Հայաստան - Արցախ

Ստիպւած կը լինենք ծանր գին վճարել. ի՞նչ հետեւանքների մասին է խօսքը

ՅԱԿՈԲ ՔՈՉԱՐԵԱՆ

 

Չնայած Հայաստանը շարունակում է գտնւել Եւրասիական տնտեսական միութեան կազմում, էական տնտեսական ու ֆինանսական օգուտներ է ստանում այդ կառոյցից, իշխանութիւնները չեն թաքցնում, որ հակւած են փոխել երկրի ինտեգրման ուղղութիւնը։

Պարբերաբար տարբեր մակարդակներով յայտարարում են ԵՄ-ին անդամակցութեան յայտ ներկայացնելու մասին։

Ու մինչ պատրաստ են դրա համար ընդհուպ նաեւ հանրաքւէ անցկացնել եւ պատասխանատւութիւնը դնել ժողովրդի վրայ, Ռուսաստանի իշխանութիւնները՝ փոխվարչապետի մակարդակով, զգուշացնում են, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, ու արտատարածաշրջանային դերակատարների մուտքը Հայաստան «հետեւանքներ կունենայ»։

«Այն օգուտները, որ ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձեցումից, պէտք է ընկալել որպէս վճար, որը մենք տալիս ենք մեր անվտանգութեան եւ ռազմավարական խորութեան համար։

Հետեւաբար՝ ինչ-որ արտատարածաշրջանային խաղացողների գալն այնտեղ, իհարկէ, հետեւանքներ կունենայ։

Մենք այստեղ նւէրներ չենք բաժանում»,- անդրադառնալով Հայաստանի ԵՄ անդամակցութեան հետաքրքրութիւններին,- օրերս յայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Այս յայտարարութիւնը նշանակում է, որ Ռուսաստանը հակւած չէ համակերպւել «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականութեան հետ, որը ժամանակին յաջողութեամբ իրականացնում էին Հայաստանի նախկին իշխանութիւնները։

Գործող իշխանութիւնները գործընթացները բերել հասցրել են նրան, որ «ե՛ւ-ե՛ւ»-ը փոխարինւել է «կա՛մ-կա՛մ»-ով՝ ԵՄ կամ ԵԱՏՄ։ Այդ քաղաքականութիւնն այսօր Հայաստանին սպառնում է ծանր հետեւանքներով։

Ի՞նչ հետեւանքների մասին է խօսքը, փակագծերը չեն բացւում։ Սակայն պէտք է հասկանալ, որ խօսքը յատկապէս տնտեսական հետեւանքների մասին է։ ԵԱՏՄ-ն տնտեսական կառոյց է ու, բնականաբար, այստեղից բխող հետեւանքները կարող են լինել առաջին հերթին տնտեսական։

ԵԱՏՄ-ին անդամակցութիւնից Հայաստանը մեծապէս շահել է։ Դա առաւել ցայտուն արտայայտւեց յատկապէս վերջին տարիներին, երբ սկսւեց ռուս-ուկրաինական հակամարտութիւնը։ Ռուսաստանի նկատմամբ համատարած պատժամիջոցների կիրառման պայմաններում, Հայաստանը դարձել է կարեւոր օղակ՝ Ռուսաստանի տնտեսութեանը սպասարկելու համար։

Անգամներով աւելացել է առեւտրաշրջանառութիւնը՝ ինչպէս արտահանման, այնպէս էլ՝ ներմուծման կտրուկ աւելացումների արդիւնքում։

Սրանից Հայաստանի տնտեսութեան զարգացումները գուցէ այնքան էլ չեն շահում, բայց բաւական լուրջ եկամուտներ են ապահովում պետական բիւջէի համար։ Դրա շնորհիւ է, որ վերջին շրջանում արտաքին առեւտուրը սպասարկողները դարձել են խոշոր հարկատուների ցանկի առաջատարները։

Առեւտրի սպասարկման արդիւնքում մեծ գումարներ են մտնում Հայաստան՝ նպաստելով բանկային համակարգի բարձր շահութաբերութեանը։

Դա անուղղակիօրէն արտայայտւում է նաեւ բիւջէի մուտքերի վրայ՝ շահութահարկի աւելացման տեսքով։

Հիմնականում սրանով է պայմանաւորւած, որ վերջին երկու տարիներին կտրուկ աւելացել են բիւջէ մտնող շահութահարկի գումարները։

Հայաստանի վերջին տարիների «համաշխարհային մակարդակի» աճերը նոյնպէս կապւած են բացառապէս ԵԱՏՄ-ից թելադրւած գործօններով։

