ԹեհրանՀամայնք

Մեր երազանքների ջրաշխարհ տանող երկյարկանին

Յիշողութեան մառանը

ՀԱՏԻՍ

 

Թեհրանի «Արարատ»-ը միայն միութիւն չէ: Խօսքը կիսատ թողնելով, ոնց որ աւելի երկար բացատրած լինես: Կողքից էլ յիշում ես, որ այսօր մեզանից շատերի մանկութիւնն ու պատանեկութեան շրջանը  «Արարատ»-ով էր վերաիմաստաւորւում: Մարզաւանում գտնւելու ժամանակը մի բան էր, եւ կեանքի իւրայատուկ դպրոց, իսկ մինչեւ մարզաւան հասնելը՝ կեանքի այլ կարգի դպրոց: Երեխաներով հասցնում էինք ճաշակել երկյարկանի «Լէյլանդ» մակնիշի հանրակարգով «ճամբորդելու», յատկապէս երկրորդ յարկում առաջին նստարանին յայտնւելու համար հրմշտելու ստրեսները: Նաւակ էինք անւանել այն, ու դրա ճակատային դիրքով նստարանը  տախտակամած: Որ մի քիչ էլ շատ էիր աղմկում մէկ էլ նաւակը կանգնում էր, հետն էլ  լսւում երկրորդ յարկ տանող աստիճանների ճռճռոցը, ինչից պիտի գլխի ընկնէիր, որ վարորդը բարկացած բարձրանում է ու էսա յաջորդ դասն է պարապելու գլխիդ:

Շատ երկար թւացող ճանապարհը մի քանի «նաւակ» փոխելուց յետոյ կտրում ու մտնում էինք ջրառատ առւակով այն պողոտան, որտեղ ժամանակին բանակի ձիարշաւարանն էր գործում: Պողոտայի երկայնքով ձգւած ու աղիւսապատ բարձր պատի միւս կողմից լսւում էր ձիերի խրխնջոցն ու երբեմն էլ բարձրացող հոտը: Հետն էլ նախանձում էինք անյտեղ ծառայող զինւորներին: Չգիտես թրիքոտ հողում աճած վարդի հոտ էր, թէ քրտնած մարմնին ցանած պարիզեան օծանելիք:

Ի դէպ սա մեր վերջին անցակէտն էր մինչեւ մարզաւանի լողաւազանների մուտքից անցնելը: Տոմսի համար հերթ չկանգնելը, կամ, ինչ-որ հնարաքով խախտելը յաջորդ դասն էր, ինչով որակաւորւոմ էինք որպէս ճարպիկ երեխայ: Այդպէս էր կարգը, որ նոյնիսկ, եթէ չես դիմել նման բանի, մէկ է պատմելու ես, որ արել ես, այլապէս բանդ բուրդ էր միւս բոլոր հարցերում:

Նոյն ճարպիկութեամբ էլ յաճախ առաւօտեան սէանսի տոմսով դիմաւորում էինք նաեւ մայրամուտը: Երկու սէանսի արանքում փրկարարներին յատկացւած ընդմիջման ժամն անց էինք կացնում փշոտ թփերի մէջ թաքնւած: Միանգամ էլ բոլորի աչքին երեւացող սպիտակ լողազգեստով ընկերոջս  պատճառով մի ամբողջ աւտոբուս երեխայ բռնեցին թփերի արանքում թաքնւած: Փրկարարների համար էլ էր հաճելի կարծես: Մեզ այդ ընդմիջմանն յատկացւած մէկ ու կէս ժամւայ ընթացքում ստիպեցին լողալ սովորել: Փողոցում այդքան հեծանիւ չէինք քշել, ինչքան այդ մէկ ժամում ջրի տակ չանցնելուց էինք ոտ խփել:

Ինչեւէ, չկան արդէն այդ օրերը, ընկերներից շատերը նոյնպէս, լողաւազանն էլ երկար ժամանակ ցամաքած էր մոռացութեան մատնւած յուշերի պէս…

Մեր այդ փողոցից տուն, տնից՝ «Արարատ», ու վերադարձի ճանապարհին նաւակի տաքուկ տախտակամածում քրտնած ճակատով քուն մտնելը մի ամբողջ աշխարհ արժէր, ինչն այսօրւայ սերնդին չեն թողնում  ճաշակել  ծնող դարձած նոյն այդ երէկւայ երեխաները:

Պատմութեան սլաքները  ժամանակի պէս չեն գնում, պատմութիւնը կերտելով ու կառուցելով է առաջ շարժւում:

Մարզաւանով մի ամբողջ համայնք է խորը շունչ քաշում… եւ ոչ միայն: Մայրաքաղաքի Վանաք շրջանի կարեւորագոյն կանաչապատ գօտիներից մէկն է մարզաւանը, որով նաեւ «Ղալէ Արամանէ» եւ Ռոստոմ Ոսկանեան պողոտայի վրայ գտնւող «Աֆթաբ» համալիրն են իրենց ապահով զգում յարակից մայրուղու մխող ու փոշոտ աղմուկից:

Իսկ մարզաւանի կառուցման պատմութիւնը եւս կարելի է համարել մայրաքաղաքի ճարտարապետութեանը նոր շունչ հաղորդած նախագծերից մէկը:

Մարզաւանի կառուցման գաղափարն ու աշխատանքները (1971 թւական), ինչքան էլ որ զարմանալի թւայ, տեղի է ունեցել Թեհրանի օլիմպիական աւանի՝ «Ազադի» մարզահամալիրից երկու տարի առաջ: Այս հարցում եւս աչքի են ընկնում հայ ճարտարապետներն ու իրանահայ համայնքի երեւելիները: Թէեւ աշխատանքների մեկնարկով չէ, որ պայմանաւորւած է դրանց աւարտը, յատկապէս, երբ խօսքը շինարարական աշխատանքների մասին է: Հիմնական խօսքն ասողն այստեղ բուջէն է եւ յատկացումները: Այնպէս, որ «Արարատ»-ից (մարզաւան) երկու տարի յետոյ մեկնարկած «Ազադի»-ի շինարարական աշխատանտքներն աւարտին են հասնում «Արարատ» մարզաւանից երկու տարի շուտ: Սա ինչ որ տեղ նաեւ ռէկորդային է այն առումով, որ համայնքի ներդրումների ու կարողութեան հաշւին է նման բան իրականութիւն դարձել, ինչը  կարող է նաեւ շատ բան ասել ազգագրական յատկութիւնների առումով:

Ֆուտբոլ

Այս մասին խօսելով վստահ եմ, որ ոչ մի բան աւելացրած չենք լինի ֆուտբոլի լաւ համբաւին ու պատմութեանը, սակայն հաստատ քաղցրանալու են «Արարատ»-ով պայմանաւորւած յիշողութիւնները: Այդ բոլորը յուշ ու յիշողութիւն չէր դառնայ եթէ կառուցւած չլինէր մարզաւանը:

Վերտերան ֆուրտբոլիստների հետ զուրցելիս մի անգամ պատմեցին, որ Սպահանում տեղի ունեցած խաղից յետոյ տղաներին է մօտենում մարզադաշտում հայ հանդիսատեսներից մէկը եւ ողջ թիմի անձնակազմին հրաւիրեց ռեստորան՝  պատիւ տալու:  Տղաներն էլ յոգնած ու ծարաւ եւ բնականաբար քաղցած վատ ախորժակ չունէին: Վերջում պարզւում է, որ հրաւիրող տղան գումար չունի մօտն ու տղաներն են հաշիւը փակում:

Սա ընդամէնը փոքրիկ հայեացք էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 80-ամեակին միայն, որով հնարաւոր չէր ամբողջ պատմութիւնը տեղաւորել: Յատկապէս գրառումներում անդրադարձ չկայ Սուրբ Խաչ մատուռի մասին, որի տարածքում յայտնւելիս կարող ես մոռանալ ժամանակի տարածութեան մասին:

Related Articles

Back to top button