ՄիջազգայինՔաղաքական

Բայդէնն առաջին անգամ քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ նախագահութիւնից հեռանալուց յետոյ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախկին նախագահ Ջօ Բայդէնն ապրիլի 15-ին, իր առաջին հրապարակային ելոյթն է ունեցել նախագահի պաշտօնը թողնելուց յետոյ։ Հաղորդում է Agence France-Presse:

Սպիտակ տան նախկին ղեկավարը սուր քննադատութեան է ենթարկել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի քաղաքականութիւնը։

«100 օրւայ ընթացքում այս վարչակազմն այնքան մեծ վնաս եւ աւերածութիւն է արել, պարզապէս ապշեցուցիչ է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան արագ»,- ասել է Բայդէնը՝ Չիկագոյում հաշմանդամութեան պաշտպանների համաժողովում: «Մենք երբեք այսքան պառակտւած չենք եղել»,- յաւելել է նա։

Նախկին նախագահը խօսել է խռպոտ ձայնով եւ երբեմն կակազել է։ Ըստ AFP-ի՝ նա «ժամանակ առ ժամանակ ծերութեան նշաններ է ցոյց տւել. Բայդէնը «դժւարութեամբ էր գլուխ հանում հանպատրաստից կատակներից» եւ յաճախ ընդհատում իր խօսքը՝ «ամէն դէպքում» պարազիտ բառով», նշել է գործակալութիւնը։ Նախկին նախագահը Թրամփին անունով չի կոչել, այլ նրան անւանել է «այդ տղան»։

«Նրանք կացնային որոշումներ են  կայացրել Սոցիալական ապահովութեան վարչութիւնում՝ դռնից դուրս շպրտելով 7000 աշխատակցի»,- ասել է Բայդէնը՝ նկատի ունենալով SSA-ը՝ ԱՄՆ ազգային գործակալութեանը, որը վճարում է կենսաթոշակներն ու հաշմանդամութեան նպաստները: «Պատմութեան մէջ առաջին եւ միակ անգամ Սոցիալական ապահովութեան նպաստները կարող են յետաձգւել կամ ընդհատւել», – նշել է նա:

«Սոցիալական ապահովութիւնն աւելին է, քան կառավարութեան ծրագիր, սա սուրբ խոստում է, որը մենք տւել ենք որպէս ազգ»,- ասել է նախկին նախագահը։

Նա դէմ է արտայայտւել Թրամփի վարչակազմի կառավարութեան ծախսերի կրճատմանը, ասելով, որ դրանք կը վնասեն աղքատներին:

«Իսկ ի՞նչ անի 94-ամեայ մայրը, ով ապրում է միայնակ եւ իր ընտանիքում միլիարդատէր չունի»,- ասել է Ջօ Բայդէնը։

Related Articles

Back to top button