ԱԳՆ խօսնակ. «Հայաստանից անցնող երթուղին չպէտք է վնասի միջազգային սահմանները, հակասի Հայաստանի ինքնիշխանութեանը, յանգեցնի աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը»

«ԱԼԻՔ» – «Իրանը մշտապէս ընդգծել է իր զգայուն վերաբերմունքը Հարաւային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայութեան եւ միջամտութեան հանդէպ»: Այս մասին Հանրապետութեան նախագահի Հայաստան ուղեւորութեան նախօրէին յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Նա ընդգծել է, որ տրանսպորտային եւ հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը եւ ստեղծումը, այդ թւում՝ Հայաստանի հարաւով անցնող երկաթուղային գիծը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջեւանի հետ, չպէտք է վնասի միջազգային մակարդակով ճանաչւած սահմաններին, հակասի Հայաստանի ինքնիշխանութեանը կամ յանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան փոփոխութեանը։
«Իրանն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ անհրաժեշտութեան դէպքում իր մտահոգութիւնները կը յայտնի տարածաշրջանի երկրներին՝ կանխելու համար ցանկացած արտատարածաշրջանային միջամտութիւն, որը կարող է վնաս հասցնել Հարաւային Կովկասի խաղաղութեանը, կայունութեանը եւ անվտանգութեանը»,- յստակեցրել է ԱԳՆ խօսնակը: