Վլադիմիր Մարտիրոսեան. «Չշտապեմ, բայց Փաշինեանի հակաեկեղեցական քաղաքականութեան ձախողումն արդէն ակներեւ է»

«ԱԼԻՔ» – «Կամ Կաթողիկոսն է լքում իր աթոռը կամ վարչապետը իր աթոռը, եթէ չկարողանայ նրան ստիպել դա անել»: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Վլադիմիր Մարտիրոսեանը։
Նրա ներկայացմամբ, քաղաքականութեան մէջ կայ հասկացութիւն, որը կոչւում է քաղաքական թայմինգ: Սա որեւէ գործողութեան, ծրագրի իրագործման ճիշտ եւ պատեհ ժամանակի ընտրութիւնն է, որը կրկնակի կամ եռակի բարձրացնում է քաղաքական գործընթացի էֆեկտիւութիւնը թայմինգի ճիշտ կիրառման ժամանակ, քան դրա իգնորը եւ սպասումը:
«Այսօր Հայաստանում ձեւաւորւած քաղաքական եղանակը, որը ձեւաւորւել է Փաշինեանի կողմից ունի բեկման եւ կասեցման քաղաքական ճիշտ կիրառման աննախադէպ հնարաւորութիւններ: Այդ հնարաւորութեան անունն է՝ թոյլ չտալ աւտորիտարիզմի ճանապարհը բռնած Փաշինեանին աւարտել այդ ռեժիմի կառուցումը, որովհետեւ յետոյ դա անելը շատ աւելի դժւար է լինելու: Բազմիցս նշել եմ, որ նա անհրաժեշտ քաղաքական ռեսուրսների հաւաքագրման եւ դրանց կիրառման այլ ճանապարհ այլեւս հէնց իր համար չի թողել: Այդ ճանապարհին օրէնքի եւ իրաւունքի գերակայութիւնը, պետութեան իրաւական բնոյթը, սահմանադրականութիւնը, իշխանութեան թեւերի տարանջատումը այլեւս դառնում են խոչընդոտներ իր վոլիւնտարիզմի համար: Էսպէս է ձեւաւորւում աւտորիտարիզմը:
Քաղաքական թայմինգը եւ պլամաւորումը ենթադրում է ոչ թէ գտնւել մշտական պաշտպանութեան մէջ այլ ճիշտ ժամանակին արդիւնքին միտւած յարձակման մէջ: Սա է աւտորիտարիզմը կանխելու մարտավարութիւններից մէկը: Հակաաւտորիտարիստ լինելը եւս մէկ կոնտրաստ է, որը կարող է հանրային կոնսոլիդացիոն ռեսուրսի հաւաքագրման մեկնարկ դառնալ զրկելով նրան «նախկիններ», «թալանչիներ», «կոռուպցիոներներ», «ռեւանշիստներ», «պատերազմ ուզողներ» որակումներից իրեն հակադիր քաղաքական ակտորների եւ հանրային դերակատարների նկատմամբ: Հասկանալի է, որ այս էպիտետները շուրջ 7 տարի բացասական քարոզչական ֆոն ստեղծելու համար օգտագործւել են անխնայ եւ մաշւել: Սա է պատճառը, որ հիմա էլ նոր՝ «ահաբեկիչներ» որակումն է դրւել քարոզչական շրջանառութեան մէջ:
Չշտապեմ, բայց Փաշինեանի հակաեկեղեցական քաղաքականութեան ձախողումն արդէն ակներեւ է: Նոյնիսկ, եթէ նա ճարահատեալ գնայ ռադիկալ քայլերի՝ դրանք լայն իմաստով դատապարտւած են անյաջողութեան: Շուրջ մէկ ամիս է նա հող է նախապատրաստում վճռական հարւածի համար, բայց այդ հարւածի վճռականութեանը չի գնում խուսափելով եւ ծանրութեթեւ անելով հետեւանքները:
Հետեւողական կերպով տարւող քարոզչական արշաւը ուղղւած Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակազրկմանն ու ապաբովանդակայնացմանը սոլիդ քաղաքական վնաս է հասցրել իշխանութիւններին։ Այս գործընթացն ունի համակարգային բնոյթ եւ ուղղւած է ոչ միայն հոգեւոր ինստիտուտի դէմ, այլ՝ ազգային ինքնութեան, պատմական յիշողութեան ու համազգային ինստիտուցիոնալ միասնականութեան դէմ, ինչի շահառուները հէնց այս յարձակման պատւիրատուներն են, իսկ դա անողը ունի մէկ շահ՝ գնալ դրան իր բաղձալի «վերարտադրութեան-խաղաղութեան թուղթը» ստանալու համար:
Իշխանութիւնը փորձեց ձեւաւորել հանրային ընկալում, ըստ որի՝ Եկեղեցին քաղաքական խանգարիչ է հասարակական առաջընթացին, խաղաղութեանը խոչընդոտող քաղաքականացւած կառոյց։ Սակայն այս գաղափարական ճակատամարտում Փաշինեանը բախւեց լայն դիմադրութեան, որը ձեւաւորւեց, ինչպէս հասարակական լայն շերտերում, այնպէս էլ քաղաքական ու հոգեւոր շրջանակներում։ Այս ձախողումը կարեւոր վկայութիւն է, որ հայ հասարակութիւնը ոչ թէ բացարձակ այլ որակեալ մեծամասնութեան մէջ պահպանել է իր հոգեւոր, մշակութային իմունիտետը՝ ընդդէմ դրանք ծայրայեղ վուլգար կերպով արմատախիլ անել փորձողների:
Այստեղ գալիս է քաղաքական թայմինգի պահը, երբ անհրաժեշտ է անցնել պաշտպանութիւնից դէպի ռազմավարական նախաձեռնութիւն՝ յարձակում աւտորիտարիզմի վրայ կանխելով դրա խորացումը:
Ներկայ փուլում ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխաւոր մարտահրաւէրն այլեւս միայն պաշտպանողական դիրքորոշման մէջ մնալը չէ։ Քանի որ հակաեկեղեցական արշաւն արդէն իսկ հարւած է կրել, կուզէք կոչէք ընդդիմութեան, կուզէք կոչէք հակաիշխանականների, կուզէք կոչէք պահպանողական հակաաւտորիտարիստների, կուզէք կոչէք իրական ժողովրդավարների առջեւ բացել է լայն հնարաւորութիւն՝ անցնելու գաղափարական, արժէքային, քաղաքական եւ պրակտիկ յարձակման։
Այլ կերպ ասած՝ իշխանութեան ծրագրի ձախողումը կարող է եւ պէտք է դառնայ ընդդիմադիր օրակարգ ձեւաւորելու հանգուցային կէտ։
Անհրաժեշտ է փոխել մոդելը․
1. Դուրս գալ Փաշինեանի գործողութիւններին միայն արձագանքելու եւ պաշտպանողական ռեժիմից։
2. Առաջ մղել արժէքահենք, գաղափարական ու հանրային վստահութիւն ներշնչող քաղաքական ռազմավարութիւն։ Կուզէք դա կոչէք հակաաւտորիտարիզմ, կուզէք կոչէք ազատագրում, բայց միայն դիմադրելով այլեւս խնդիրը չի լուծւում:
Իշխանութեան մանիպուլիատիւ մեխանիզմներին արձագանքելն այլեւս բաւարար չէ։ Պէտք է կառուցել պահպանողական հակաաւտորիտար յարձակողական քարոզ՝ ամրացրած ազգային ինքնութեան, հոգեւոր արժէքների եւ ինքնիշխանութեան շուրջ։
Հակաեկեղեցական քաղաքականութեան ճակատում կրած պարտութիւնը ցոյց է տալիս Փաշինեանի իշխանութեան սահմանափակ աջակցութիւնը այն հիմնարար ոլորտներում, որոնք ձեւաւորում են ազգային համախմբւածութեան հիմքը։ Սա պահպանողական հակաաւտորիտարիստների համար ոչ միայն հնարաւոր յաղթանակի նախանշան է, այլ՝ գործողութիւնների մեկնակէտ։
Կրկին, քաղաքական օրակարգը չպէտք է սահմանափակւի իշխանութեան ձախողումների պերմանենտ արձանագրմամբ եւ վերջ։ Այն պէտք է վերածւի գաղափարական նախաձեռնութեան՝ խորքային հասարակական կապեր վերականգնելու, արժէքային բեւեռ ձեւաւորելու, նախայարձակ ազգային ինստիտուտներին պաշտպան կանգնելու եւ դրանց շուրջ քաղաքական յաղթական առաջարկների շուրջ։
Յ. Գ. – Քաղաքական խաղը շուռ տալու լուրջ հնարաւորութիւններ կան:
Այլեւս պերմանենտ մարտահրաւէրներ պէտք է նետել եւ հետեւողականօրէն գնալ դրանց յետեւից ոչ թէ պերմանենտ մարտահրաւէրներ ընդունել եւ պաշտպանւել: Քաղաքական թայմինգից կամ կօգտւենք մենք կամ նա: Կամ Կաթողիկոսն է լքում իր աթոռը կամ Վարչապետը իր աթոռը, եթէ չկարողանայ նրան ստիպել դա անել:
ՎԵՐՋՆԱԽԱՂ»,- գրել է Վլադիմիր Մարտիրոսեանը։