները, որտեղ կասկած է ունենում, որ «Հեզբօլլահ»-ի ղեկավարներ կան։

Վ. Յակուբեանը բնակւում է, ինչպէս ինքը բնորոշեց Բէյրութի սրտում, եւ պատերազմը դեռ չի զգացել, բայց մարդկանց մօտ լարւած վիճակ է։ Իսկ փախստականներն ամենուր են, որտեղ համեմատաբար դեռ հանգիստ է, այդ թւում՝ հայկական շրջաններում, քրիստոնէական այլ շրջաններում մեծ թւով փախստականներ են հաւաքւել ու շարունակաբար գալիս են։

«Ընդհանուր չեմ կարող ասել երկիրը լքելու տրամադրութիւններ կա՞ն հայերի մօտ թէ ոչ, բայց թռիչքներ կան, եթէ ցանկացող լինի, ապա կարող է թռչել։ Հաւաքական իմաստով տրամադրութիւններ, կազմակերպւած աշխատանք՝ տարհանման համար չկայ։ ՀՀ ԱԳՆ-ի ու համայնքային կառոյցների միջեւ կապ կայ, բայց մէկ հարց է մի քանի 100 ՀՀ քաղաքացիների տարհանելը, մէկ այլ հարց՝ մի ողջ գաղութի գնալը։ Տրամաբանական չէ գաղութը լքելը, մարդիկ չեն կարող իրենց տները լքել, գնալ»,- ասաց Վերա Յակուբեանը։

Related Articles

Back to top button