
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 26-ը համընկնում է Ս. Գէորգ Զօրավարի տօնին: Տօն, որը Թեհրանի Ս. Գէորգ համանուն եկեղեցում վերածւում է եռօրեայ ուխտի վայրի եւ հսկումի գիշերների:
Տօնի առիթով այսօր՝ սեպտեմբերի 26-ի առաւօտեան Ս. Պատարագ մատուցւեց պատմական եկեղեցու կամարների ներքոյ, եւ օրւայ պատարագիչն էր Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, ներկայ էին քահանայից դասը: Ս. Պատարագի ընթացքում տէր հայրը օրւայ խորհուրդի մասին քարոզեց հաւատացեալների համար: Ապա կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւն եւ միւռոնով օծւած ջուրը բաժանւեց հաւատացեալներին:
Արարողութեանը ներկայ են Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ մեծ թւով հայրենակիցներ։
Եռօրեայ ուխտի օրերին եկեղեցու շրջափակում սիրայօժար աշխատանք են ծաւալում Թեհրանի Հայ Կանանաց Բարեգործական ընկերութեան անդամուհիները նւիրահաւաք կազմակերպելով յօգուտ կարիքաւոր ընտանիքներին:




