5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրայ անելու համար, բայց Փաշինեանը կարողացաւ դա անել
«Նիկոլ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնը յանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարւայ ընթացքում նա կարողացաւ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի Հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով Եւրոխորհրդարանում Նիկոլ Փաշինեանի ելոյթին։
«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինեանը չկարողացաւ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականութիւն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդէն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ յայտարարել է, որ Հայաստանն Արեւմտեան Ադրբեջան է, եւ Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրաւունքները Հայաստանի վրայ։ Փաշինեանն ընտրեց անպատասխանատու քաղաքականութիւնը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձեւով տասնեակ տարիներով զինւում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարւել այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանն է վարւում։ Կապ չունի՝ սիրում ենք, թէ չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պէս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնւող երկիր է, առաջնահերթութիւնը ժողովրդի անվտանգութիւնն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգութիւնը»,- ասաց Փափազեանը։
Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրայ անելու համար, բայց Փաշինեանը կարողացաւ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծւած իրավիճակում, երբ նոյնիսկ Փաշինեանն է խօսում Ադրբեջանի կողմից յարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դէմ խօսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցութեան փոխօգնութեան պայմանագրեր ենք կապել։
«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցւածքը 44-օրեայ պատերազմի ընթացքում, յետպատերազմական կոնտեքստի մէջ, Արցախի հայաթափման քաղաքականութեան հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պէտք է լաւ հասկանայ ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականութեամբ Փաշինեանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նոյն Սփիւռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնութիւններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակաւոր ներկայացուցիչը։
Փափազեանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մէջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պէտք է պրագմատիկ լինել, պէտք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրութիւններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթութիւնը ժողովրդի անվտանգութիւնն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այն ինչ 5 տարւայ ընթացքում Փաշինեանը միայն սխալ որոշումներ է կայացրել։
«Ես չեմ հասկանում՝ ինչպէ՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահութիւնը վայելել՝ անհասկանալի է, որովհետեւ ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականութեամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտրել որոշումներ՝ Փաշինեանի կողմից արւած, որ ասեմ՝ լաւ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթէ վաղն Ադրբեջանը յարձակւի Հայաստանի վրայ, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ Փաշինեանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին»,- հարցնում է Փափազեանը։
Փաշինեանի՝ բացայայտ գործող եւ թաքնւած քարոզիչներն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայաստանին օգնութեան կը գայ Արեւմուտքը՝ Եւրոմիութիւնն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մուրադ Փափազեանը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արեւմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական եւ այլն։ Դա կարեւոր է, սակայն հարց է առաջանում՝ արդեօք Եւրոպան զօրք կուղարկի՞ Հայաստան, եթէ Ադրբեջանը յարձակւի։ Զէնքի հաւասարակշռութիւնը խիստ խախտւած է, ու եթէ Ադրբեջանը յարձակւի, Հայաստանը հողի վրայ դաշնակից պէտք է ունենայ։
«Դաշնակից ունէր Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինեանը եկաւ ու հաստատեց հակառուս իշխանութիւն Հայաստանում։ Ճիշտ հասկացէք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պէտք է պրագմատիզմ ունենայ, թէ որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգութիւնն ապահովել։ Փաստօրէն, իր քաղաքականութեամբ 5 տարւայ մէջ տեսանք հետեւանքները»,-եզրափակեց Մուրադ Փափազեանը։