Տ. Առաքել աբեղայ Գատեհճեան. «Հերոսը նա է, ով ինքը վտանգի մէջ՝ օգնութեան ձեռք է մեկնում բարեկամին»
«ԱԼԻՔ» – Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդի օգնական Տէր Առաքել աբեղակ Գատեհճեանն չորեքշաբթի՝ մարտի 18-ին, այցելեց Մաջիդիէ թաղամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւն, եւ հանդիպեց Զէյթուն թաղամասի Թէժ շտաբի անձնակազմին եւ միութեան վարչութեան անդամներին։
Հայր Սուրբը փոխանցել է Սրբազան Հօր օրհնութիւնը եւ պատգամը՝ բարձր գնահատելով շտաբի անդամների նւիրումն ու պատասխանատու աշխատանքը։ Նա նշեց նաեւ, որ այն պահերին, երբ մարդիկ հեռանում են վտանգի վայրերից, կան մարդիկ, ովքեր մնում են՝ օգնութեան ձեռք երկարելու ուրիշներին։
«Հերոսութիւնը միայն զէնքով չէ․ հերոս է նաեւ նա, ով նոյնիսկ սեփական անվտանգութիւնը վտանգելով՝ իր մարդասիրական պարտքն է կատարում համայնքի հանդէպ»,- ընդգծեց Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը։
Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը խօսեց նաեւ իր անձնական փորձառութեան մասին՝ պատմելով, որ շուրջ տասներեք տարի ապրել է պատերազմական պայմաններում՝ Լիբանանում եւ Սիրիայում։
«Նման իրավիճակներում է, որ մարդ խորապէս զգում է Աստծոյ ձեռքն իր գլխավերեւում»,- ընդգծեց նա։
Աբեղայի խօսքով այդ տարիների փորձառութիւնն իրեն օգնել է հասկանալու այն հոգեբանական վիճակն ու անորոշութեան զգացումը, որ այսօր կարող է զգացւել պատերազմական կամ արտակարգ պայմաններում գտնւող մարդկանց մօտ։
Նա տեղեկացրեց նաեւ, որ Սրբազան Հօր առաջարկով երեք քահանաներ ներգրաււած են թաղային շտաբների աշխատանքներին, որոնցից Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը ներկայ է Զէթուն թաղամասի Թէժ շտաբի աշխատանքներին:
Կազմակերպւած շտաբը՝ վստահութեան ու խնամքի օրինակ
Զէյթուն քաղաքամասի շտաբի պետ Ֆրէդ Աշուղեանը ներկայացրեց շտապի գործունէութեան ամփոփ զեկոյցը՝ նշելով, որ այն կազմաւորւած է յստակ կարգով եւ պարտականութիւնների բաժանումներով․
Բուժքոյր՝ մշտական կապի մէջ՝ հինգ բժիշկների հետ։
Ուսուցիչ՝ դպրոցական ընտանիքների տւեալների համակարգման համար։
Տեղեկատւութեան մասնագէտ՝ կապերի եւ հաղորդակցութեան ապահովման նպատակով։
Պահեստներ՝ ջրի եւ գազի սիլինդրների պաշարներով։
Միութեան շէնք՝ օգտագործւող որպէս ապաստարան։
Թաղամասում հերթապահ հսկիչներ՝ գիշերային դիտարկման եւ անվտանգութեան պահպանման համար։

Աշուղեանը նշեց նաեւ, որ շտաբներում քահանաների ներկայութիւնն ունի հոգեբանական խոր ազդեցութիւն․ այն մարդկանց, ովքեր մատնւել են անվստահութեան ու վախի պատումների, քահանայի ներկայութիւնը տալիս է ներքին խաղաղութիւն եւ վստահութիւն։
Միաժամանակ նա նշեց, որ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան շէնքի տարածքը յայտարարւել է, որպէս ապաստարան։
Թաղամասի այն բնակիչներին, ովքեր գիշերն անց են կացնում միայնակ, տեղեկացւել է, որ ցանկութեան կամ անհրաժեշտութեան դէպքում կարող են ապաստան գտնել միութեան յարկի ներքոյ:
Հոգեւորականը՝ տուժածների կողքին, աւերւած շէնքերի մօտ
Այցի շրջանակում Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը, Ֆրէդ Աշուղեանի եւ Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի ընկերակցութեամբ, այցելեց նաեւ ռմբակոծութիւնից տուժած ընտանիքներին։
Հայր Սուրբը դիմելով տուժած ընտանիքներին նշեց, որ իր գրասենեակը բաց է իւրաքանչիւրի համար եւ ինքը պատրաստ է հարազատի պէս աջակցել համայնքի անդամներին։
Հանդիպումն անցաւ յուզիչ մթնոլորտում․ տուժած ընտանիքների աչքերում տեսանելի էին թէ՛ ապրած ծանր փորձութեան հետքերը, թէ՛ շնորհակալութիւնը ցուցաբերւող ուշադրութեան եւ զօրակցութեան համար։
Այցի ընթացքում Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանն այցելեց նաեւ թիրախաւորւած շէնքի դիմաց գտնւող ԻԱՄՄ-ի շրջակայք, որտեղ շտաբի պատասխանատուների ուղեկցութեամբ ծանօթացաւ ռմբակոծութեան հետեւանքով պատճառւած վնասների չափին։



