Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՄիջազգային

ՀՅԴ ներկայացուցիչները եւրոպական մի շարք պետութիւնների ղեկավարների հետ հանդիպմանը շեշտել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան առաջնահերթութիւնը

Նոյեմբերի 10-11-ը, Իսպանիայի սոցիալիստ աշխատաւորների կուսակցութեան հիւրընկալմամբ, Մալագայում գումարւել է Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան (Party of European Socialists-PES) կոնգրեսը։ Կոնգրեսը այդ խոշոր միջկուսակցական կազմակերպութեան գլխաւոր ժողովն է, որը ճշտում է կազմակերպութեան քաղաքական առաջնահերթութիւնները, գործունէութեան ուղենիշերը, ընտրում նոր ղեկավարութիւն։ Հ. Յ. Դաշնակցութիւնը, իբրեւ դիտորդ անդամ, PES-ին անդամակցում է 2015 թւականից։ ՀՅԴ պատւիրակութիւնը ներկայացնում էին Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիօ Նալբանդեանը, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը եւ ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի յանձնախմբի նախագահ Յակոբ Գազանճեանը։

Հ. Յ. Դաշնակցութեան պատւիրակութիւնն ակտիւօրէն մասնակցել է Կոնգրեսի աշխատանքներին, որի շրջանակներում շուրջ երկու տասնեակի հասնող հանդիպում-քննարկումներ ունեցել՝ այդ թւում եւրոպական մի շարք պետութիւնների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների եւ Եւրոխորհրդարանի սոցիալիստ պատգամաւորների հետ։

Հանդիպումների ընթացքում Հ. Յ. Դաշնակցութեան ներկայացուցիչները, հաշւի առնելով Արցախեան հիմնախնդրի ներկայ հանգրւանում ստեղծւած իրավիճակը, կարեւորել են արցախահայութեան իրաւունքների լիակատար պաշտպանութեան, միջազգային գործուն մեխանիզմների կիրառմամբ նրանց վերադարձի իրաւունքի ապահովման, Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան, հակամարտութեան համապարփակ եւ արդար կարգաւորման անհրաժեշտութեան, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման ու ադրբեջանական հետագայ ռազմական սադրանքների կանխման, ինչպէս նաեւ իրագործւած ցեղասպան գործողութիւնների, մարդկութեան հանդէպ յանցագործութիւնների ու էթնիկ զտման համար Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման ու նրանց միջազգային քրէական պատասխանատւութեան ենթարկելու քաղաքական առաջնահերթութիւնները։

Հ. Յ. Դաշնակցութիւնը, ինչպէս Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցի միջոցով, այնպէս էլ կուսակցութեան միջազգային յարաբերութիւնների ողջ կարողականութեամբ շարունակելու է Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների շահերի պաշտպանութեան աշխատանքները։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ
13.11.2023 թ.
Arfd.am

Related Articles

Back to top button