Եւրասիական տնտեսական միութիւնը Հայաստանի համար շահաբեր է եղել ոչ միայն Ռուսաստանի տնտեսութեանը պատժամիջոցների պայմաններում սպասարկելու առումով, այլեւ այն հանդիսանում է հիմնական շուկան Հայաստանի տնտեսութեան համար։ Դժւար է անգամ պատկերացնել, թէ ինչ հետեւանքներ կարող են լինել այն կորցնելու պարագայում։

ԵԱՏՄ-ից ԵՄ անցման պարագայում Հայաստանի արտահանումը կը յայտնւի ԵԱՏՄ խիստ մաքսատուրքերի տակ ու ընդհանրապէս դուրս կը մնան։

Այն պարագայում, երբ Հայաստանի վերամշակող արդիւնաբերութեան գերակշիռ մասը իրացւում է հէնց այս շուկայում։ Ոչ թէ այն պատճառով, որ այս շուկան աւելի ձեռնտու է հայկական ապրանքների համար, այլ, որովհետեւ այլ շուկաներում եւ, յատկապէս ԵՄ երկրների շուկաներում, դրանք մրցունակ չեն, չեն բաւարարում ստանդարտներին ու նւազագոյն պահանջներին։

Առաւել եւս՝ մրցունակ չեն այն բանից յետոյ, երբ գերազանցապէս դոլարի արժէզրկման արդիւնքում բնակչութեան մէկ շնչին ընկնող եկամուտների արհեստական աճի պատճառով, Հայաստանը զրկւել է ԵՄ երկրների շուկաներում նախկինում ունեցած մուտքի արտօնութիւնից։

Խօսքը՝ արտահանման յատուկ կարգավիճակի մասին է, որի շրջանակներում հայկական մի քանի հազար ապրանքներ կարող էին արտահանւել ԵՄ՝ առանց մաքսատուրքերի։

Հիմա այդ արտօնութիւնն էլ չկայ։

Հետեւանքներն ակնյայտ են. ԵՄ երկրներ Հայաստանից արտահանման ծաւալները, վերջին տարիներին արձանագրւող արտաքին առեւտրի բարձր աճերի պայմաններում, նոյնիսկ կրճատւել են։

Հայաստանի տնտեսութիւնը կտրել ԵԱՏՄ-ից, երբ ԵՄ շուկաներ մտնելու շանսեր չկան, արկածախնդրութիւն է՝ իր հնարաւոր ծանր հետեւանքներով։

Այլ հարց, եթէ ինտեգրման պրոցեսները տեղի ունենան ԵԱՏՄ շուկային զուգընթաց։

Բայց, դատելով վերջին յայտարարութիւններից՝ դրա հնարաւորութիւնները սահմանափակւել են եւ պէտք է ընտրութիւն կատարել։

ԵԱՏՄ-ում Հայաստանի լինելը կենսական է նաեւ մի շարք կարեւոր կենսաապահովման ապրանքների պահանջարկը բաւարարելու առումով։ Պարէնային եւ ոչ պարենային բազմաթիւ առաջնային ապրանքների պահանջարկը, արտօնեալ գներով, Հայաստանը բաւարարում է ԵԱՏՄ անդամակցութեան հաշւին։ Այդպիսի ապրանքներից են էներգակիրները, նաեւ պարէնային ցորենը, որի պահանջարկի գրեթէ 75-80 տոկոսը ներմուծւում է ԵԱՏՄ-ից։

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանը ունի ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական ու ֆինանսական հետաքրքրութիւններ։

Այստեղից մեծ քանակութեամբ կապիտալ է մտնում Հայաստան։ Խօսքն ինչպէս առեւտրային, այնպէս էլ՝ ոչ առեւտրային տրանսֆերների մասին է։

Միայն Ռուսաստանից անգամներով աւելի շատ տրանսֆերտներ են գալիս, քան ԵՄ բոլոր երկրներից միասին վերցրած։

Սա սոցիալական կարեւորութիւն ունեցող խնդիր է Հայաստանի համար։

Սրանք ոչ այն բոլոր ուղղութիւններն են, որոնք ցոյց են տալիս, որ այս պահին եւ առաջիկայ առնւազն մէկ-երկու տասնամեակում ԵԱՏՄ-ն Հայաստանի համար լինելու է առանձնայատուկ նշանակութիւն ունեցող կարեւոր կառոյց։ Դրանից հրաժարւելու կամ զրկւելու պարագայում՝ ստիպւած ենք լինելու ծանր գին վճարել։

168.am

Related Articles

Back to top button