Պատերազմը անհրաժեշտ պատրւակ էր Արցախն ու Հայաստանով անցնող միջանցքը յանձնելու համար
(Փաշինեանի կառավարութեան լռութիւնը համաձայնութեան նշան է)
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Բենիամին Մատթէոսեանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծութիւն, որում մասնաւորապէս ասւում է.
«Անցած 4 օրւայ ընթացքում Նիկոլ Փաշինեանը հասցրել է՝ այց կատարել Արագածոտնի մարզ, ընդունել Վրաստանի պաշտպանութեան նախարարին, հրաժեշտ տալ Հայաստանում Չինաստանի դեսպանին, այցելել ռեստորան, հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զէյային, թռաւ Բեռլին՝ դիտելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնութեան եզրափակիչը, եւ միեւնոյն ժամանակ նա իր «զբաղւած գրաֆիկում» ժամանակ չգտաւ արձագանգելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութեանը։
Յիշեցնենք, որ յուլիսի 12-ին Թուրքիայի նախագահը յայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի վերջին քայլն է։ «Մենք յուսով ենք, որ շուտով կայուն խաղաղութիւն կը հաստատւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն այս համաձայնագրի եզրափակիչ քայլն է։ (…) Բաքւի եւ Երեւանի միջեւ լիարժէք խաղաղութեան համաձայնագրի կնքումից յետոյ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը»,- ասել է Էրդողանը։
Ենթադրենք Փաշինեանը զբաղւած էր, իսկ ի՞նչ պատճառով Էրդողանի յայտարարութեանը չպատասխանեցին կառավարութեան աշխատակազմը, ՀՀ ԱԳՆ-ն կամ Գլխաւոր շտաբն ու ՊՆ-ն։ Այս ֆոնին էլ աւելի տրամաբանական են թւում «ամերիկեան դիւանագիտական դեսանտի» (Օ՛Բրայէնից մինչեւ Սամանթա Փաուեր եւ Ուզրա Զէյա) ներկայացուցիչների շուրթերից ակնարկները, որոնք վերջին մէկ ամսում դարձել են հայաստանեան քաղաքական կեանքի անբաժանելի մասը, ասելով, որ «սերնդի կամ գուցէ մի քանի սերնդի ընթացքում մէկ անգամ լինող հնարաւորութիւն կայ Կենտրոնական Ասիայից դէպի Միջերկրական ծով առեւտրային երթուղի կառուցելու համար»։
Ակնյայտ է, որ այսօր մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների զգալի մասը պտտւում է Հայաստանով, Սիւնիքով անցնող հաղորդակցութիւնների շուրջ, տխրահռչակ միջանցքի շուրջ, իսկ Փաշինեանի կառավարութեան եւ անձամբ «ՔՊ» առաջնորդի լռութիւնը հիմնաւոր կասկածներ է առաջացնում, որ «փակ դռների հետեւում» միջանցքն արդէն յանձնւել է: Հայաստանի իշխանութիւնները միայն տարբերակներ են փնտրում նրա յանձնումը «օրինականացնելու» համար։ Քաղաքական այս խճանկարի վերջին կտորը լինելու է ՀՀ իշխանութիւնների պահանջը՝ դուրս բերել ռուսական զինւրական կայազորը Սիւնիքից։ Եւ վստահաբար կարելի է ասել, որ նրանք ընդունակ են դա անել։
Եթէ դա տեղի ունենայ, ապա Հայաստանի հարաւը կը դառնայ Ալիեւի ճաշացանկի հերթական ուտեստը։ Սա «մերկացնելու է» Հայաստանի հարաւային պաշտպանական գիծը, կը նւազեցնի Սիւնիքի անվտանգութեան մակարդակը, ինչը Ալիեւի եւ Էրդողանի համար կը բացի Հայաստանի նոր տարածքներ գրաւելու դարպասները։
Չէ՞ք հաւատում: Իսկ դուք կարդացէք Իրանի Իսլամական Հանրապետութեան արտաքին գործերի երկարամեայ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրապարակւած յուշերը, որտեղից պարզ կը դառնայ, որ Հայաստանը՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, պարզապէս հրաժարւել է աւելի ընդունելի պայմաններով պատերազմը դադարեցնել 2020 թւականին։
Զարիֆի յուշերն իրենց հերթին եւս մէկ անգամ ապացուցում են, որ 44-օրեայ պատերազմը անհրաժեշտ պատրւակ էր Արցախը եւ Հայաստանով անցնող միջանցքը յանձնելու համար։
Մտածէ՛ք այդ մասին…»։