Ֆրանսիան պահանջում է հայ գերիների վերադարձը, Հայաստանի իշխանութիւնները՝ չեն պահանջում
Փաշինեանը նոյեմբերի 9-ին իր «X» միկրոբոլոգում գրառում էր արել, որ ինքը «գերազանց» հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը կնոջ հետ Ֆրանսիա էր մեկնել՝ Փարիզի խաղաղութեան ամենամեայ համաժողովին եւ ԻՒՆԵՍԿՕ–ի 40-րդ Գլխաւոր կոնֆերանսին մասնակցելու համար։
Այս այցի մասին «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի հետ, ում մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինեանն արգելել է։
– Հիւրերի ցանկը բաւականին իւրօրինակ էր՝ Կոնգոյի նախագահն էր ներկայ, այլ պետութեան ղեկավարներ կարծես չկային։ Այդ համաժողովը առանձնապէս կարեւոր իրադարձութիւն չէր, բայց նման առիթները, որպէս կանոն, օգտագործում են կարեւոր հարցեր քննարկելու համար: Գուցէ սա պարզապէս առիթ էր հերթական անգամ Մակրոնին հանդիպելո՞ւ եւ ցոյց տալու, որ դէպի Արեւմուտք Հայաստանի ընթացքն անխափա՞ն է։
– Կարծում եմ, միայն սիմւոլիկ նշանակութիւն ունէր իր ներկայութիւնը, որովհետեւ Ֆրանսիան իսկապէս պրոհայկական երկիր է, պրոՀայաստան ու պրոԱրցախ, բայց սա Նիկոլ Փաշինեանի շնորհիւ չէ՝ ֆրանսահայութեան շնորհիւ է, որ տասնեակ տարիների ընթացքում կարողացաւ զանազան նախագահների հետ՝ Ժակ Շիրակ, Նիկոլիա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ, Էմմանուէլ Մակրոն, տարբեր կառավարութիւնների, բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել եւ համոզել իրենց, որ Հայաստանին եւ Արցախին պէտք է զօրավիգ կանգնել։ Ուրեմն, Փաշինեանը գտել է Ֆրանսիայի նախագահի պարագայում գործընկեր, որը ճիշտ է՝ պատրաստ էր զօրավիգ կանգնել Հայաստանին եւ Փաշինեանը անշուշտ, առիթը բաց չի թողնի հանդիպել Մակրոնին։
– Այս փուլում հայ–ֆրանսիական յարաբերութիւններն ինչպէ՞ս էք գնահատում եւ ի՞նչ արդիւնքներ ունենք։
– Մակրոնի հետ մեր յարաբերութիւնները փայլուն են, արդիւնք են բերում, որովհետեւ Ֆրանսիան միշտ ներկայացնում է մեր պահանջները միջազգային ընտանիքի մօտ։ Ֆրանսիան զարմացած է, որ Փաշինեանն այնքան արագ զիջում է եւ հայկական կողմը չի պայքարում, որպէսզի Հայաստանի եւ Արցախի իրաւունքները Ադրբեջանի դէմ աւելի արդիւնաւէտ պաշտպանի։ ԱՆգամ միջազգային կազմակերպութիւններում մասնակցութեան առումով Մակրոնը զարմացած է եւ հանրային տեսակէտներ է փոխանցել, որ չի հասկանում, թէ ինչու Փաշինեանը չի պաշտպանում հայկական կողմի, ինչու է Հայաստանի ու Արցախի իրաւունքները արագ զիջում Ադրբեջանին։ Սա նշանակում է, որ Փաշինեանը միջազգային հանրութեան մօտ շատ տկար անձնաւորութիւն է, փոքր ղեկավար է եւ ուժ չունի՝ սա յստակ է։ Բրիւսէլում Փաշինեանի վերջին ելոյթից յետոյ Եւրոխորհրդարանի մի պատգամաւոր մեզ պատմում էր, որ ինքը զարմացած է, որ Փաշինեանը եւ Փաշինեանի թիմը պատրաստ են ամէն ինչ զիջել՝ առանց բանակցութեան։
– Նախօրէին Դուք Փարիզում կոնֆերանս էիք կազմակերպել՝ Ադրբեջանում ապօրինի պահւող հայ գերիների թեմայով, որտեղ Ֆրանսիայի քաղաքապետը պահանջել է Ադրբեջանից՝ ազատ արձակել 55 հայ քաղբանտարկեալներին։
– Մենք կազմակերպեցինք Լուիզ Մորենօ Օկոմպոյի այցելութիւնը Ֆրանսիա, որ նախկին գլխաւոր դատախազն է՝ Միջազգային քրէական դատարանի, 12 տարի դատախազն է եղել, եւ այցելութեան ընթացքում Փարիզի քաղաքապետի հետ համաձայնութիւն ստացանք, որ մամուլի ասուլիս կազմակերպենք միասին՝ պահանջելու համար 55 գերիների ազատ արձակումը Արդբեջանից եւ այս մամուլի ասուլիսին բաւականին մեծ թւով լրագրողներ էին ներկայ։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգօն խոստացաւ, որ այս շաբաթ՝ այս օրերին Փարիզի կողմից յայտարարութիւն կը ներկայացնի, որով պաշտօնապէս կը պահանջի հայ ռազմագերիների ազատ արձակումը՝ շեշտը դնելով 8 հայ ղեկավարների վրայ՝ Դաւիթ Իշխանեան, Ռուբէն Վարդանեան, Արայիկ Յարութիւնեան, Բակօ Սահակեան, Արկադի Ղուկասեան, Դաւիթ Բաբայեան, Դաւիթ Մանուկեան եւ Լեւոն Մնացականեան։ Իրենց ազատ արձակումն է պահանջելու եւ միջազգայնացնելու է այս հարցը։ Ցաւօք, մենք չենք լսում Հայաստանի իշխանութիւնների աշխատանքի կամ գործընթացի մասին, որ իրենք մասնակցեն, իրենք պահանջեն այս գերիների ազատ արձակումը։
– Այսինքն, իշխանութիւնները բաւարար ջանքեր չե՞ն գործադրում այս ուղղութեամբ։
– Մէկ այլ բան էլ պատմեմ Ձեզ, մէկուկէս տարի առաջ, երբ Մակրոնի հետ հանդիպել էինք, նա լսում էր մեզ եւ ասաց, որ մենք պահանջում էինք իրենցից, որ իրենք աշխատանքներ տանեն, որ ռազմագերիներին ազատեն, ասաց, որ աշխատեցին այդ ուղղութեամբ՝ մի քանի հոգու ազատեցին եւ երբ վերջիններս Հայաստան վերադարձան, բանտարկւեցին, ինչպէ՞ս կը բացատրէք սա։ Ես հետաքրքրւեցի՝ Դուք այս հարցումը չուղղեցի՞ք Նիկոլ Փաշինեանին, ինչին Մակրոնը պատասխանեց, որ հարցումն ուղղել է, բայց Փաշինեանը չի պատասխանել։ Ուրեմն, ճիշտ է, որ այսօր Հայաստանի իշխանութիւնները չեն օգնում, որ արցախահայութիւնը վերադառնայ Արցախ, երբ որ Ֆրանսիան առաջին ժամերի ընթացքում պահանջել է, որ արցախահայութիւնը կարողանայ ապահով կոնտեքստի մէջ վերադառնալ Արցախ, Հայաստանի իշխանութիւնները չեն պահանջում գերիների ազատ արձակումը, երբ որ Ֆրանսիայի մէջ կոնկրետ մարդիկ ու պաշտօնեաներ պահանջում էին… շատ դժւար է աշխատել, պաշտպանել Հայաստանն ու Արցախն այս կառավարութեան հետ։ Շատ դժւար է, որովհետեւ նոյն դիսկուրսը չունենք։ Մենք պաշտպանում ենք հայկական կողմն ու հայ ժողովրդի շահերը, իրենք՝ այս գծի վրայ չեն։
ՀԱՅԿԱ ԱԼՈՅԵԱՆ
Arfd.am