Հայաստան - ԱրցախՔաղաքական

Առաջնորդութեան «Տաղաւար դեպրեսիա»

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Իհարկէ, Հայաստանում ապշելու շատ բան կայ։ Բայց նոյնիսկ եօթը տարի ամէն ինչ տեսած հասարակութեան համար քաղաքական առաջնորդութեան այսօրւայ պահւածքը, միեւնոյն է, ապշեցուցիչ է։

Մի ամբողջ ազգ յետեւում է, թէ Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողութիւնների եւ մտքերի լիակատար ազատութիւն։ Նա դա ստացել է այն պարզ պատճառով, որ նրան այդ հնարաւորութիւնը տրւել է։

Ես չգիտեմ, թէ ո՛ր օրը նա ինչ կանի, չեմ էլ ուզում գուշակել, բայց ես գիտեմ այլ յստակ բան.

– Տասնեակ-հազարաւոր ընտանիքներ ու անհատներ պատրաստ են պայքարի. նրանց համար այս վիճակը կենսականօրէն անընդունելի է, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետեւ չկայ կազմակերպողը։

– Վաղը- միւս օրն անխուսափելիօրէն հարցեր են լինելու նրանց, ովքեր կարող էին, պարտաւոր էին կազմակերպել- առաջնորդել, բայց չեն արել։

Տարբեր անհատների կողմից հրապարակային հնչել եւ հնչում են բազմաթիւ առաջարկներ, որոնք կորում են՝ չստանալով ռեալիզացիայի շանս։ Որովհետեւ չկայ կազմակերպիչ- առաջնորդի միաւորը, ինստիտուտը։

Ես ինքս յոգնել եմ առաջարկներ հնչեցնելուց, եւ երեւի ժամանակն է դադարեցնելու։ Քանի չկայ հասցէատէրը՝ ազնիւ-աշխատունակ միաւորը (միաւորները), դա երեւի անիմաստ է։ Երէկ ընկերներիցս մէկը, իմ մի քանի առաջարկները կարդալուց յետոյ, իր կողմից որպէս հետաքրքիր գաղափար առաջարկեց հեռաւոր 1989 թւականի օգոստոսի 23-ին բալթեան երեք պետութիւնների քաղաքացիների կենդանի շղթայի օրինակը՝ յաջակցութիւն անկախութեան գաղափարի։ Այն ժամանակ սա շոկային էր միջազգային հանրութեան համար։ Ահռելի ազդեցութիւն թողեց։ Երեք հանրապետութիւնների քաղաքացիներ ձեռք-ձեռքի տւեցին մէկ ընդհանուր գաղափարի համար։

Իսկ ինչո՞ւ չի կարելի կազմակերպել Երեւան-Էջմիածին շղթան կամ բոլոր եկեղեցիների միաժամանակեայ աջակցութեան շղթան, որով հազարաւոր քաղաքացիներ, ընտանիքներ իրենց աջակցութիւնը կը յայտնեն եկեղեցուն։

Իրականում շատ բան կարելի է անել, եթէ դրան կոչւած ինստիտուտները չլինեն անգործունեայ։ Խնդիրը լաւ գաղափարների կամ լաւ քաղաքացիների պակասը չէ։ Կազմակերպւած քաղաքական կառոյցների բացակայութիւնն է խնդիրը: Ես չգիտեմ, թէ ինչու ընդդիմադիր պատգամաւորները չեն դիմում ՍԴ՝ վարչապետի կողմից «եկեղեցու ռեֆորմների» հարցով։ Նա ուղղակի սահմանադրօրէն չունի նման լիազօրութիւններ։ Կան բազմաթիւ այլ հետաքրքիր գաղափարներ կան, որոնք կեանքի չեն կոչւում։ Եւ խօսքը միայն եկեղեցու թեմային չի վերաբերում։ Եղանա՞կն է խնդիրը։

Կարող են ասել՝ դուք արէք, մենք դաշտն ազատ ենք թողնում (ընդ որում, սա ասում են բացառապէս դժւար փուլերում)։ Սա, սակայն, սխալ պատասխան է, որովհետեւ կան ֆորմալ միաւորներ, որոնք ձեւաւորւել են ընտրութիւնների արդիւնքում, այդ թւում՝ մեր բոլորի ձայներով։ Պրոցես կազմակերպելու համար պէտք են նաեւ ռեսուրսներ, եւ շատ կարգին մարդիկ պարզապէս չունեն դրանք։

Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդութեան ճգնաժամը։ Միւս կողմից՝ յստակեցրեց լուծւելիք խնդիրը՝ նոր միաւորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ։

Related Articles

Back to top button