Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ամերիկեան 36 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին կոչ են անում ուժեղացնել ճնշումը Ադրբեջանի վրայ՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով

Ամերիկեան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի եւ Քրիս Սմիթի առաջնորդութեամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկօ Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրաւունքների կոպիտ խախտումների համար՝ ներառեալ ռազմագերիների եւ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան անօրինական կալանքների, բռնութիւնների եւ կեղծ դատավարութիւնների համար։ Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպէս պատասխանատւութեան եւ արդարութեան վերականգմանն ուղղւած կարեւոր քայլ։

Այս նախաձեռնութեան առթիւ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է. «Այս երկկուսակցական նամակը, որը նախաձեռնել են Դինա Տայթուսն ու Քրիս Սմիթը, հզօր ուղերձ է առ այն, որ Ամերիկան պէտք է կանգնի արդարութեան եւ պատասխանատւութեան կողմը։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են այս նամակը եւ անյապաղ պահանջում են «Մագնիցկու պատժամիջոցներ»՝ Ադրբեջանի այն պաշտօնեաների նկատմամբ, ովքեր ներգրաււած են պատերազմական յանցագործութիւնների եւ հայ ռազմագերիների ու քաղաքական առաջնորդների անօրինական կալանքների մէջ։ Տարածաշրջանում կայուն խաղաղութեան համար անհրաժեշտ է ազատել անօրինական կերպով պահւող բոլոր հայերին, ադրբեջանական զօրքերը դուրս բերել հայկական տարածքներից եւ, իհարկէ, պաշտպանել Արցախի հայ ժողովրդի իրաւունքը՝ արժանապատւօրէն ու ապահով վերադառնալու իրենց պատմական հայրենիք»։

Նամակում պետդեպարտամենտին կոչ է արւում «անյապաղ պատժամիջոցներ կիրառել «Գլոբալ Մագնիցկու ակտի»՝ մարդու իրաւունքների հաշւետւողականութեան օրէնքի համաձայն, Ադրբեջանի այն պաշտօնեաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի հանդէպ պատերազմական յանցագործութիւնների եւ կոպիտ իրաւախախտումների համար Լեռնային Ղարաբաղում»։

Նամակը ստորագրողներն ընդգծում են, որ «մինչ օրս Ադրբեջանը անօրինական կերպով պահում է առնւազն 23 յայտնի հայ ռազմագերիներ, որոնք գերւել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժամանակ եւ դրանից յետոյ», նախազգուշացնելով, որ «այս քաղաքական պատանդները ենթարկւում են բռնութիւնների եւ նւաստացուցիչ վերաբերմունքի»։

Նրանք ընդգծում են նաեւ ադրբեջանական անպատժելիութեան տարածաշրջանային հետեւանքները՝ գրելով․ «Հայ բարձրաստիճան անձանց կեղծ դատավարութիւնները խաթարում են վստահութեան ձեւաւորման միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կայուն խաղաղութեան համար։ Քաղաքական կալանաւորների եւ ռազմագերիների ազատ արձակումը կարեւոր քայլ է արդար եւ երկարատեւ խաղաղութեան հասնելու համար»։

Նամակի աւարտին կոնգրեսականներն անյապաղ միջոցների ձեռնարկման կոչ են անում. «Մենք հաւատում ենք, որ «Մագնիցկու պատժամիջոցները» կարեւոր գործիք են՝ ռազմագերիների ազատման համար ճնշում գործադրելու եւ Հայաստանի դէմ հետագայ ագրեսիան կանխելու համար»։

Կոնգրեսական Դինա Տայթուսը եղել է ադրբեջանցի պաշտօնեաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում ԱՄՆ առաջնորդութեան կոչերի առաջամարտիկ, իսկ Քրիս Սմիթը, ով հանդիսանում է «Գլոբալ Մագնիցկու ակտի» հեղինակներից մէկը եւ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անւան մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահը, նոյնպէս շարունակաբար հանդէս է եկել հայութեան պաշտպանութեան դիրքերից։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

12 ապրիլ 2025 թ.

Related Articles

Back to top button