Բագրատ Սրբազան. «Աշխարհում չկան առաջնորդներ, որոնք պարտութեամբ հպարտանում են, նրանք ինքնասպան են լինում, կամ հեռանում են»
![](/wp-content/uploads/2025/02/627-780x470.jpg)
«ԱԼԻՔ» – «Մենք, վերջերս, ականատես ենք լինում առաջնորդութեան չգոյութեանը եւ ապշում ենք, որ այդ իրականութեան մեջ ենք ապրում»: Այս մասին փետրւարի 8-ին սոցցանցերում հրապարակած տեսանիւթում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Բաւարար չէր Ցեղասպանութեան ժխտումը այս չարիքի կողմից, ուրացումը, նաեւ շարունակութիւնը իր եւ իր արբանեակների միջոցով նահատակութեան գաղափարի պղծմամբ: Նահատակութիւնը ներկայացնել որպէս մեռնել: Նահատակութիւնը մեռելութիւն չէ, նահատակութիւնը պարտութիւն չէ, նահատակութիւնը առաջնորդութիւն է, զօրութիւն է: Այն ազգերը, որոնք պատրաստ են նահատակութեան, նրանք են վայելում լաւ ապրելը»,- ասել է նա:
Նրա խօսքով՝ ՀՀ գործող իշխանութեան վերջին զաւեշտն այն է, որ 44-օրեայ պատերազմում պարտութիւնը հանրահռչակել է որպէս ՀՀ ինքնիշխանութեան, անկախութեան ձեռք բերելու ճանապարհ:
«Չկայ նման բան աշխարհում, պարտութիւն կրած մարդը ինչպէս կարող է իր պարտութեան, կամ իր միջոցով եկած պարտութեան մասին նման բան անել: Աշխարհում չկան առաջնորդներ, որոնք պարտութեամբ հպարտանում են, նրանք կամ ինքնասպան են լինում, կամ հեռանում են, որպէսզի պետութիւնը շարունակական կորուստների չմատնւի, ինչպէս մեր պարագայում է, որպէսզի ժողովուրդը կարողանայ վերականգնւել»,- ասել է Բագրատ Սրբազանը:
Նա կրկին շեշտել է, որ չարիքի այս իշխանութիւնը կը հեռանայ ճիշտ այն պահին, երբ բոլորը պատրաստ կը լինեն այն իրականացնելու եւ իրագործելու:
«Թերանալու, սխալւելու իրաւունքն չունենք։ Սա մեր յաղթանակի կռիւը պէտք է լինի, ընթացիկ որեւէ այլ քայլ եւ գործողութիւն չի լինելու, այն պէտք է լինի վերջնական ու յաղթանակի մարտը։ Սա մեր ազգային-ազատագրական պայքարն է, մեր քաղաքակրթական, արժէքների ընտրութեան պայքարն է, եւ մենք կոչւած ենք այդ ընտրութեան մէջ յաղթանակ կնքելու:
Այս չարիքի իշխանութիւնն ապրում է հոգեվարքի մէջ։ Չեմ դադարելու ասել, բազմաթիւ տեղեկութիւններ ենք ստանում այդ հոգեվարքի վկայութեան մասին։
Մեր յաղթանակը մեր առջեւում է, մեր անելիքը մեր դիմաց է եւ այն չի ուշանալու»,- ասել է Բագրատ Սրբազանը։