Ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի բազմաթիւ փորձագէտ-վերլուծաբաններ յստակ տւեալների թւարկումով, դեռ նախքան Արցախի պատերազմն ու էթնիկ զտումը, զգուշացրել եւ ահազանգել էին Հայաստանի տարածքային կորստի ռէալ վտանգների, ընդհուպ՝ պետականութեան կործանման ներուժ ու ներգործուն ռիսկերի մասին։
Ցաւօք՝ խոշոր տոկոսով իրականացւել են այդ կարգի կանխատեսումներն ու արդէն Արցախից յետոյ՝ տւեալ կորուստներն իրականանում են ՀՀ-ի հողային ամբողջականութեան հաշւին։
Բառի բուն եւ ամբողջական իմաստով համազգային աղէտի ու քաոսի դէմ-յանդիման է կանգնել բովանդակ հայ ժողովուրդը, ԲԱՅՑ… ի զարմանս շատ-շատերի ու յատկապէս նոյն քաղաքագէտ-վերլուծաբանների, տւեալ աղէտին համարժէք՝ հայութեան կողմից համազգային մասշտաբով դիմադրութիւն եւ որ կարեւոր է՝ բնականոն ընդվզում չի դրսեւորւում…։
Դարձեալ նոյն վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանին եւ հայութեանը պարտադրւած լրջագոյն կորուստները արդիւնքն են հայերի անմիաբանութեան ու դեռ աւելին՝ երբեմնի միասնական ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓԻՒՌՔ-ի միջեւ բաժանարար գծերի դաւադիր ուրւագծման ու պառակտման։ Իսկ համազգային այդ ուժը ջարդելու արտաքին որոշակի ուժային կենտրոնների լաւագոյն գործիքը հանդիսացաւ «Հայկական Տրոյական ձին»…։
Եւ արդէն 6 տարի՝ Հայոց բերդը գրաււած է ներսից, իսկ գրաւեալ հասարակայնութիւնը հազարումի մանիպիւլատիւ հնարքների ենթակայ՝ շւար ու մոլոր, տարակուսանքների ու հիասթափութիւնների գերի դարձած։ Հասարակայնութիւն, որը դեռ Արցախի կորստի ծանրագոյն հարւածից չսթափւած՝ անտարբեր հայեացքով հետեւում է լոկ նոյն այդ ձիու Տաւուշեան սանձարձակ ասպատակութիւններին…։
Եւ այսպէս՝ թամբած ձիու նոր ասպարէզ են նշանակել Սիւնեաց կենսաբեր դաշտերն ու հովիտները։
Չէ՞ որ հէնց Նժդեհեան ահազանգն է եղել՝ ԱՐՑԱԽԻՑ ՅԵՏՈՅ՝ ՍԻՒՆԻՔԸ… իսկ ահազանգին ունկնդիր, ունեցել ենք մեր նոր ժամանակի Նժդեհներ, որոնք էլ զգուշացրել են ազգին՝ իր պատմութեան վերջին էջը թերթելու փաստացի եւ արդէն առաւել քան երբեւէ իրական վտանգի մասին…։
Տայ Աստւած, որ դաւաճանւած ու խարխափումների գերի դարձած հայը ազգովի կը գիտակցի իր դէմ նետւած մարտահրաւէրի իրական վտանգն ու դրան համարժէք՝ կը ցուցաբերի բարձր զգօնութիւն՝ յաղթահարելու համար ազգադաւ ու հայրենակործան չարիքները։
Չարիքներ, որոնք սանձազերծւել են թէ՛ ներքին հայանուն, եւ թէ՛ արտաքին թշնամիների կողմից։
Ամփոփելով սիւնակի գրառումները, հարկ է մէկ-երկու զուգահեռ անցկացնել մեր Հայրենի ժողովրդի եւ նրա անմիջական բարեկամ ու հազարամեակների վստահելի հարեւան՝ Իրանի ժողովրդի միջեւ…։
Ահաեւ՝ աւելի քան չորս տասնամեակ է համաշխարհային մեծապետական ուժային կենտրոնների հովանաւորութիւնն վայելող Պարսից ծոցի որոշ արբանեակային երկրներ յաւակնում են իրանական եռեակ կղզիների պատկանելութիւնը հարցականի տակ տանելուն։ Պետականամէտ իրանցիները միակամ ու միասնական կեցւածքով դիմագրաւում են քաղաքական-քարոզչական եւ երբեմն սպառնական ծանրակշիռ այդ գրոհները անտեղիտալիօրէն։
Կամ՝ հաւաքական Արեւմուտքի, ինչպէսեւ ժամանակի միւս գերուժ՝ Խորհրդային Միութեան տարատեսակ հովանաւորութիւններով օժտւած սադդամեան Իրաքի կողմից պարտադրեալ 8-ամեայ պատերազմի ընթացքում, յեղափոխութեան խլրտումների առկայութեան դէպքում իսկ, հայրենասէր իրանցին յանուն հողային ամբողջականութեան՝ նւիրաբերեց կարելին ու անկարելին, վերականգնեց հողային ամբողջականութիւնն ու ամրապնդեց պետական կարգուսարքը։
Իրանցու յաջողութեան գրաւականը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ պետութեան ու պետականութեան պահպանման առաջնահերթութեան գիտակցումը։ Այլապէս՝ նոր յեղափոխութեան խառնիճաղանջ իրավիճակն ու ներքաղաքական բաժանարար խմորումներով եթէ առաջնորդւէր իրանցի ժողովուրդը, երբեւէ չէր կարողանայ ազատագրել ՀՈՂ-ՀԱՅՐԵՆԻՆ՝ հարազատ երկիր ներխուժած թշնամու ճիրաններից։
Լիայոյս լինենք, որ հայրենի երկիր Հայաստանի մեր ժողովրդի մօտ եւս առաւել քան երբեւէ գերիշխող դառնայ պետական մտածողութեան փրկարար գիտակցութիւնը, որն, ինչ խօսք՝ հայանուն ու հայրենադաւ իշխանախմբի կողմից մանիպուլացւել է հայատեաց թուրքական դաշինքի հետ կեղծ ու սուտ խաղաղութեան եւ այսպէս ասած՝ խաբուսիկ եւրօ-արեւմտամետութեան խաբկանքներով…։
Դ. Մ.
Պատմական գիտութիւնների թեկնածու