Հայաստան - Արցախ

Ն. Չերնիշեւսկու նմանութեամբ

Կարծես թէ նորից Հայաստանի քաղաքական օրակարգում է յայտնւել արտահերթ ընտրութիւնների անցկացման հարցը։ Առաջին հայեացքից, այն կարող է տրամաբանական թւալ։ Ունենք մի կողմից խաղաղութեան անւան տակ, հերթական նւաստացուցիչ կապիտուլիացիոն փաստաթուղթ ստորագրելուն պատրաստ իշխանութիւն, միւս կողմից՝ տարբեր ձեւաչափերով իշխանափոխութիւնը ձախողած ընդդիմութիւն։ Իշխանութիւնը կամ արտահերթ ընտրութիւններ կը գնայ մինչեւ «խաղաղութեան» փաստաթղթի ստորագրելը, կամ դրանից յետոյ՝ կախւած Ադրբեջանի նախագահի քմահաճոյքներից։ Երկու դէպքում էլ, ինչպէս 2021թ. պարտութիւնից յետոյ, իշխանութեանը անհրաժեշտ կը լինի «ստանալ ժողովրդի վստահութիւնը»։ Ինչ վերաբերում է ընդդիմութեանը, ապա հարց է առաջանում. ո՞ր ընդդիմութիւնը։ Արձանագրենք, որ Հայաստանում գրանցւած են աւելի քան 100 կուսակցութիւններ, բարձրակոչ անուններով՝ պատրաստ լինելով փրկել մեզ բոլորիս։ Բնականաբար, այդ կուսակցութիւն կոչւածներից շատերը կը մասնակցեն ընտրութիւններին՝ տարբեր տիպի դաշինքներ կազմելով։ Ընթերցողներից ոմանք կը տարակուսեն, չէ՞ որ այդ կուսակցութիւններից շատերն իրենցից միայն կուսակցութեան նախագահ եւ կնիք են ներկայացնում, ուրիշ ոչինչ։ Կարելի է համաձայնւել, եթէ անցեալ տարւայ սեպտեմբերին Երեւանի աւագանու ընտրութիւններում յաջողութիւններ չգրանցէին «Հանրապետութիւն», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» կուսակցութիւն կոչւածները։ Յիշեցնեմ, որ Հայաստանում ընտրութիւններում հասնել յաջողութեան, նշանակում է ոչ թէ յաղթել, այլ դառնալ խորհրդարանական կամ աւագանու ընդդիմադիր խմբակցութիւն։

Թէ ինչպիսին է զուտ հայկական ժողովրդավարութիւնը, այդ մասին իմ կարծիքը գրել եմ 2018 թւականին. «Հայկական ժողովրդավարութիւն. ցնո՞րք, թէ՞ իրականութիւն» յօդւածում։

Անձամբ ես, միամտութիւն ունեցայ եւ տրւելով գործընկերներիս յորդորներին, որպէս պատգամաւորի թեկնածու մասնակցեցի 1999 թւականի խորհրդարանական ընտրութիւններին։ Տեսնելով, թէ ինչպէս անցան ընտրութիւնները, որոշեցի որեւէ կերպ, ոչ որպէս թեկնածու, ոչ որպէս ընտրող, այլեւս չմասնակցել հայաստանեան ընտրութիւններին։

Իմ ուխտի պատճառով հրաժարւել եմ իմ բարեկամ Րաֆֆի Յովհաննիսեանի առաջարկներից երկու անգամ՝ 2007 եւ 2012 թթ. «Ժառանգութեան» ցուցակով պատգամաւոր դառնալու գայթակղութիւնից։ Որպէս ընտրող, կամ չեմ գնացել տեղամաս, կամ վերցրել եւ փչացրել եմ քւէաթերթիկը։

Պէտք է խոստովանեմ, որ մէկ անգամ խախտել եմ ինքս ինձ տւած խոստումս։ Իմանալով հանդերձ, որ ընտրութիւնները կեղծւելու են, 2021 թւականին, առանձնապէս հիացած չլինելով «Հայաստան» դաշինքով, քւէարկեցի նրա օգտին, յոյս ունենալով, որ դաշինքը կը լինի վճռական եւ յետընտրական ընվզումով, կը հեռացնի ազգադաւ իշխանութեանը։ Սակայն, պարզւեց, որ սխալւել էի եւ պէտք է հաւատարիմ մնայի իմ իսկ ուխտին։

Հարց է առաջանում, արդեօ՞ք միայն Հայաստանին է բնորոշ նման «ժողովրդավարութիւնը»։

Փորձենք դիտարկել, թէ այլ երկրներում ինչպիսին են ընտրութիւնները։ Սկսենք ժողովրդավարութեան աւանդոյթներ ունեցող Եւրոպայից։ Բախտ եմ ունեցել 2005 թւականին, որպէս դիտորդ ներկայ լինել Նորւեգիայի պառլամենտական ընտրութիւններին։ Անկեղծ եմ ասում՝ ցնցւած էի նման ընտրութիւններից։ Ի՜նչ թափանցիկ արկղեր, վստահւած անձեր։ Որպէս քւէատուփեր օգտագործւում էին նոյնիսկ 1812 թւականի Նորւեգիայի պատմութեան մէջ առաջին պառլամենտական ընտրութիւնների ժամանակ օգտագործւած արկղերը։ Որեւէ նորւեգացու մտքով իսկ չէր անցնում, որ կարող են ընտրութիւնները կեղծւել։ Մինչ ընտրութիւնները, հանդիպեցինք գործող պառլամենտի տարբեր խմբակցութիւնների պատգամաւորների հետ։ Նրանցից ոմանք, այդ թւում իշխող խմբակցութիւնից, հրաժարւել էին իրենց կուսակցութեան ցուցակում նորից գրանցւել, բացատրելով, որ յոգնել են պատգամաւորական ամենօրեայ, ծանր աշխատանքից եւ գերադասում են վերադառնալ իրենց մասնագիտութեանը։ Այսինքն, Նորւեգիայում պատգամաւոր լինելն արտօնութիւն, պարգեւավճարներ, ծառայողական մեքենաներ չեն, այլ ամենօրեայ աշխատանք։

Կարծում եմ, մի փոքր տարբերութիւններով, նման պատկեր է նաեւ, այլ արեւմտաեւրոպական երկրներում։

Դիտարկենք նախկին ԽՍՀՄ հանրապետութիւնները։ Բարւոք վիճակ որեւէ երկրում առկայ չէ։ Այդ մասին են վկայում Մոլդովայում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Վրաստանում տարբեր տարիներին յետընտրական բողոքները։ Սակայն, բոլոր նշւած երկրներում, ամէն դէպքում, ընտրութիւններով իշխանափոխութիւն տեղի է ունեցել, ի տարբերութիւն Բելառուսիայի եւ Հայաստանի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղ գործում է, իմ համոզմամբ, այլ հոգեբանութիւն։ ԽՍՀՄ տարիներին, միայն 4 տարի ապրել եմ Ռուսաստանում՝ չհաշւած յաճախակի գործուղումները։ Իմ տպաւորութեամբ, Ռուսաստանի բնակչութեան գերակշիռ մասը հպարտ է, որպէս կայսրութեան քաղաքացի, անկախ իր ապրելակերպից, հարբեցող անտունից սկսած, լուրջ գիտնականով վերջացրած։ Յիշում եմ, 1985 թւականին Լենինգրադի երկրաբանական արշաւախմբում երեկոյեան զրուցում էինք քաղաքական թեմաների շուրջ։ Խօսք գնաց 1917 թւականի յեղափոխութեան եւ նրա վնասների մասին։ Զրուցակիցներից Վոլոդեան ասաց.

-Պէտք էր կանգ առնել փետրւարեան յեղափոխութեամբ։ Հոկտեմբերեան յեղափոխութեան պատճառով, կորցրեցինք Լեհաստանն ու Ֆինլանդիան։

Եւ բոլորը գլխով հաւանութիւն տւեցին։

Իհարկէ, Ռուսաստանում առկայ է նաեւ ազատական գաղափարներով ապրող եւ պայքարող մտաւորական խաւ, բայց նրանք միշտ եղել են փոքրամասնութիւն։

