Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին, Ս. Գէորգ Եկեղեցում, տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ի առաւօտեան մատուցւեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Գէորգ զօրավարը ծնունդով Կապադովկեացի է։ Մեծացել է քրիստոնեայ ընտանիքում։ Այնուհետեւ զինւորագրւել է հռոմէական բանակում եւ կարճ ժամանակամիջոցում հասել զօրավարի աստիճանի։ Եղել է Դիոկղետիանոս կայսրի սիրւած անձնաւորութիւններից։ Քրիստոնեաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրը խորհրդակցութեան է կանչում իր մեծամեծներին՝ նրանց հաւանութիւնը ստանալու։ Բոլորը հաւանութիւն են տալիս, բացի Գէորգից, որը խստագոյնս քննադատում է կայսրի առաջարկը, եւ որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնեայ լինելը։ Կայսրը բանտարկել է տալիս Գէորգին եւ ենթարկում անլուր չարչարանքների, որոնց եւս համբերում է քաջաբար։ ի վերջոյ, բազմաթիւ ստիպումներից ու յորդորներից յետոյ, Գէորգը տալիս է համաձայնութիւնը՝ այցելելու կուռքերին։ Սակայն նա մեհեանում մի առ մի ջարդում է բոլոր կուռքերը՝ դրանք սուտ եւ սին համարելով։
Ահա յանդուգն արարքի համար, Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիս նրան, 303 թւականին։
Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով եւ Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը, որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով եւ երկիւղածութեամբ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան եւ վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած եւ գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:
Արարողութեանը ներկայ էին Թեմում ծառայող քահանայ հայրերը, սարկաւագաց դասը եւ նկատառելի թւով հաւատացեալներ։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