Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան եւ Ադրբեջանը նոր թափով են բարձրացնում միջանցքի հարցը․ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխւել հարցի շուրջ

Չնայած Ադրբեջանի պաշտօնատար անձինք ժամանակ առ ժամանակ պնդում են, թէ ՀՀ ինքնիշխան տարածքն իրենց «հետաքրքիր» չէ եւ, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ին համարժէք նոր երթուղի են փորձում կառուցել Իրանի տարածքով, Ադրբեջանի պաշտօնատար անձանց յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Ադրբեջանը չի հրաժարւել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարից։

Գերմանական Berliner Zeitung-ին տւած հարցազրոյցում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմէթ Հաջիեւը պնդել է, թէ Հայաստանը պէտք է Նախիջեւանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողութեան, քանի որ, իբրեւ թէ Երեւանը նման պարտաւորութիւն է ստանձնել 44-օրեայ պատերազմից յետոյ ստորագրւած եռակողմ յայտարարութեամբ։

«Հայաստանը պարտաւորւել է անխոչընդոտ կապ երաշխաւորել Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ, Ադրբեջանի նախագահն այդ դրոյթին է յղում անում»,- ասել է նա։

Հաջիեւի խօսքով, Հայաստանը պէտք է հրաժարւի սահմանային ու մաքսային վերահսկողութիւնից։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաեւ ասել է, թէ իրենք ակնկալում են սահմանային ու մաքսային վերահսկողութեան չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջեւան տեղափոխւող բեռների համար։ Նա, մասնաւորապէս, նշել է, թէ Ադրբեջանը չի վստահում հայ իրաւապահներին։ «Մեր մտահոգութիւնն այն է, որ չենք կարող ադրբեջանական ապրանքները, մեր ուղեւորներին թողնել հայ իրաւապահների քմահաճոյքին։ Հայաստանով երթուղին Երեւանի պարտաւորութիւնն է, որը նրանք պէտք է իրագործեն»,- ասել է Հաջիեւը։

Իր հերթին՝ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Աբդուլղադեր Ուրալօղլուն յայտարարել է, թէ Թուրքիան ակնկալում է, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման նախագիծն իրականացնել մինչեւ 2029 թւականը։

««Զանգեզուրի միջանցք»-ի ադրբեջանական հատւածի՝ սկսած Բաքւից մինչեւ Հորադիզ, կառուցումը մօտենում է աւարտին։ Միջանցքի թուրքական հատւածի երկարութիւնը կազմում է 224 կմ.: Ընդհանուր առմամբ, այս միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կը տեւի հինգ տարի։ Կարծում եմ, որ 2028 թւականին մենք ամբողջութեամբ կաւարտենք բոլոր աշխատանքները»,- թուրքական tvnet հեռուստաալիքին տւած հարցազրոյցում ասել է Ուրալօղլուն։

Նա յաւելել է, որ Հորադիզից Օրդուբադ (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն) հատւածում շինարարական աշխատանքները շարունակւում են՝ բացառութեամբ Հայաստանի տարածքով անցնող հատւածի։

«Կը պահանջւի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Թուրքիայի հետ կապող գոյութիւն ունեցող մօտ 100 կմ. երկարութեամբ ճանապարհի վերակառուցումը, որի շարունակութիւնը կը լինի Իգդիր-Կարս երկաթգիծը»,- ասել է Ուրալօղլուն։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած Երեւանի դիրքորոշմանը, նախարարն ընդգծել է, որ երբ առաջին անգամ նման նախաձեռնութիւն է արւել, հայկական կողմը բացասաբար է արձագանգել՝ չնայած այն հանգամանքին, որ խօսւել է նաեւ «Հայաստանի համար այս ծրագրի օգուտների» մասին։

«Սակայն վերջերս Փաշինեանի կողմից դրական ուղերձներ են հնչել այս միջանցքի վերաբերեալ. «Զանգեզուրի միջանցք»-ի հայկական հատւածի երկարութիւնը մօտ 43 կմ. է։ Նրանք պէտք է ձեռնարկեն պլանաւորում եւ մրցոյթներ, որպէսզի միջանցքն ամբողջութեամբ աւարտւած համարւի: Այսպիսով, Թուրքիան ուղիղ եւ հեշտ մուտք կը ստանայ դէպի թուրքական աշխարհի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասել է նա։

Թուրք նախարարը նաեւ նշել է, որ Իրանն իր հերթին՝ հանդէս է եկել ճանապարհի կառուցման նախաձեռնութեամբ, որի արդիւնքում Ադրբեջանը Թուրքիայի հետ կը կապւի Իրանի տարածքով՝ շրջանցելով Հայաստանը:

«Մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը, սակայն դէմ չենք, որ Իրանը նոյնպէս իր տարածքով դառնայ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ այս կապի մաս: Իրանական կողմի հետ բանակցութիւններն ու հանդիպումները շարունակւում են։ Այս նախագիծն իր ժամանակին իրագործւելու է»,- ասել է Ուրալօղլուն։

168am-ի հետ զրոյցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իրականում այս յայտարարութիւնները ցոյց տւեցին, որ Ադրբեջանը չի հրաժարւել հէնց Հայաստանով անցնող այս երթուղու տարբերակից։

Ըստ նրա, ցոյց տւեցին նաեւ գլխաւորը, որ այս հարցի շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուս է փոխւել, այսինքն՝ չի բացառւում, որ կայ աշխարհաքաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ ներկայումս։

«Երեւի թէ հէնց սա է պատճառը, որ Ադրբեջանը նոր թափով ու աւելի մեծ վստահութեամբ է փորձում առաջ մղել այս նախագիծը։ Ցանկանում եմ յիշեցնել, որ նախորդ տարի ինչ-ինչ իրողութիւնների պայմաններում Ադրբեջանը կա՛մ հրաժարւեց, կա՛մ ցոյց տւեց, թէ հրաժարւել է այս պրոյեկտից, փորձելով նոր ճանապարհ կառուցել Իրանի միջոցով։ Ինչպէս յիշում ենք, կողմերը ոգեւորւած յայտարարեցին, որ սկսում են կառուցման աշխատանքները, որ սա «Նախիջեւանի միջանցք» անւանումով յայտնի տարբերակին այլընտրանք կը դառնայ։ Սակայն այսօր պարզւում է, որ չի դառնայ, քանի որ Ադրբեջանում ամէն դէպքում ցանկանում են հայկական տարբերակը»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, պաշտօնական Երեւանից հնչող յայտարարութիւնները հէնց այս պրոյեկտի վերաբերեալ ներկայումս չեն փոխւել, փոխւել է աշխարհաքաղաքական կոնսենսուսը սրա շուրջ, որից Ադրբեջանը, յետպատերազմեան բոլոր պայմանաւորւածութիւնների համաձայն, փորձում է առաւելագոյնը շահել։

Խրամչիխինը յիշեցրեց բաւականին երկար ժամանակ տարւող քարոզչութիւնը, թէ Ռուսաստանը Հայաստանից միջանցք է պահանջում այն դէպքում, երբ ՌԴ պաշտօնեաները յայտարարում էին, որ քննարկումների օրակարգում միջանցքի հարց չկայ։

«Չեմ կարծում, թէ այս հարցում ՌԴ մօտեցումն է փոխւել, գուցէ գործընթացում ներառւած այլ դերակատարների մօտեցո՞ւմն է փոխւել։ Սա չի բացառւում, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցութիւնը պարզապէս քաղաքական գործընթացների նկատմամբ չէ միայն, այլ բոլոր զարգացումների, որոնցում բաւականին էական նշանակութիւն ունեն հէնց տնտեսական երթուղիները, միջանցքները, ճանապարհները։ Այս հարցում, կարծում եմ, գէոպոլիտիկ բոլոր կենտրոններն ունեն իրենց պատկերացումները, շահերն ու սցենարները»,- նշեց Խրամչիխինը։ Նրա խօսքով՝ սա դեռ «խմորւող» գործընթաց է։

«Բաւականին էական ազդեցութիւն են ունենալու Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի դիրքորոշումները։ Երեւանից հնչող յայտարարութիւնները կարեւոր չեն, ընդհանրապէս կարեւոր չեն յայտարարութիւնները, այլ քայլերն ու քաղաքականութիւնը։ Եթէ Երեւանը ցանկանում է ռեգիոնում հայամէտ լուծումներ, պէտք է ունենայ գործընկերային յարաբերութիւններ նախ՝ հէնց Հարաւային Կովկասում, քանի որ միեւնոյն է՝ Արեւմուտքը հեռու է։ Արեւմտեան երկրների ներկայութիւնը Հարաւային Կովկասում կայուն չէ։ ՀՀ արտաքին քաղաքական հաշւարկները հիմնւած են Արեւմուտքից կախւած յոյսերի վրայ։

Ենթադրւում է, որ Արեւմուտքը պէտք է պաշտպանի ՀՀ դիրքորոշումները։ Բայց արդեօք դա տեղի կունենա՞յ, արդեօք Երեւանին հարկաւոր չե՞ն դաշնակցային ու վստահելի յարաբերութիւններ Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնց ձայնը Հարաւային Կովկասում լսելի է։ Երեւանի քաղաքականութիւնից շատ բան է կախւած՝ ազդեցիկ կը լինի՞ Երեւանի դիրքորոշումն այս հարցում, թէ՞ ոչ։ Նախագիծը կայ, Ադրբեջանի ցանկութիւնը՝ ճնշումներով լուծել այս հարցը, կայ, աշխարհաքաղաքական մրցակցութիւնը՝ կայ, Երեւանի կողմից միայն յայտարարութիւնները որեւէ հարց չեն լուծում»,- ասաց նա։

Related Articles

Back to top button