
Ճրտ. Ալմարա Մելքոմեանը նշանակւել է Իրանի Քրիքէթի ընկերակցութեան միջազգային յարաբերութիւնների յանձնախմբի երեք հոգանոց կազմի անդամ։ Նշանակումը կարող է նոր հնարաւորութիւններ ստեղծել Հայաստանի եւ Իրանի միջեւ մարզական կապերի ամրապնդման, մասնաւորապէս՝ քրիքէթի համատեղ զարգացման ծրագրերի, փորձի փոխանակման եւ մարզական վարժանքների կազմակերպման ուղղութեամբ։
«ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում Ա. Մելքոմեանը նշել է, որ Իրանում առայժմ քրիքէթի ֆեդերացիա չի ստեղծւել բիւջէտային խնդիրների պատճառով։ Նրա համոզմամբ մարզաձեւի տարածումն ու հասարակութեան տարբեր խաւերին հասանելի դարձնելը կարող են նպաստել նաեւ ֆեդերացիայի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների ձեւաւորմանը։
Ա. Մելքոմեանի նշանակման պաշտօնական արարողութեանը ներկայ են եղել Իրանի Իսլամական խորհրդանաի նախագահի յատուկ յանձնակատար եւ Իրանի Քրիքէթի ընկերակցութեան նախագահ դկտր. Մեհդի Մասքանին, միջազգային յանձնախմբի նախագահ դկտր. Մարւին, համալսարանական քրիքէթի ընկերակցութեան նախագահ դկտր. Մանբէյգին, ընկերակցութեան քարտուղար դկտր. Ռաֆիին եւ վարչութեան անդամ Շահրամ Գիլաբադին։