Ուղղակի 90-ականներին, կոմունիստներ Գորբաչովի ու Ելցինի արհեստականօրէն վարած ազատական քաղաքականութիւնը, ազատական մտածողութեամբ խաւին արտայայտւելու հնարաւորութիւն տւեց, որը խաբուսիկ էր։ Կարծում եմ, որ Ռուսաստանում նախագահական ընտրութիւնները կեղծւեցին 1996 թւականին, երբ Ռուսաստանի ժողովուրդն իրականում ընտրեց կայսերական գաղափարների թեկնածու, կոմկուսի առաջնորդ Զիւգանովին։

Այնպէս որ, չեմ կարծում, թէ Ռուսաստանում 2024 թւականին սպասւելիք ընտրութիւնները կեղծելու անհրաժեշտութիւն կառաջանայ։ Ուղղակի, կայսերապաշտ, մեծամասնութիւն կազմող քաղաքացիները կը քւէարկեն Վ. Պուտինի օգտին։ Ի դէպ, Ռուսաստանի պետական Դումայում ներկայացւած բոլոր խմբակցութիւնները նոյնպէս կայսերապաշտ են։

Ինչ վերաբերում է Բելոռուսիային, ապա այնտեղ, իհարկէ ընտրութիւնները կեղծւում են, բայց եւ Բելոռուսիայի ղեկավար Լուկաշենկօն, ձեւեր չի թափում՝ Եւրոպայի խորհուրդ, կոնւենցիա եւ այլն։ Բացի այդ Բելոռուսիան, ի տարբերութիւն Հայաստանի, պետութիւն է, իր եւ որակեալ գիւղատնտեսութեամբ եւ որակեալ արդիւնաբերութեամբ, այդ թւում՝ ռազմական։

Այլ է պատկերը Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այդ երկրներում կամ դրանց տարածքներում աւանդաբար եղել են տէր եւ հպատակ յարաբերութիւններ։ Խորհրդային տարիներին, այդ յարաբերութիւնները մի փոքր մեղմացան, բայց չվերացան։ Յիշում եմ, թէ ինչպէս Արցախում, մեզ՝ Լենինգրադի երկրաբանական արշաւախմբի անդամներին, իրեն եւ իր երկու աշխատողներին էր ներկայացնում Ադրբեջանի Ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի արշաւախմբի ղեկավարը.

-Ես երկրաբանա-հանքաբանական գիտութիւնների դոկտոր Հասան Նասիբովիչ Բագիրովն եմ, 5 մենագրութիւնների, 45 յօդւածների հեղինակ, նա Զարդուշտ Իբրահիմովն է, գիտութիւնների թեկնածու, յօդւածների հեղինակ, իսկ նա լաբորանտ է (իրական անունները չեմ յիշում)։

Մէկ այլ դրւագ էլ յիշում եմ կապւած, Լենինգրադի հանրակացարանի իմ ընկեր ուզբեկ, բուխարացի Բորեայից։ Մի օր, գիշերւայ ժամը 2-ին սենեակիս դուռը ուժգին թակեցին։ Պարզւեց Բորեան էր, որ ցանկանում էր իր տպաւորութիւններն ինձ հաղորդել։ Վեր կացայ, հագնւեցի, լոյսը վառեցի, դուռը բացեցի։ Բորեան մտաւ, նստեց եւ անհամբերութեամբ սկսեց.

-Աւետիք, պարզապէս չես պատկերացնի, թէ ինչ է կատարւել։ Գնացել էի ղեկավարիս ամառանոցը փլաւ պատրաստելու հիւրերի համար։ Երբ փլաւը պատրաստ էր եւ արդէն պէտք է վերադառնայի, ղեկավարս եւ հիւրերը խնդրեցին, համոզեցին, որ իրենց հետ երեկոն անցկացնեմ։ Եւ պատկերացնո՞ւմ ես, 4 հոգի, մէկն ակադեմիկոս, միւս երեքը դոկտորներ եւ ինձ հետ խօսում, խմում, ուտում էին որպէս հաւասարը հաւասարի հետ, երբ կարող էին ոտքով հարւածել եւ դուրս քշել։

