Ղալիբաֆ. «Ցանկացած ագրեսիայի պատասխանելու ենք ուժով»
«ԱԼԻՔ» – «Բազմիցս յայտարարել ենք, որ չենք ձգտում պատերազմի, սակայն ցանկացած ագրեսիայի պատասխանելու ենք ուժով»: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 12-ին, Բէյրութում, լիբանանեան Al Mayadeen հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ յիշեցենելով, որ Իրանը դա յստակ ցոյց է տւել նախկինում.«Յուսով ենք, որ թշնամիներն անհրաժեշտ հետեւութիւններն արել են այդ բոլորից»:
Անդրադառնալով վերջին օրերին Իրանի դէմ հնարաւոր գործողութիւնների վերաբերեալ Սիոնիստական ռեժիմի տարբեր պաշտօնեաների յայտարարութիւններին, Ղալիբաֆն ասել է. «Մենք չենք հասկանում «շրջանակներում ու պայմաններում» պատասխանի իմաստը եւ անպատասխան չենք թողնի մեր երկրի դէմ որեւէ ագրեսիա:
«Ճշմարիտ խոստում-2» գործողութեան ժամանակ մեր պատասխանը եղել է միայն ռազմական եւ թիրախաւորել ենք օկուպացւած տարածքներում գտնւող ռազմական, հետախուզական եւ անվտանգային յենակէտերը»:
Անդրադառնալով խիստ վտանգաւոր եւ ճգնաժամային պայմաններում Լիբանան կատարած իր այցին, Իսլ. խորհրդարանի նախագահը նշել է, որ դա յստակ մեսիջ է այն մասին, որ Իրանին անհնար է վախեցնել սպառնալիքներով. «Մենք ոչ մի բանից չենք վախենում, եւ ես անձամբ եմ ղեկավարել ինքնաթիռը Լիբանան իմ ճամփորդութեան ժամանակ: Մեզ համար հաճելի է լինել լիբանանցիների մէջ եւ այցելել տուժած վայրերը:
Մենք ցանկանում ենք ցոյց տալ, որ հետեւում ենք մեր առաջանորդ այաթ. Խամենէիի օրինակին, ով ուրբաթօրեայ աղօթքը կատարեց՝ չնայած թշնամու բոլոր սպառնալիքներին:
Մենք Լիբանան այցելելու հետ կապւած վախեր չունենք: Այս ուղեւերութիւնն էլ կազմակերպւել էր՝ հիմնւելով միջազգային օրէնքների վրայ»:
Ղալիբաֆը կրկին յիշեցերել է, որ հարեւան երկրների տարածքը չպէտք է օգտագործւի Իրանի դէմ որեւէ ագրեսիա իրագործելու համար. «Եթէ նման բան տեղի ունենայ, բնական է եւ տրամաբանական, որ մենք կը թիրախաւորենք այն տարածքները, որոնք օգտագործւել են Իրանի դէմ ագրեսիա իրականացնելու համար: Մենք վստահ ենք, որ մեր հարեւանները կը յարգեն այս հարցը, ինչպէս նախկինում»:
Ղալիբաֆը հանդիպել է Լիբանանի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ
Յիշեցնենք, որ Բէյրութ կատարած այցի ընթացքում, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի եւ վարչապետ Նաջիբ Միքաթի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկւել են Լիբանանում տիրող ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծւել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի արդիւնքում: Ղալիբաֆը Լիբանանի վարչապետին եւ խորհրդարանի նախագահին է փոխանցել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի, Իրանի ժողովրդի, կառավարութեան եւ խորհրդարանի ջերմ ողջոյնները, եւ կրկին վստահեցրել է, որ այս դժւարին պահերին Իրանը շարունակելու է կանգնած մնալ Լիբանանի կողքին:
Նա այցելել է նաեւ սիոնիստական թշնամու ագրեսիայից տուժած Բէյրութի Դահիա եւ Ալ Բասթէ թաղամասեր եւ տեղում ծանօթացել է ստեղծւած ծանր իրավիճակին ու պատասխանել է լրագրողների հարցերին:
Նշենք, որ Իսլ. խորհրդարանի նախագահը Բէյրութից մեկնել է Ժնեւ, մասնակցելու միջխորհրդարանական համաշխարհային նիստին: