Հայաստան - Արցախ

Վարդան Օսկանեան. «Եթէ մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք Սիւնիք չենք ունենալու մօտ ապագայում»

«ԱԼԻՔ» – Նոյնիսկ 2020-ին Ադրբեջանը որեւէ իրաւական հիմք չունէր պատերազմ սկսելու, պատճառ չունէր, եթէ չլինէին Փաշինեանի գործած սխալները: Այս մասին News.am-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանեանը:

«Եթէ չլինէր Փաշինեանի յայտարարութիւնը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եթէ չլինէր նրա յայտարարութիւնը, որ սկսում եմ զրոյական կէտից, եթէ չլինէր իր յայտարարութիւնը, որ այն, ինչ մինչեւ հիմա արւել է, դա առոչինչ է, եթէ չլինէր Փաշինեանի յայտարարութիւնը, որ լուծումը պէտք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար: Այս ամէնը Ադրբեջանին բերեց համոզման, որ Հայաստանի նոր ղեկավարի հետ բանակցելն անիմաստ է, դա պէտք է մի կողմ դնել եւ նայել հարցի այլ լուծման: Ու երբ նրանք տեսան, որ դրոնների գնումների տարափի տակ Հայաստանը ձեռքերը ծալած նստած է, երբ ռազմական հաւասարակշռութիւնը տարածաշրջանում ամբողջութեամբ դարձել է յօգուտ Ադրբեջանի, երբ դու քո յոյսը կորցրել ես բանակցային ճանապարհով լուծման հասնելու, բնականաբար, այդ երկուսի համադրումով կարող են մի եզրայանգման գալ՝ հարցը լուծել ուժի տարբերակով:

Բացի այդ, Ադրբեջանը յստակ տեսնում էր, որ Հայաստանը սխալ քաղաքականութիւն է վարում Արեւմուտքի հետ, Ռուսաստանի հետ: Այդ ամբողջի մէջ Ադրբեջանը փորձեց գնալ պատերազմի: Այսինքն նոյնիսկ 2020-ին որեւէ տրամաբանական հիմք կարող էր չլինել, եթէ չլինէին Փաշինեանի արած կոպիտ սխալները»,- ասել է Օսկանեանը:

ՀՀ ԱԳ նախկին նախարարն՝ անդրադառնալով հարցին, թէ ինչ պէտք է անէր Փաշինեանը՝ 44-օրեայ պատերազմից խուսափելու համար, նշել է. «Նիկոլ Փաշինեանն ուղղակի պէտք է շարունակականութիւն տար այն ամէնին, ինչը գոյութիւն ունէր մինչ այդ. Բայց նա հէնց առաջին օրւանից սկսեց սխալներ թոյլ տալ, որովհետեւ իր կենտրոնացումը ոչ թէ Ղարաբաղի հարցի վրայ էր, արտաքին խնդիրների վրայ էր, այլ աւելի շատ ներքին: Իշխանափոխութեան ժամանակ նա բազում խոստումներ էր տւել ներքին խնդիրներ լուծելու, մարդկանց պատժելու, եւ ինքը սկսեց կենտրոնանալ նախկինների վրայ, գնաց նրանց պատժելու ճանապարհով, որ կարողանայ կոնսոլիդացնել իր իշխանութիւնը: Դա բերեց արտաքին աշխարհում սխալների, եւ դրանց ամբողջ ընթացքը բերեց պատերազմի եւ նրան, ինչն այսօր ունենք: Եթէ նա հէնց սկզբից կենտրոնանար Արցախի հարցի լուծման վրայ, ռէալ հնարաւորութիւններ ունէր ինքը, որ մենք խաղաղ լուծում ունենայինք, ունենայինք Արցախ ԼՂԻՄ-ի սահմաններով, ունենայինք Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքը եւ նաեւ ունենալ խաղաղութեան պայմանագիր Ադրբեջանի հետ: Դրա համար կային լայն հնարաւորութիւններ:

Բայց Փաշինեանը դիւանագիտութիւնից շատ հեռու մարդ էր, չէր հասկանում, հակասական յայտարարութիւններ արեց, այնպիսի նախնական պայմանաւորւածութիւններ ձեռք բերեց Ադրբեջանի հետ, որը պէտք է նպաստէր իր ներքին իշխանութեան կայունացմանը՝ Ադրբեջանի մօտ յստակ ակնկալիքներ առաջացնելու, որը յետոյ չկարողացաւ կարճ ժամանակում իրականացնել: Դրա հետեւանքը եղաւ պատերազմ, դրանից յետոյ ընդհանրապէս, այս ընթացքը յանգեցրեց Արցախի ամբողջական կորստին, եւ այսօր արդէն կանգնել ենք Հայաստանի տարածքային ամբողջականութեան որոշ կորուստների վտանգի առջեւ»:

Նա յիշեցրել է, որ իր ԱԳ նախարար եղած ժամանակ իշխանութիւնը պատրաստ էր զիջումներով գնալ հարցի կարգաւորման. «Ես համոզւած եմ, որ մեզ յաջորդող Սերժ Սարգսեանի իշխանութիւնը եւս պատրաստ էին դրան: Բնականաբար, այդտեղ համարձակ քայլերի կարիք կար, եւ դրա համար որոշակի երաշխիքների անհրժեշտութիւնը, որը մենք չէինք կարողանում ձեռք բերել: Հաշւի առնելով լայն ու մեծ լեգիտիմութիւնը, Փաշինեանը նախկին բոլոր նախագահներից ամենալայն հնարաւորութիւններն ունէր այդ զիջումներն անելու՝ հարցի խաղաղ կարգաւորման համար՝ յօգուտ Հայաստանի ու Արցախի: Խօսքը տարածքներ վերադարձնելու մասին է՝ Արցախի կարգավիճակի դիմաց՝ վերջնական կամ անցումային ժամանակաւոր: Այնտեղ խօսքը 5+2 տարածքների մասին է: 5 տարով մենք կարող էինք ստանալ միջանկեալ կարգավիճակ, որը կարող էր ընդունելի լինել բոլորի համար՝ ներառեալ Ադրբեջանի, միջանցք Արցախը Հայաստանին կապող, եւ հնարաւորութիւն ապագայում հանրաքւէի միջոցով որոշել Արցախի կարգավիճակը: Եթէ Փաշինեանը վերցներ այդ փաստաթուղթը, կանչէր համապատասխան մարդկանց, ներառեալ ինձ՝ հասկանալու այդ փաստաթղթի ողջ էութիւնը, բոլոր հնարաւոր ծալքերը, որի մասին ինքը խօսել է, ասել է՝ ինձ համար անհասկանալի կէտեր կան, փորձում եմ դա Ադրբեջանի ղեկավարից պարզել, դա ինքը պէտք է մեզնից պարզէր եւ կարողանար 5 տարածքները տալով ապահովել այդ միջանկեալ կարգավիճակը: Իսկ միւս երկու տարածքները՝ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը ինքը կարող էր պայմանաւորւել որոշ տարի անց, անկախ նրանից՝ հանրաքւէն եղել է, թէ ոչ, դրանք վերադարձնել: Բայց մինչ այդ Արցախի միջանկեալ կարգավիճակը արդէն կը լինէր ամրագրւած, ճանաչւած բոլորի կողմից, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի ԱԽ կողմից: Այս բոլոր դրոյթները այդ փաստաթղթում կային: Փաշինեանը այդ բոլորը գցեց աղբամանը, ասաց՝ ես սկսում եմ իմ զրոյական կէտից, եւ դրանով մեր ժողովրդի գլխին բերեց պատերազմ»:

 Նա նաեւ ընդգծել է, որ Նիկոլ Փաշինեանը մեծ սխալներից մէկն էլ այն է, որ Փաշինեանը կարծես համաձայնել է Ադրբեջանի պհանջով ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը փակել. «Կամ պէտք է իշխանութիւնները մտափոխւեն, կամ իշխանութիւնները փոխւեն, լինի այնպիսի իշխանութիւն, որը կը կարողանայ բանակցային ողջ օրակարգի տրամաբանութիւնը փոխել, եւ դա կը լինի աւելի կայուն ընթացքի վրայ, եւ կարող է բերել երկարատեւ ու արդար խաղաղութիւն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ»:

Եթէ ես այսօր ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ՝ Սիւնիքով միջանցքի հարցը 5 րոպէում կը հանեմ օրակարգից

Անդրադառնալով այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային, Վարդան Օսկանեանն ասել է. «Ասում են՝ Սյունիքով «միջանցքը» պէտք է Ռուսաստանին արեւմտեան պատժամիջոցները շրջանցելու համար, պէտք է Թուրքիային իր պանթուրքական ծրագրի համար, պէտք է Չինաստանին իր «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» ծրագրի համար, եւ այլն, բայց ոչ ոք չի ասում, որ դա ընդամէնը պէտք է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապ ապահովելու համար, եւ Բաքուն այս հարցը բերել էր բանակցային սեղան այն պահին, երբ դեռ Լաչինի միջանցքի հարց կար, երբ գոյութիւն ունէր Արցախ, արցախահայութիւն»:

«Ադրբեջանն այդ ժամանակ հասկանում էր, որ պէտք է այդ կապը (Հայաստանի եւ Արցախի միջեւ – ԽՄԲ.), ուստի հայելային իրավիճակ ստեղծելու համար ինքը այդ խնդիրը բերել, սեղանի վրայ էր դրել: Հիմա չկայ Արցախ, չկայ արցախահայութիւն, բայց այդ խնդիրը մնացել է սեղանի վրայ: Այստեղ երբ դու սկսես հարցը դիտարկել, որ ես ի՞նչ կարող եմ անել, սա ԱՄՆ-ին է պէտք, Ռուսաստանին է պէտք, Թուրքիային է պէտք, Իրանին է պէտք, Չինաստանին ու Հնդկաստանին է պէտք, դու ձեռքերդ կարող ես օդ բարձրացնել, բայց երբ սթափւես ու մտածես, որ խօսւում է քո տարածքով ինչ-որ մէկին ճանապարհ տալու մասին, որին պատճառ չկայ… Ես չեմ չափազանցնում, եթէ ես այսօր Հայաստանի ԱԳ նախարար լինեմ, խոստանում եմ, այդ հարցը 5 րոպէում օրակարգից կը հանեմ: Ինձ կարո՞ղ են մի պատճառ ասել, թէ ինչու պէտք է մենք այդ ճանապարհը տանք»,- նկատել է Օսկանեանը։

Հայաստանի նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող ճանապարհի հարցը կարելի է քննարկել այն ժամանակ, երբ իրապէս խաղաղութիւն հաստատւի, բայց այսպիսի պայմաններում՝ առաւել եւս արտաքին թելադրանքի ճնշման տակ այդ քայլին գնալն Օսկանեանն անթոյլատրելի է համարում։

«Յատկապէս, որ Արցախի, հայերի այնտեղ վերադարձի խնդիր ունենք։ Այս համատեքստում պէտք է ճանապարհների հարցը դիտարկել, յետոյ գնալ Կենտրոնական Ասիա, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան… վերեւից մի եկէք ներքեւ, ներքեւից գնացէք վերեւ, կառքը ձիուց առաջ մի դրէք։ Մենք ինքներս չենք ուզենայ դուրս մնալ այդ ամէնից, բայց ոչ ներկայիս պայմաններում։ Միգուցէ այս հարցն օգտագործե՞ս քո միւս խնդիրները լուծելու, ինչ-որ հաւասարակշռութեան մէջ դնելու համար։ Սա քո հողն է, քո տարածքն է, եթէ ասես «չէ», ի՞նչ՝ Ադրբեջանը զոռով վերցնելու է՞, կը նշանակի՝ աշխարհի ամենակրիմինալ երկրը կը լինի։ Ի՞նչ է՝ գնանք Վրաստանին ասենք՝ մեզ միջանցք տւէք, չեն ասի՞՝ ինչի, որ ի՞նչ, մենք էլ գնանք մտնենք, վերցնե՞նք… Սա արդէն Արցախ չի, որ ասւի՝ վիճելի է, սա է, նա է, Հայաստանն է, չէ՞, սրա տէրն ու տիրականը դու ես, չէ՞, ինչո՞ւ ես թողնում ուրիշները որոշեն այս հարցը, մենք պիտի այդ հարցը օրակարգ բերենք։ Հիմա, երբ չկայ Լաչինի միջանցք, չկայ Արցախ, չկայ արցախահայութիւն, ընդհանրապէս այդ հարցը պէտք է հանել օրակարգից, յետոյ յետ բերել՝ խաղաղութեան հաստատումից յետոյ, կամ երբ բանակցային օրակարգ փոխւի, ու արցախահայերի հաւաքական վերադարձի հարցը դրւի սեղանին։ Օ՛Բրայէնը չպէտք է թելադրի, նրանց նպատակը բոլորս լաւ հասկանում ենք, Ռուսաստանն էլ է այդ մասին խօսում, մրցակցութեան մէջ են»,- ընդգծել է Օսկանեանը։

Դիտարկմանը, որ եթէ, այդուհանդերձ, «միջանցքի» հարցը դեռեւս դուրս չի եկել բանակցային օրակարգից, հարցը շարունակում է առկախւած մնալ, եւ դրա շուրջ մեծ տէրութիւնների միջեւ սուր մրցակցութիւն կայ՝ դրանից բխող հնարաւոր հետեւանքներով: Օսկանեանը նկատեց՝ եթէ Հայաստանի ղեկավարութիւնը շարունակի առանց սպառիչ հիմնաւորումներ տալու հրաժարւել ճանապարհների ապաշրջափակումից, ապա Ադրբեջանը, չի բացառւում, կը փորձի ռազմական ուժով բացել այսպէս կոչւած միջանցքը, եւ ոչ ոք չի միջամտի դրան։