ԽՍՀՄ փլուզումից յետոյ, ինչպէս Կովկասի թաթարներն (ադրբեջանցիները), այնպէս էլ Կենտրոնական Ասիայի ժողովուրդները վերադարձան իրենց դարաւոր՝ տէր-հպատակ յարաբերութիւններին։ Այնպէս որ, այդ երկրներում, նոյնպէս ընտրակեղծիքների անհրաժեշտութիւն չկայ, քանի որ ժողովուրդ-հպատակը միշտ քւէարկում է տէր-իշխանութեան օգտին։ Մի փոքր տարբեր են Ղազախստանի եւ Կիացիզստանի հասարակութիւնները։ Նշւած երկրներում, աւանդաբար գործում են տարբեր ցեղակլանային միաւորումներ, Ղազախստանում դրանք կոչւում են «ջուզեր»։ Ինչ նկատի ունեմ։ Այդ երկրներում, երկրի նախագահը պէտք է կարողանայ միաւորել եւ բաւարարել բոլոր ցեղակլանային միաւորումների պահանջները։ Պատահական չէին Կիրգիզստանում յեղափոխութեան անւան տակ, տեղի ունեցած կլանների ապստամբութիւնները, որոնք ժողովրդավարութեան հետ ոչ մի կապ չունէին։ Ղազախստանում, ջուզերի միջեւ համերաշխութեան բանալին գտել էր նախկին նախագահ Նազարբայեւը։ Իմ կարծիքով, 2022 թւականի յունւարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձութիւնները, հէնց ջուզերի միջեւ անհամաձայնութիւնների արդիւնք էր։

Այսպիսով, իրական ժողովրդավարութիւնը բնորոշ է Եւրոպային, այն էլ կարծում եմ միայն հիւսիսային եւ արեւմտեան եւրոպական երկրներին։ Միւս բոլոր երկրները այդ մոդայիկ «ժողովրդավարութիւնը» յարմարեցրել են իրենց ազգին բնորոշ սովորութիւններին եւ իրականում չեն կեղծում դրանք։

Վերադառնանք Հայաստան։ Ինչպէս նշեցի, ի տարբերութիւն Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանում դեռեւս ընտրութիւններով իշխանափոխութիւն չի եղել։ Հայ ժողովուրդը կայսերապաշտ չի, ինչպէս ռուսները, ոչ էլ դարաւոր տէր-հպատակ-ցեղային յարաբերութիւններ կրող ժողովուրդ է։

Հայաստանում, ի տարբերութիւն վերը նշւած բոլոր երկրների, սկսած եւրոպական Նորւեգիայից եւ վերջացրած կենտրոնական-ասիական Ուզբեկստանով, բոլոր ընտրութիւնները կեղծւում են։ Եւ կեղծւում են, ոչ թէ յանուն ինչ-ինչ վեհ գաղափարների, այլ միայն ու միայն յանուն իշխանական վայելքների։ Ներեցէք, մենք էլ մեր հերթին ենք ժողովրդավարութիւնը յարմարեցրել մեր աւանդական սովորութիւններին՝ եթէ քեզ պէտք է կեղծի՛ր, խաբի՛ր:

Այս տեսակէտից, ամենաանկեղծ խոստովանութիւնը արեց քպ-ական իմաստուն գործիչ Լենա Նազարեանը, որ իրենք նւիրեալներ չեն եւ պէտք է յաւելավճարներ ստանան։

