ՀամայնքՆոր Ջուղա

Կենսագրական հանգուցեալ Վրէժ Շիրւանեանի

Խորը վշտով եւ մեծ ցաւով օրեր առաջ հրաժեշտ տւեցինք մեր համայնքի նւիրեալ եւ վաստակաշատ անդամ Վրէժ Շիրւանեանին։

Նւիրւած ազգայինի, ով տարիներ շարունակ իր գործուն մասնակցութիւնը բերեց մեր համայնքի ղեկավար մարմինների աշխատանքներին եւ իր գիտելիքով, փորձառութեամբ եւ պատասխանատւութեան բարձր զգացումով ծառայեց համայնքի  ազգային հասարակական կեանքին: Նրա համար համայնքային ծառայութիւնը պարզապէս պարտականութիւն չէր, այլ նւիրում եւ կոչում։

Հանգուցեալ Վրէժ Շիրւանեանը ծնւել է 1962 թւականին Նոր Ջուղայում։ Տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցներում։ Իսկ մինչեւ իր հանգստի կոչւելը մասնակցել է Իրանի եւ Հայաստանի վերապատրաստման տարբեր դասընթացներին։

Նա 1988 թւականին ամուսնացել է Հիլդա Քեշիշեանի հետ եւ բախտաւորւել է 1 աղջիկ եւ 1 տղայ զաւակներով։ Ցաւօք 2008 թւականին Արեւմտահայաստանի ճանապարհին պատահած վթարի հետեւանքով կորցրեց իր սիրելի կնոջը։ Այդ կորստի հետ նա չհաշտւեց մինչեւ իր կեանքի վերջը, սակայն տան ամբողջ պատասխանատւութիւնը վերցնելով իր վրայ, կատարեց զոյգ ծնողի դերը իր զաւակների համար։

Սիրելի Վրէժը միշտ ունենալով անսահման սէր կրթական ասպարէզի նկատմամբ 1984 թւականից աշխատանքի է անցել հայոց ազգային դպրոցում նախ որպէս ուսուցիչ, ապա որպէս տնօրէն եւ հանգստի կոչւել 2020 թւականին, երկար տարիների ուսումնական գործունէութիւնից յետոյ։

Նա ուսուցչութիւնը տեսնում էր, ոչ միայն որպէս գիտելիքներ փոխանցելու միջոց, այլեւ մարդ ու հայ կերտելու առաքելութիւն։ Իր աշակերտութեանը նա փոխանցում էր սէր մեր ագզային արժէքների նկատմամբ, միեւնոյն ժամանակ սովորեցնում էր վերլուծելու եւ ճիշտ տրամաբանելու հմտութիւնները։

Մեր սիրելի պրն. Վրէժը տարիներ շարունակ եղել է պայքարի առաջին գծում. երկար տարիներ եղել է Պատգամաւորական ժողովի եւ նրա դիւանի կազմում, անդամակցել է Թեմական եւ Կրթական խորհուրդներին եւ մասնակցել է տարբեր յանձնախմբերի աշխատանքներին, որտեղ յաճախ առաջնորդող դեր է ունեցել:

Դաշնակցութեան գաղափարն ու իդէալներն իր կեանքի ուղեգիծը դարձնելով՝ ընդգրկւել է կուսակցութեան շարքեր եւ որպէս նւիրեալ դաշնակցական, իրականացրել է իրեն վստահւած աշխատանքները։ Նա անդամակցել է կուսակցութեան տարբեր մարմիններին ու յանձնախմբերին եւ անմնացորդ նւիրումով մասնակցել համակուսակցական աշխատանքներին։ Ժամանակին եղել է Դաշնակցութեան շրջանիս կազմակերպութեան Կենտ. կոմիտէի անդամ, որտեղ իր ամբողջ միտքն ու ներուժը ուղորդել է համայն հայութեան վեհ նպատակներին։ Ընկերոջ գրչին են պատկանում քաղաքական իրադարձութիւնների եւ ազգային տօների առնչութեամբ հրապարակւող բազմաթիւ կոչ-յայտարարութիւններ, որտեղ նա իր քաղաքական միտքն ու գրելու տաղանդը օգտւել է՝ յանուն հայ ժողովրդի ընդհանրական շահերի։  Յատկապէս յիշելու արժանի է նրա մտքի յստակութիւնը, լեզւական ճաշակը եւ ասելիքի խորութիւնը։ Նա միշտ համարձակութիւնն ունէր ասելու ճշմարտութիւնը դիպուկ եւ անկեղծ կերպով:

Մեր սիրելի Վրէժի թողած ժառանգութիւնը չափւում է ոչ միայն կատարած աշխատանքով, այլեւ այն մարդկանցով, որոնց կեանքում նա հետք է թողել։ Համայնքը կորցրեց նւիրեալ ծառայողի, դպրոցը՝ իր ժամանակի հոգատար ղեկավարին ու ուսուցչին, իսկ հարազատներն ու ընկերները՝ սիրելի եւ թանկագին մարդուն։

Խոնարհւում ենք նրա վաստակի եւ յիշատակի առջեւ եւ մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին, աշակերտներին եւ ողջ համայնքին։

Հանգչի՛ր յաւիտենական խաղաղութեան ու հանգստի մէջ։

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՒ ՇՐՋԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ

Related Articles

Back to top button