ՄիջազգայինՔաղաքական

ԵԽԽՎ նախագահ. «Մենք չենք վախենում ոչ Իլհամ Ալիեւից, ոչ էլ մէկ ուրիշից, ով իրեն բռնապետի պէս է պահում»

«ԱԼԻՔ»-«Եւրախորհրդի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւնները հաստատում են Վեհաժողովում ադրբեջանական պատւիրակութեանը լիազօրութիւններից զրկելու արդարացիութիւնը»,- ճեպազրոյցի ժամանակ պատասխանելով Alpha News-ի հարցին՝ յայտարարել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թէոդորոս Ռուսոպուլոսը:

«Երկու օր առաջ Ալիեւը իդէալական անգլերէնով յայտարարութիւն արեց։ Պէտք է նշեմ, որ ես լսել եմ՝ դա ուղղւած է ներքին լսարանին։ Ես չգիտեմ, թէ արդեօք անգլերէնը պաշտօնական լեզու է Ադրբեջանում, չեմ հաւատում, որ դա պաշտօնական լեզու է։ Դա աւելի շուտ նախատեսւած էր ոչ թէ ներքին լսարանի, այլ բոլոր, յատկապէս Եւրոպայի խորհրդի համար։

Նա ցինիկ կերպով ասաց, որ ինքը թքած ունի Եւրոպայի խորհրդի վրայ, եւ կարծում է, որ մենք նրա կարիքն աւելի շատ ունենք, քան ինքը՝ մեր, որ աշխարհը փոխւել է։ Նա կեղծ լուրեր է տարածել՝ յայտարարելով, որ Եւրոպայի խորհուրդը որոշել է վիճարկել ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնները Լեռնային Ղարաբաղի եւ իր երկրի յաղթած պատերազմի պատճառով: Սա բացարձակ կեղծիք է, քանի որ մենք խնդրել ենք Ադրբեջանի իշխանութիւններին առաջին հերթին թոյլտւութիւն տալ, որպէսզի մեր զեկուցողները մեկնեն Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղ։ Յետոյ մենք Ադրբեջանի իշխանութիւններին խնդրել ենք մեր դիտորդներին թոյլ տալ հետեւել երկրում տեղի ունեցող ընտրութիւններին։

Մենք նաեւ խնդրել ենք թոյլ տալ զեկուցողներին այցելել Ալիեւի քաղաքական ընդդիմախօսներին, որոնք գտնւում են բանտում։ Ալիեւը, ինչպէս գիտէք, սովորութիւն ունի բանտարկել իր քաղաքական ընդդիմախօսներին։ Եւ նրանք երբեք չեն պատասխանել մեր կոչերին, նրանք միշտ մերժել են մեզ։

Այսպիսով, երկու տարի շարունակ օրէնքի գերակայութիւնը եւ մարդու իրաւունքները յարգելուց հրաժարւելուց յետոյ (թէեւ դա շատ աւելի երկար է շարունակւում), հրաժարւելով կատարել Եւրոպայի խորհրդի պահանջները, Վեհաժողովն արդարացիօրէն որոշեց չվաւերացնել ադրբեջանական պատւիրակութեան լիազօրութիւնները։

Քանի որ Ալիեւը յայտարարել է, որ թքած ունի Եւրոպայի խորհրդի վրայ, սա իր կարծիքն է: Ես չեմ պատրաստւում մեկնաբանել դա: Ես պատրաստւում եմ այս հարցը բարձրացնել յաջորդ չորեքշաբթի դեսպանների, գլխաւոր նախարարի առաջ, ինչպէս նախկինում եմ արել: Ես մեծ ջանքեր եմ գործադրել ադրբեջանցիներին վերադարձնելու համար, խօսել եմ օրէնքի գերակայութեան պահպանման, ժողովրդավարական ընթացակարգերի եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան մասին։ Նրանք դա չարեցին:

Սկզբում նրանք պատասխանեցին, որ միջոցներ կը ձեռնարկեն, ինչը մենք երբեք չտեսանք։ Նրանք ազատ արձակեցին մեկ ձերբակալւածի, բայց յետոյ ձերբակալեցին միւսներին: Այսպիսով, Վեհաժողովը կատարեց իր աշխատանքը: Եւ միանգամայն պարզ է, որ Վեհաժողովն արդարացիօրէն չի վաւերացրել պատւիրակութեան լիազօրութիւնները,եւ դա հաստատւում է այսօր Ալիեւի այս յայտարարութիւններով: Մենք չենք զղջում դրա համար եւ կարծում ենք, որ ճիշտ ենք վարւել»,- նշել է նա։

Խօսելով Ալիեւի՝ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումները կատարելուց հրաժարւելու վերջնագրի մասին, Ռուսոպոլոսը նշել է.

«Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եւրոպայի խորհրդին, Եւրախորհուրդը չի վախենում նման յայտարարութիւններից, քանի որ ԵԽ-ն իր վեհաժողովում ընդունել եւ ընդունում է որոշումներ՝ օրէնքի գերակայութեանը, մարդու իրաւունքներին եւ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան։

Յունւարեան նստաշրջանից յետոյ ես դիմեցի նախարարներին, Նախարարների կոմիտէին, ես յատուկ յիշատակեցի Վրաստանն՝ ասելով, որ սա ակումբ չէ, որտեղ ընտրովի մօտեցումն ընդունելի է, որովհետեւ վաղը, եւ դա հէնց այն է, ինչ ես ասացի դեսպաններին, մենք կարող ենք ունենալ որոշ պետութիւններ, որոնք կը հրաժարւեն Մարդու իրաւունքների դատարանից։ Երեք ամիս էլ չանցած՝ Ալիեւը հաստատեց իմ մտահոգութիւնները։

Փակագծերում դրեք «վախեր» բառը, որովհետեւ մենք ոչնչից չենք վախենում, չենք վախենում Ալիեւից կամ որեւէ մէկից, ով իրեն բռնապետի պէս է պահում։ Այսպիսով, հիմա սա մի հարց է, որը ես յոյս ունեմ, որ Նախարարների կոմիտէն պէտք է որոշի: Վեհաժողովի դիրքորոշումը շատ յստակ է՝ մենք որոշել ենք, որ մեր անդամ երկրներից ոչ մէկը չի կարող ասել, որ ես չեմ յարգում կանոնները, ես կը հրաժարւեմ այդ մարմնից, ինստիտուցիոնալ մարմնից կամ այլ ինստիտուցիոնալ մարմնից»։

Related Articles

Back to top button