Ցաւօք, այս հոգեբանութիւնն է տիրում հայ ժողովրդի մեծամասնութեան մէջ։ Եւ ընդհանրապէս, ոչ միայն իշխանութիւնն է վայելք, այլեւ ընդդիմադիր պատգամաւոր լինելը։ Ընդդիմադիր պատգամաւորը նոյնպէս օգտւում է իշխանական վայելքներից, խմբակցութեան ղեկավարը՝ ծառայողական մեքենայ, պատգամաւորները՝ աշխատասենեակ, օգնական, բարձր աշխատավարձ, պարգեւավճարներ, 250000 դրամ «ջեբի փող», արտասահմանեան գործուղումներ, ընդունելութիւններ եւ այլն։ Այդ է պատճառը, որ այս գործիչը երէկ «ՕՐՕ» դաշինքում էր, այսօր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցութեան անդամ է, մէկ ուրիշը՝ քպ-ական պատգամաւոր, երրորդը՝ ԲԴԽ նախագահ։ Կամ, չդառնալով պատգամաւոր, նոյն «ՕՐՕ» դաշինքի անդամ, ընդդիմադիր թունդ գործիչ, «ազգի նւիրեալը»… արտագաղթում է Կանադա։ Որքան անգամ եմ լսել ընդդիմադիր ճանաչւած գործիչներից, որ եթէ իրենց թեկնածուն չյաղթի, կամ ինքը չդառնայ պատգամաւոր՝ ստիպւած կարտագաղթի։ Այսինքն, Հայաստանում քաղաքականութեամբ զբաղւելը, ոչ թէ ինչ-ինչ գաղափարների իրականացման, պետութեան կառուցման ու ամրապնդման, չասենք նւիրումի, այլ ընդամէնը ընտանիք պահելու եւ վայելքների համար է։ Չէ՞ք կարծում, որ այդ է պատճառը, որ Հայաստանում գրանցւած են 100-ից աւելի կուսակցութիւններ։ Ամէն մարդ-կուսակցութիւն մտածում է, այ այս ընտրութիւններին «Մուտք» դաշինքի մէջ կը մտնեմ այս եւ այս մարդ-կուսակցութիւնների հետ ու մէկ էլ տեսար դարձայ պատգամաւոր ու էլ ինչ աշխատանք, ինչ բան։ Պատահական չի, որ արտահերթ ընտրութիւնների կողմնակից են հիմնականում արտախորհրդարանական կուսակցութիւնները։ Չեմ կարծում, որ Հայաստանում գոյութիւն ունի որեւէ լուրջ քաղաքական գործիչ, ով հաւատում է, թէ ընտրութիւններով հնարաւոր է իրականացնել իշխանափոխութիւն։ Եթէ կայ, ապա նրա ինչպէս քաղաքական գործչի, այնպէս էլ զուտ մարդկային մտքի հասունութեան վրայ խիստ կասկածում եմ։ Աւելին, նոյնիսկ նախկին երեք նախագահների օրօք, քիչ հաւանական է, բայց տեսականօրէն գուցէ հնարաւոր լինէր ընտրութիւններով իշխանափոխութիւն իրականացնել, քանի որ նրանք երեքն էլ, այսպէս ասած, կարմիր գծեր ունէին։ Իսկ այսօրւայ Հայաստանի վարչապետ կոչեցեա՞լը։ Նա ստերով եւ կեղծիքներով կարողացաւ հասնել իշխանութեան, յանուն իր իշխանական վայելքների յանձնեց ու հայաթափեց Արցախը։ Յանուն իր իշխանութեան, նա պատրաստ է զոհաբերել նաեւ Հայաստանը՝ մաս առ մաս։ Այս իշխանութեան պարագայում ասել, թէ ընտրութիւններով հնարաւոր է իրականացնել իշխանափոխութիւն, կամ անմեղսունակութիւն է, կամ դաւադրութեանը մասնակից լինել, կամ զուտ անձնական շահերով շարժւել։ Եթէ վարչապետ կոչեցեալը չի հանդուրժում նոյնիսկ մի ԲՈՒՀ-ի, թատրոնի իրեն ոչ հպատակ ղեկավարին, ի՞նչ էք կարծում, նա ընտրութիւնների միջոցով կը յանձնի՞ իր անսահմանափակ իշխանութիւնը։ Եւ ինչպէս, 2021 թւականին ընդդիմութիւնը մասնակցելով ընտրութիւններին լեգիտիմացրեց 2020 թւականի պարտութիւնը, այնպէս էլ առաջիկայում սպասւելիք արտահերթ ընտրութիւններին մասնակցութիւնը կը լեգիտիմացնի արդէն ստորագրւած, կամ սպասւելիք հերթական կապիտուլիացիոն «խաղաղութեան» փաստաթուղթը։

Եթէ հաշւի առնենք նաեւ այն հանգամանքը, որ վարչապետ կոչեցեալը կատարում է հաւաքական արեւմուտքի աշխարհաքաղաքական բոլոր պատւէրները, որը եւ արտայայտւում է նրանց կողմից քաղբանտարկեալներով լեցուն Հայաստանը համարել ժողովրդավարական, ապա ինչպէս 2021 թւականի, այնպէս էլ հերթական արտահերթ ընտրութիւնները կը համարւեն ազատ, արդար եւ թափանցիկ։

Այս ամենից յետոյ հարց է առաջանում. «Ի՞նչ անել»։ Չյաւակնելով Ն. Չերնիշեւսկու դափնիներին, փորձեմ ներկայացնել իմ կարծիքը։

