Ոչնչացնում են Կիրանցը. ադրբեջանական զինուժը կը տեղակայւի 90-ականների նման
Հայաստանի անվտանգային համակարգի ամենապաշտպանւած եւ ամուր հատւածը՝ Զինւած ուժերի 3-րդ բանակային կորպուսը, հայ–ադրբեջանական սահմանից հեռացրած եւ Հայաստանի անվտանգութեան գօտի Տաւուշի մարզի տարածքներն Ալիեւին յանձնած Նիկոլ Փաշինեանն իր այդ քայլը համարում է մեծ ձեռքբերում։
Այս մասին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինեանն ասել է Կառավարութեան մայիսի 16-ի նիստում՝ շեշտելով.
«Ես ուզում եմ ասել, որ տեղի ունեցածն ուզում եմ համարել մեծ յաջողութիւն: Երկու պատճառով եմ համարում մեծ յաջողութիւն, առաջինը՝ մեր ինքնիշխանութեան եւ անկախութեան հետագայ զարգացման եւ ամրապնդման համար դրւել է մի շատ կարեւոր անկիւնաքար, երկրորդը՝ մեր հանրապետութիւնն անկախութիւնից ի վեր առաջին անգամ ունի պաշտօնապէս դելիմիտացւած սահման, որն այս փաստով էականօրէն մեծացնելու է անվտանգութեան եւ կայունութեան մակարդակը՝ ոչ միայն նշւած գիւղերի հատւածում, այլեւ ընդհանրապէս ամբողջ Հայաստան–Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասել է նա։
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գառնիկ Դանիէլեանը եւս կատարւածը յաջողութիւն համարեց, սակայն՝ Ադրբեջանի ղեկավար Ալիեւի համար։
«Մենք ունենում ենք Կիրանց գիւղի ոչնչացում։ Սահմանազատման եւ սահմանագծման անւան տակ, իսկ իրականում՝ միակողմանի այս զիջումների հետեւանքով Կիրանց գիւղը բաժանւում է երկու մասի, որի երկրորդ մասն այլեւս կենսունակ չի լինելու։ Մարդիկ զանգել, ինձ ասում են՝ մեր տներում չենք ապրելու, մեր տներն այրելու ենք։ Փաշինեանին մարդիկ աւելի վաղ հարցրել են՝ ապահովո՞ւմ ես արդեօք մեր անվտանգութիւնը, ասել է՝ ոչ, հետեւաբար, հարց՝ ի՞նչն է Փաշինեանը համարում յաջողութիւն, չէ՞ որ Տաւուշի առաջնագիծը՝ հայկական պետութեան հիւսիս-արեւելեան սահմանները պաշտպանող բոլոր անվտանգային բարձիկները, նա նւիրում է Ալիեւին»,- ասաց Դանիէլեանը։
Վերջինս Փաշինեանին հարցրեց՝ Ալիեւի հերթական պահանջի դէպքում ի՞նչ է անելու, չէ՞ որ ադրբեջանական կողմից բացայայտ ասում են՝ սա ընդամէնն իրենց պահանջների բաւարարման առաջին փուլն է, եւ կան այլ փուլեր եւս։
«Արցախի կէսը տւեց, յետոյ ամբողջ Արցախը տւեց, յետոյ՝ Գորիս-Կապան ճանապարհը, յետոյ՝ Տաւուշի տարածքները, այսինքն՝ ինչ ուզում են, տալիս է»,- ասաց Դանիէլեանը՝ ընդգծելով՝ Ալիեւը վաղը պահանջելու է Բաղանիսում ապրողների եւ 90-ականներին կռւած հայերի անունները՝ ցուցակներով, եւ վստահ է, Փաշինեանը նաեւ այդ մարդկանց է յանձնելու։
«Այս մարդը չորս պատերազմ է բերել։ Նրա մնալը Հայաստանի չգոյութիւնն է։ Ալիեւի պահանջները չեն աւարտւում։ Կիրանցի մերձակայ գիւղերը ժամանակի ընթացքում եւս դառնալու են անկենսունակ։ Ադրբեջանն այդ տարածքներում տեղակայելու է ռազմական ստորաբաժանումներ, եւ սկսւելու է 90-ականների պատմութիւնը՝ սադրանքներ, գողութիւններ, հիմա սակայն ադրբեջանցիներին զսպող չի՛ լինելու. քայլելով են առաջանալու»,- ասաց Դանիէլեանը։