
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան ժամը 8։00-ին, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի բակում, որտեղ համախմբւել էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը, ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, Նոր Ջուղային հայոց ազգային «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների անձնակազմերը, սաներն ու ծնողները, առաջին զանգի ղօղանջով մեկնարկեց 2026-2027 ուսումնական տարեշրջանը։
Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրէն Անահիտ Սարհադեանը, այնուհետեւ օրւայ պարսկերէն խօսքն արտասանեց «Արմէն» տարրական դպրոցի տնօրէն Արսինէ Դաւթեանը, իսկ Կրթական խորհրդի անունից ելոյթ ունեցաւ Ժանետ Բաղումեանը, ովքեր շնորհաւորելով առիթի կապակցութեամբ եւ կարեւորելով կրթութեան ու հայեցի դաստիարակութեան դերը հայոց դպրոցներում, ընդգծեցին հայրենասէր եւ բանիմաց սերունդ դաստիարակելու եւ կրթելու կարեւորութիւնն ու մաղթանքներ ուղղեցին դպրոցականներին եւ ուսուցիչներին՝ նոր ուսումնական տարեշրջանն առաւել եռանդով ու ջանադիր աշխատանքով սկսելու համար։
Ելոյթների շարանում դոկտ. Մանսուրեանը, յիշելով նախորդ ուսումնական տարեշրջանում երկրում տիրող պատերազմական վիճակն ու անմեղ նահատակներին, բարձր գնահատեց հայոց դպրոցների գործունէութիւնը հեռակայ ձեւաչափով դասաւանդման կապակցութեամբ։ Նա աշակերտներին բացատրելով կրթութեան, բազմակողմանի զարգացման եւ մայրենի լեզւի կարեւորութիւնը, կոչ արեց նրանց միայն ու միայն սովորել, որպէսզի ապագայում իրենց ընտանիքների եւ ազգի ու հայրենիքի համար պիտանի մարդ դառնան։
Բացման հանդիսութեան ծրագիրն աւարտւեց Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի խօսքով։ Նա նոյնպէս կարեւորելով կրթութիւնն ու հայեցի դաստիարակութիւնը եւ ուժ ու կորով մաղթելով դպրոցականներին, յորդորեց առաւել ամրացնել հաւատը, քանի որ հաւատի զօրութեամբ կարելի է յաղթահարել բազմաթիւ դժւարութիւններ։ Վերջում քահանայ հօր գլխաւորութեամբ հնչեց միասնական աղօթքը, ապա առաջին զանգի ղօղանջով աշակերտները շտապեցին դասարան։
Այստեղ հիւրերն այցելեցին մի շարք դասարաններ, որտեղ մտերմիկ զրոյցներ ունեցան աշակերտների եւ ուսուցիչների հետ։
Յաջորդիւ պատւիրակութիւնն այցելեց Նոր Ջուղայի հայոց ազգ. Մանկապարտէզ-նախակրթարան, որտեղ սաների եւ նրանց ծնողների ներկայութեամբ նախ բարեմաղթանքներով ու շնորհաւորանքի խօսքերով, ինչպէս նաեւ զարգանալու եւ հայեցի կրթւելու կարեւորութիւնն ընդգծող արտայայտութիւններով հանդէս եկաւ դպրոցի տնօրէն Արփինէ Յովսէփեանը, իսկ օրւայ առթիւ ելոյթ ունեցան Գեղարդ Մանսուրեանն ու Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը։
Պրն. Մանսուրեանն իր մտերմիկ զրոյցի շրջագծում համայնքի կենսունակութեան մակարդակը պահպանելու եւ առաւել բարձրացնելու համար՝ կարեւորեց երեխաների թւի բարձրացումը եւ կոչ արեց որեւէ ջանք չխնայել մատաղ սերնդի դաստիարակութեան ու կրթութեան հարցերում։
Քահանայ հայրն իր խօսքում փոքրիկներին խրատներ տւեց, որ միմեանց նկատմամբ լինել սիրալիր, ուշադիր եւ ժպտերես, լսել դաստիարակներին ու ծնողներին եւ ուշադիր կատարել դպրոցական յանձնարարութիւնները։
Այստեղ նոյնպէս ծրագիրն աւարտւեց աղօթքով ու առաջին զանգի ղօղանջով։
Թղթակից (Նոր Ջուղա)