«Եթէ բոլորն ասում են, որ այդ ճանապարհի բացում կարեւոր է, Ադրբեջանին է պէտք, Կենտրոնական Ասիային, աշխարհին է պէտք, իսկ Հայաստանն առանց հիմնաւորումների մենակ ասում է «չէ», «չէ», «չէ», վաղը եթէ Ադրբեջանը ռազմական ուժով արեց դա, բոլորը կարող են լռել, չէ՞։ Այսօր մենք բանակ չունենք, մեր միակ ուժն ու հնարաւորութիւնը դիւանագիութիւնն է, չե՞նք ուզում հասկաանլ սա, բայց դա էլ ենք զրոյացրել։ Մենք բոբիկ ենք ընդհանրապէս, մերկ կանգնած ենք աշխարհի առաջ, մեզ հետ ով, ինչ ուզի՝ կարա անի։

Մեծամտութիւն չեմ անում՝ այդ հարցը, պնդում եմ, հնարաւոր է 5 րոպէում հանել, եւ շատ հանգիստ, տրամաբանական, բոլորի համար հասկանալի հանել, պատերազմից խուսափելու համար հանել, բայց երբ իշխանութիւնները բոլորին պատասխանում կամ չեն պատասխանում այնպէս, ինչպէս որ անում են, այո՝ հնարաւոր է վերջիվերջոյ Ադրբեջանը մտնի, զոռով անի դա, եւ բոլորը ծափահարեն։ Ադեկւատ պատասխան ու դիւանագիտութիւն չկայ»,- ընդգծել է նա։

Եթէ մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք Սիւնիք չենք ունենալու մօտ ապագայում

Վարդան Օսկանեան յատուկ կարեւորել է նաեւ սերունդնրեի դաստիարակութեան հարցը. «Եթէ մենք մեր սերունդներին չդաստիարկենք «գալ տարի Շուշի» գաղափարով, մենք չենք կարողանալու Սիւնիքը պաշտպանել»,- ասել է նա:

«Ադրբեջանցիները 30 տարի սերունդ դաստիարակեցին, որ վերադարձնելու ենք բոլոր տարածքները, հիմա յաջորդ 30 տարին դաստիարակելու են, որ վերցնելու են Հայաստանը եւ կարող է հասնեն դրան, եթէ մենք այսպէս շարունակենք:

Եթէ մեր իշխանութիւններն այս քաղաքականութիւնը վարեն, մեր սերունդները միգուցէ կապրեն Հայաստանում, բայց այդ Հայաստանը կը լինի շատ աւելի փոքր, այդ Հայաստանը չի լինի հայկական Հայաստան: Կրկնում եմ՝ եթէ մենք մեր սերունդներին չդաստիարակենք այսօրւանից «յաջորդ տարի Շուշի», մենք Սիւնիք չենք ունենալու շատ մօտ ապագայում»,- նշել է Օսկանեանը:

Ադրբեջանը էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանւած արցախահայերի վերադարձի հնարաւորութեանն անդրադառնալիս նախապայման է դնում՝ պահանջելով, որ դրա դիմաց Հայաստանի տարածքում վերաբնակեցնեն Խորհրդային Միութեան փլուզման շրջանում հեռացած ադրբեջանցիներին, եւ իշխանութիւնը հէնց սրանով է հակադարձում այն քննադատութեանը, թէ ինչու իրենք արցախահայերի վերադարձի հարցը չեն բերում Ադրբեջանի հետ բանակցութիւնների օրակարգ։ Վարդան Օսկանեանը ընդգծում է՝ այս երկու հարցերը, նախ, հայելային բնոյթ չունեն եւ հաւասարազօր չեն, եւ երկրորդը՝ անկախ նրանից՝ Երեւանը արցախահայեի վերադարձի հարցը բերում է օրակարգ, թէ ոչ, Բաքուն ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը չի հանում օրակարգից։

«Եթէ Ադրբեջանն ուզում է նրանց ու նրանց սերունդների վերադարձի հարցը քննարկել, խնդրեմ՝ թող յանձնաժողով ստեղծեն, քննարկեն, նորմալ յարաբերութիւններ լինելու դէպքում էլ օրէնքներն այնպիսին լինեն, որ ով ուզենայ՝ գայ, տուն առնի, ապրի, ինչպէս այլազգիները, բայց Արցախը երբեք չի կարելի հաւասարեցնել սրան, ի՞նչ համեմատութեան մասին է խօսքը։ Երբ իշխանութիւններն ասում են, թէ արցախահայերի վերադարձի հարցն օրակարգ բերելու դէպքում նրանք էլ դա կը պահանջեն, ուրեմն դուք դիւանագիտութիւն չունէք, դրա համար էլ միջանցքի հարց կայ: Դուք խօսել չգիտէք, հիմնաւորում չունէք, դուք վախեցած էք, պարտւած էք, ճնշւած էք, ծնկի էք եկել հակառակորդի առջեւ: Դուք դատարկ էք դիւանագիտութիւնից, դուք ոչ միայն միջանցք կը տաք, դուք Հայաստանի կէսը կը տաք, Հայաստանը կը տաք»,- շեշտել է Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Related Articles

Back to top button