Հիջաբի շուրջ վէճը ստւերում է թողնում թուրք-ադրբեջանական «եղբայրութիւնը»
Բաքուն հերքում է Թուրքիայի դրօշի իջեցման միջադէպը

Թուրքական դրօշն Ադրբեջանում իջեցնելու փորձի մասին տարածւող տեղեկութիւնները Թուրքիայի նախագահի աշխատակազմը որակել է ապատեղեկատւութիւն յաւելելով, որ համացանցում շրջանառւող տեսանիւթը հին է, եւ նման միջադէպ տեղի չի ունեցել։ Կենտրոնի պնդմամբ տեսանիւթում պատկերւած դէպքի ժամանակ թուրքական դրօշի նկատմամբ վիրաւորական գործողութիւնների փորձին առաջինն արձագանգել են Ադրբեջանի քաղաքացիները։
Անկարայի այս արձագանգը հնչում է թուրք-ադրբեջանական յարաբերութիւններում վերջին շաբաթներին նկատւող տարաձայնութիւնների ֆոնին, որոնց առանցքում ադրբեջանական դպրոցներում հիջաբի սահմանափակումների հարցն է։
Հարցը բողոքի ալիք է առաջացրել Ադրբեջանում եւ արձագանգ գտել Թուրքիայում, որտեղ Էրդողանի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան ներկայացուցիչներն ու այլ քաղաքական գործիչներ քննադատել են Բաքւի որոշումը։ Բաքւոմ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցութիւնն էլ իր հերթին է թուրք պաշտօնեաներին մեղադրել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու եւ տարաձայնութիւններ հրահրելու մէջ։
Այսպիսով, երկու երկրների ղեկավարների կողմից շարունակաբար ընդգծւող «մէկ ազգ, երկու պետութիւն» սկզբունքը չի վերացնում քաղաքական ու հասարակական տարաձայնութիւնները։ Թուրքական դրօշի մասին տեղեկութիւնների հերքումը եւ բարեկամական կապերը վնասելու փորձերի մասին զգուշացումները հնչում են այն պահին, երբ հիջաբի շուրջ վէճը հրապարակային քննադատութեան առարկայ է դարձել երկու երկրներում, իսկ փոխադարձ մեղադրանքները դուրս են եկել սովորական դիւանագիտական անհամաձայնութեան շրջանակից։



