Պեսկով. «Ռուսաստանցի զինւորականները երբեմն «ստիպւած են միջոցներ ձեռնարկել» Բալթիկայում»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի զինւած ուժերը երբեմն ստիպւած են միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան տարբեր ջրատարածութիւններում, ներառեալ՝ Բալթիկայում, նաւագնացութեանը խոչընդոտող եւրոպական երկրների սադրանքների։ Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մի շարք ջրատարածութիւններում, ներառեալ՝ Բալթիկայում, եւրոպական երկրները եւ ափամերձ պետութիւնները բազմաթիւ սադրիչ գործողութիւններ են ձեռնարկում, որոնք, մեր կարծիքով, բացարձակապէս չեն նպաստում առեւտրային նաւագնացութեան ազատութեան ապահովմանը»,- նշել է Կրեմլի պաշտօնական ներկայացուցիչը՝ պատասխանելով առեւտրային նաւերին առնչւող միջադէպերի հարցին։
«Երբեմն դա մեր զինւած ուժերին ստիպում է, այսպէս ասած, միջոցներ ձեռնարկել կարգուկանոնը վերականգնելու համար»,- ընդգծել է նախագահի խօսնակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հրաժարւել է մեկնաբանել Ֆրանսիայի ափերի մօտ նաւթատար նաւի կալանաւորման մասին լրատւամիջոցների հաղորդագրութիւնները՝ պատժամիջոցները խախտելու կասկածանքով։ «Ինչ վերաբերում է կոնկրետ նաւին, որի մասին մենք խօսում ենք, ես ոչինչ չեմ կարող ասել. մենք որեւէ տեղեկութիւն չունենք, ուստի չգիտենք, թէ որ նաւի մասին է խօսքը»,- պարզաբանել է Պեսկովը։