Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին եւ Արցախին առնչւող 2 բանաձեւ է ընդունել
«ԱԼԻՔ» – ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Գասպար Վելդկամպը։
Լսումների ընթացքում առաջադրւել է Հայաստանի Հանրապետութեանն առնչւող 2 բանաձեւ։ Համաձայն ընթացակարգի՝ բանաձեւի նախագիծը ներկայացւում է հեղինակներից մէկի կողմից. առաջին բանաձեւի հեղինակներն են պատգամաւորներ Իսա Կահրամանը (NSC) եւ Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով բանաձեւի նախագիծը՝ Իսա Կահրամանը նշեց, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգութեան պահպանման վերաբերեալ։
Բանաձեւի մէջ մասնաւորապէս նշւում է.
«Նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թւականի սեպտեմբերին յարձակւել է Լեռնային Ղարաբաղի վրայ, ինչի հետեւանքով գրեթէ ողջ բնակչութիւնը փախել է Հայաստան եւ մինչ օրս չի վերադարձել իրենց տները, եւ քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգութիւնը այդ տարածքում. կոչ ենք անում կառավարութեանը հանդէս գալ հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան օգտին՝ ինչպէս ԵՄ, այնպես էլ ԻՒՆԵՍԿՕ-ի 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի շրջանակներում»։
Նիդեռլանդների ԱԳ նախարարը բանաձեւի նախագծին առարկութիւններ չներկայացրեց, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետեւանքներ, եւ որ կառավարութիւնը կողմ է հայկական մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու կոչին։
Բանաձեւն ընդունւել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնութեամբ։
Երկրորդ բանաձեւի հեղինակներն են պատգամաւորներ Սեդերը (ChristenUnie), Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտեն (D66), Դե Ռոնը (PVV) եւ Կահրամանը (NSC)։ Բանաձեւի նախագիծը ներկայացրեց Դոն Սեդերը։
Բանաձեւի մէջ ընգծւում է, որ երեք տասնամեակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եզակի հնարաւորութիւն է ստեղծւել, հետեւաբար, կարեւոր է լիարժէք ներգրաււել խաղաղութեան գործընթացում։ Ընդգծւեց նաեւ, որ դեռեւս առկայ են խոչընդոտներ, այդ թւում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Բանաձեւը կոչ է անում կառավարութեանը եւրոպական այլ երկրների հետ միասին աւելացնել ճնշումն Ադրբեջանի վրայ՝ բոլոր հայ ռազմագերիներին հնարաւորինս արագ ազատ արձակելու նպատակով։
ԱԳ նախարարը բանաձեւի նախագծին առարկութիւններ չներկայացրեց, հաստատելով, որ կառավարութեան համար այժմ կարեւոր է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարութեան հետ շփումների ժամանակ երկու կողմերին կոչ է արել կնքել խաղաղութեան համապարփակ համաձայնագիրը։ Այս համատեքստում նախարարը կանդրադառնայ տարբեր կատեգորիաների բանտարկեալների ազատ արձակման հարցին, որոնց թւում են անշուշտ նաեւ հայ բանտարկեալները։ Ըստ նախարարի՝ զինւած հակամարտութեան աւարտից յետոյ ռազմագերիների ազատ արձակումը պարտաւորութիւն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերից։
Երկրորդ բանաձեւը եւս ընդունւեց ձայների մեծամասնութեամբ։