ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Ժաննա Վարդանեան. ««3+3» չի դառնայ հիմնական ձեւաչափ»

«ԱԼԻՔ» – Հարաւային Կովկասում Թեհրանի առաջ քաշած «3+3» ձեւաչափի կարեւորութիւնը հէնց այն առումով է, որ Իրանը մասնակցում է այդ ձեւաչափին: Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնեց իրանագէտ Ժաննա Վարդանեանը՝ անդրադառնալով տարածաշրջանում «3+3» խորհրդակցական հարթակի այսօր նախատեսւած հանդիպման նշանակութեանը:

Նրա խօսքով՝ Իրանը եւ Հայաստանը ունեն համատեղ շահեր, մասնաւորապէս Սիւնիքի եւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում, հետեւաբար յատկապէս այս հարցերի շուրջ երկու երկրները կարող են հանդէս գալ միեւնոյն դիրքերից եւ առաջ տանել սեփական օրակարգը, բայց այն կախւած է նրանից, թէ ինչ բնոյթի է լինելու այս ձեւաչափով քննարկումները:

Այս ձեւաչափով միայն 1 հանդիպում է կայացել, օրակարգում ներառւած են եղել տնտեսական եւ հաղորդակցութիւնների ապաշրջափակման, բայց ոչ քաղաքական հարցեր։ Իրանագէտը շեշտեց, որ 2-րդ հանդիպումը Իրանի ղեկավարութիւնն ամէն կերպ փորձեց կազմակերպել Թեհրանում: Իրանական կողմը ցանկանում է, որպէսզի ներգրաււածութիւն ունենայ տարածաշրջանում եւ աւելի խորացնի իր ազդեցութիւնը, այս հարթակի միջոցով, որոշակի յաջողութիւններ է ձեռք բերում:

Անդրադառնալով «3+3» ձեւաչափով նախատեսւած երկրորդ հանդիպմանը, Վրաստանի բացակայութեանը իրանագէտը նկատեց, որ Վրաստանը չի մասնակցել նախորդին եւ հիմա էլ չի մասնակցելու, եւ ըստ էութեան, սա ոչ թէ «3+3» այլ «2+3» ձեւաչափ է, իսկ Վրաստանի բացակայութիւնը պայմանաւորւած է ռուսական գործօնով, որովհետեւ Վրաստանը հրաժարւում է մասնակցել ցանկացած տեսակի ձեւաչափերին, որտեղ ներկայ է նաեւ Ռուսաստանը:

Հետեւաբար, քանի որ այս ձեւաչափում այդ երկիրը եւս ներկայ է, կարող ենք յստակեցնել, որ առհասարակ Վրաստանը չի մասնակցի, լինի այս ձեւաչափով կամ որեւէ ուրիշ:

Վարդանեանի պնդմամբ՝ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է եւրոպական ձեւաչափերից եւ սկսել է առաջ տանել թէզը, որ տարածաշրջանի հարցերը պէտք է լուծւեն տարածաշրջանի երկրների ձեւաչափում, եւ ադրբեջանական կողմի այս մօտեցման արդիւնքում է, որ կայանում է «2+3» ձեւաչափի երկրորդ նիստը:

«Իրականում, դեռեւս պատերազմից յետոյ երբ Ադրբեջանն ու Թուրքիան առաջ քաշեցին «3+3»-ի գաղափարը այս երկրները միտում ունէին չէզոքացնել այդ ժամանակ գոյութիւն ունեցող բանակցային հարթակները, որին հասնելուց յետոյ «3+3»-ը մոռացութեան մատնւեց, եւ միայն Իրանն էր, որ շարունակ յիշեցնում էր բանակցութիւնների այս ֆորմատի անհրաժեշտութեան մասին, նաեւ չմոռանանք, որ Իրանի արտաքին քաղաքականութեան հիմնաքարերից այն է, որ տարածաշրջանի հարցերը պէտք է լուծւեն տարածաշրջանի երկրների միջոցով, հետեւաբար այս հարթակը լիովին Իրանի ցանկութեամբ է»,- նշեց իրանագէտը:

Ինչ վերաբերւում է Ադրբեջանին, ապա Վարդանեանը կարծում է, որ Ադրբեջանը այժմ էլ օգտագործում է բանակցութիւնները միւս հարթակներից խուսափելու համար, եւ միտում չունի գործընթացը հիմնական դարձնելու եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման համար, որովհետեւ առհասարակ, Ադրբեջանի քաղաքականութիւնը միտւած չէ, բանակցային ճանապարհով հարցերը կարգաւորելուն, այլ ցանկացած իրավիճակում, Ադրբեջանը դիմում է ուժի կիրառման եւ այդ կերպով է զիջումներ կորզում:

«Միւս կողմից, չեմ կարծում, որ Ադրբեջանը, Թուրքիան ինչպէս նաեւ՝ Ռուսաստանը ցանկութիւն ունենան, Իրանի դերակատարութեան մեծացման բանակցային հիմնական գործընթացներում եւ Իրանը տեսնել որպէս ակտիւ մասնակցի, հետեւաբար «3+3» չի դառնայ հիմնական ձեւաչափ, որով հնարաւոր կը լինի թէ՛ խաղաղութեան պայմանագիր կոչւածը ձեւակերպել, թէ՛ որեւէ այլ տեսակի հարց լուծել:

Այսինքն հակւած չեմ կարծել, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կը ցանկանան Իրանի ակտիւ մասնակցութիւնը, մասնաւորապէս Սիւնիքի ուղղութեամբ Իրանի ունեցած դիրքորոշման պատճառով»,- նշեց իրանագէտը:

Անդրադառնալով, «3+3» ձեւաչափի ֆոնին, Ադրբեջանի ու Թուրքիայի անցկացրած համատեղ զօրավարժութիւններին Ժաննա Վարդանեանը յիշեցրեց, որ նրանք յաճախ են զօրավարժութիւններ անցկացնում, որոնք նաեւ ցուցիչ է առ այն, որ այդ երկրները չեն հրաժարաւել «Զանգեզուրի միջանցք»-ից, թէեւ վերջին շրջանում «հռետորաբանութեան մեղմացում» է նկատւում եւ խօսւում է այն մասին, որ սակայն, բնաւ չի նշանակում, որ իրենք դադարում են Սիւնիքի նկատմամբ ունեցած նկրտումներից, պարզապէս, ժամանակաւորապէս տակտիկա են փոխում, որով միտում ունեն Հայաստանին ճնշելու եւ ցոյց տալու, իբր Հայաստանը դուրս է մնում տարանցիկ նախագծերից եւ այդ ճանապարհով հասնել՝ Սիւնիքի օկուպացիային:

«Սիւնիքի օկուպացիան թուրք-ադրբեջանական օրակարգում է եւ այն միանգամայն ակնյայտ է թէ՛ այս երկրների կողմից իրականացւող քարոզչութեան, թէ՛ երկարաժամկէտ պլաններից, որը որդեգրել են Ադրբեջանն ու Թուրքիան, ընդորում ոչ միայն Սիւնիքի, այլ ամբողջ Հայաստանի նկատմամբ»,- յստակեցրեց իրանագէտը:

Յիշեցնենք, որ համագործակցութեան տարածաշրջանային այս ձեւաչափն առաջարկւել է 44-օրեայ պատերազմից յետոյ։ Ձեւաչափի երկրորդ նիստը կանցկացւի այսօր հոկտեմբերի՝ 23-ին Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները կը հանդիպեն Թեհրանում, որից առաջ միայն մէկ հանդիպում է կայացել՝ 2021 թւականի վերջին՝ առանց Վրաստանի։

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Related Articles

Back to top button