Դաւիթ Ջամալեան. «Իրենց պէտք է ունենալ հակառուսական կազմաւորում Հարաւային Կովկասում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կազմում՝ զաւեշտալի է»
Յուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգէն Սարգսեանի անւան ռազմական ակադեմիայում ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանի, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Քրիստինա Քւինի եւ այլ պաշտօնեաների ներկայութեամբ ազդարարւել է «Արծիւ գործընկեր-2024» հայ-ամերիկեան համատեղ զօրավարժութեան մեկնարկը, որը կը տեւի մինչեւ յուլիս 24-ը։
Զօրավարժութեանը ներգրաււած են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զօրքերի եւ Կանզասի ազգային գւարդիայի զինծառայողները:
Զօրավարժութիւնը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողութիւններ։
Զօրավարժութեան նպատակն է՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելութիւններին մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիութեան մակարդակը խաղաղապահ գործողութիւնների շրջանակում, իրականացնել կառավարման եւ մարտավարական հաղորդակցման լաւագոյն փորձի փոխանակում, ինչպէս նաեւ բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստւածութիւնը:
Հայ-ամերիկեան զօրավարժութիւններն ի՞նչ կարող են տալ Հայաստանին, անհրաժեշտութեան դէպքում, Ամերիկայի Միացեալ Նահանգները կարո՞ղ է որեւէ կերպ երաշխիք լինել ՀՀ անվտանգութեանը եւ ցուցաբերել անհրաժեշտ օգնութիւն։
168.am-ի հետ զրոյցում ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը պատասխանելով այս հարցերին, ասաց՝ ԱՄՆ-ը սկզբունքօրէն չի կարող լինել ՀՀ անվտանգութեան երաշխիք։ Չի կարող երաշխաւորել ՀՀ անվտանգութիւնը, որովհետեւ Միացեալ Նահանգների քաղաքական կուրսը ենթադրում է Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից ամէն գնով։
«Միացեալ Նահանգները, որպէս իր այս քաղաքականութեան յենարան, տեսնում է Թուրքիային ու Ադրբեջանին, որոնց շահերը նոյնպէս չեն համընկնում ռուսական կենսական շահերի հետ, ուստի ԱՄՆ-ը լուռ համաձայնութեամբ ուղղորդում է թուրք-ադրբեջանական տանդեմի գործողութիւնները տարածաշրջանում։
Հայաստանի պարագայում ամէն ինչ յստակ է՝ անվտանգութեան ապահովման պատրանք ստեղծելով՝ Հայաստանին հեռացնել Ռուսաստանից։ Ընդորում, անվտանգութեան ասպարէզում առաջացնել անջրպետ, որովհետեւ զօրավարժութիւններն ինքնին, եթէ կազմակերպւէր համադրման տրամաբանութեամբ, օրինակ, եթէ ՀՀ-ում լինէր պետականակենտրոն իշխանութիւն, ապա դա այլ արդիւնք կը տար։
Ի դէպ, նախկինում մեր պաշտպանական գերատեսչութիւնը համագործակցութիւն ունեցել է, Կանզասի ազգային գւարդիայի հետ, սակայն նախկինում այդ համագործակցութիւնը չի հակադրւել հայ-ռուսական համագործակցութեանը։ Սակայն, այժմ այս ամէնն արւում է հակադրութեան տրամաբանութեամբ։ Կրկնում եմ՝ Միացեալ Նահանգներին ուղղակի պէտք է Հայաստանին կտրել Ռուսաստանից, յանգեցնել մի այնպիսի իրավիճակի, որ հայ-ռուսական ռազմական կապը խզւի։ Սա հերթական անգամ Հայաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու նպատակ ունի, որովհետեւ սկզբունքօրէն Հայաստանի անվտանգութիւնն այս զօրավարժութիւններով չի բարելաււելու, յատկապէս, որ խօսքը վերաբերում է խաղաղապահ բրիգադի լայն շրջանակին»,- շեշտեց Դաւիթ Ջամալեանը։
Ռազմական փորձագէտը շեշտեց նաեւ, որ այս զօրավարժութիւններն ի սկզբանէ իրականացւելու են երկրի անվտանգութիւնը բարձրացնելու շղարշի տակ, բայց իրականում հետապնդում են հայ-ռուսական ռազմական կապերի թուլացման նպատակ։ Այդ պատճառով էլ չպէտք է տրւել պատրանքների։ Աւելին՝ եթէ Միացեալ Նահանգները փորձում է ՆԱՏՕ-ական չափանիշեր ներդնել ՀՀ զինւած ուժերում, եւ սա աւարտւի նրանով, որ Հայաստանը դառնայ ՆԱՏՕ-ի անդամ, ապա այդ ամէնը հասկանալի կը լինի։ Բայց պէտք է գիտակցել մէկ պարզ ճշմարտութիւն, որ Հայաստանը երբեք չի դառնայ ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ չեն ցանկանում լրացուցիչ պարտաւորութիւն վերցնել իրենց վրայ։
«Պարզապէս իրենց պէտք է ունենալ մի հակառուսական կազմաւորում Հարաւային Կովկասում՝ ՆԱՏՕ-ի հեռաւոր մատոյցներում, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի կազմում։ Այս կոնտեքստում ամէն ինչ շատ աւելի զաւեշտալի է դառնում։
Ի դէպ, շատ ակնառու է վրացական օրինակը։ Արդէն որերորդ տարին է, վրացիները բռնել են եւրոինտեգրման ճանապարհը, բայց Վրաստանը ՆԱՏՕ-ից հրաւէր չի ստացել եւ չի էլ ստանալու, ԵՄ անդամ չէ։ Երբ բանը հասաւ նրան, որ փորձեցին Վրաստանին հարկադրել, որպէսզի երկրորդ ճակատ բացի ՌԴ-ի դէմ, Վրաստանի պետականակենտրոն կառավարութիւնը հակադրւեց։ Հասկանալով, որ Արեւմտեան պլանները Վրաստանի հետ ինչպիսին են, վարում են ինքնուրոյն քաղաքականութիւն՝ փորձելով առողջ յարաբերութիւնները վերականգնել ՌԴ-ի հետ, ինչը սարսափելի արձագանգ է առաջացնում Արեւմուտքի մօտ։ Գոնէ Վրաստանի օրինակին նայելով՝ պէտք է հասկանանք, որ այս ինտեգրացիա կոչւածը, որը Ռուսաստանի հետ կապերի խզում է ենթադրում, մեզ ոչինչ չի տալու, փոխարէնը՝ կարող է շատ վտանգաւոր արդիւնքի յանգեցնել»,- եզրափակեց Դաւիթ Ջամալեանը։