1. Այս իշխանութեան ամէն օրը, Հայաստանի տարածքային որոշակի կորուստ է նշանակում։ Ամբողջական պատկերը՝ 8 գիւղեր եւ այլ տարածքներ, կը բացայայտւեն «խաղաղութեան պայմանագրի» ժամանակ։

2. Հայաստանում արդարացւած կը լինի ցանկացած ձեւով իշխանափոխութիւնը, որը հետագայում կորակւի, որպէս՝ սահմանադրական։

3. Հայաստանում, սկսած 1919 թւականից ընրութիւնների միջոցով իշխանութիւնը չի փոխւել եւ առաւել եւս, այս իշխանութեան ժամանակ չի էլ փոխւի։

4. Ընդդիմութիւնը պէտք է միաւորւի մէկ ընդհանուր գաղափարի՝ ազգադաւ իշխանութեանը հեռացնելու շուրջ։ Լինի վճռական եւ հետեւողական, մի կողմ դնելով անձնական եւ կուսակցական յաւակնութիւնները։

5. Այսօրւայ խորհրդարանական ընդդիմութիւնը պէտք է դադարի կառուցողական լինելուց։ Նա պէտք է բոյկոտի, հարամ անի եւ նիստերը եւ քւէարկութիւնները, առաւել եւս հարց ու պատասխանները։ Պէտք է հրաժարւի պարգեւավճարներից, «ջեբի փողից», գործուղումներից։ Պայքարի ելած ընդհանուր ընդդիմադիր ճակատի հետ համաձայնեցւած, յարմար պահի վայր դնի մանդատները։

6. Այնուամենայնիւ, եթէ յայտարարւեն արտահերթ ընտրութիւններ, ապա մասնակցել միմիայն մէկ պայմանով՝ իրական ընդդիմութեան ընդհանուր ցուցակ, յետընտրական ապստամբութեան նպատակով։ Հակառակ դէպքում, ցանկացած այլ ձեւաչափով մասնակցութիւն, նշանակում է «մուրճի» հերթական հարւած ստանալ եւ լեգիտիմացնել հերթական կապիտուլիացիան։

Ամփոփում.

Եթէ, հնարաւոր լինի հեռացնել այսօրւայ ազգադաւ իշխանութեանը, ապա նոր իշխանութիւնների ուսերին ահռելի պատասխանատւութիւն է դրւում։ Չի կարող լինել որեւէ արդարացում, մեղմացուցիչ հանգամանք, եթէ ինչ-ինչ հարցերում ձախողւեն։ Նոր իշխանութիւնները պէտք է իրականացնեն հետեւեալ քայլերը.

1. Համախմբել ողջ հայկական մասնագիտականներուժը՝ Հայաստան եւ Սփիւռք։

2. Շտապ կարգով վերականգնել բանակը եւ դուրս վռնդել թշնամուն Հայաստանի տարածքից։

3. Վերականգնել դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի հետ։ Սերտ դաշնակցային յարաբերութիւններ հաստատել Իրանի հետ։ Հաստատել փոխադարձ վստահութեան յարաբերութիւններ ԵՄ եւ ԱՄՆ-ի հետ։

4. Ստեղծել պատմաբաններից, իրաւաբաններից, տնտեսագէտներից եւ այլ մասնագէտներից բաղկացած խորհուրդ, որը կը մշակի հայոց պետականութեան գաղափարական եւ զարգացման հայեցակարգը։

5. Հրաժարւել իշխանական արտօնութիւններից, չտեղափոխւել ապրելու, այն է՝ վայելելու կառավարական առանձնատները։ Հակառակ դէպքում, մենք դատապարտւած կը լինենք, ինչ-որ ժամանակ անց, նորից ունենալ այսօրւայ իշխանութեան նմանակը։

Իմ կարծիքով, միայն այս կէտերի իրագործման դէպքում է հնարաւոր յետ բերել Արցախը եւ հինաւուրց Հայոց Շուշի բերդաքաղաքի վրայ ծածանել Հայոց Եռագոյնը։

Հակառակ դէպքում, ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետութեան կործանման համար, ինչպէս բազմիցս եմ նշել՝ մեղաւոր կը լինենք բոլորս՝ իշխանութիւն, ընդդիմութիւն, հասարակութիւն, ժողովուրդ:

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button