Ռուբէն Վարդանեանի ընտանիքը կոչով դիմել է միջազգային հանրութեանը
«ԱԼԻՔ» – Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի ընտանիքը միջազգային հանրութեանը կոչ է արել պահանջել նրա եւ միւս 22 հայ բանտարկեալների անվերապահ ազատ արձակումը։ Տեղեկացնում է Yerevan.today-ը:
Յիշեցենք, որ ադրբեջանական դատարանը մայիսի 16-ին հերթական անգամ երկարաձգել է Ռուբէն Վարդանեանի նախնական կալանքի ժամկէտը։ Նա 2023 թւականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահւում է Բաքւի բանտում։
«Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանութիւններն արհամարհել են միջազգային իրաւունքը եւ մարդկային արժանապատւութիւնը՝ Ռուբէն Վարդանեանին պահելով անազատութեան մէջ՝ առանց դատավարութեան եւ պատշաճ գործընթացի։ Նրանք շարունակում են հրաժարւել յայտնել, թէ երբ տեղի կունենայ պատշաճ դատավարութիւն կամ լսումներ իրենց այսպէս կոչւած «մեղադրանքների» հիման վրայ»,- ասւած է նրա ընտանիքի տարածած յայտարարութիւնում:
Հարազատները նշում են, որ Վարդանեանի կալանքը եւս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրաւական ընթացակարգի, մարդու հիմնարար իրաւունքների եւս մէկ կոպտագոյն խախտում է։
«Մինչ Եւրոխորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի եւ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի միջոցով շարունակւում է ուժգնանալ Ադրբեջանի վրայ միջազգային ճնշումները, մենք՝ Ռուբէն Վարդանեանի ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ կառավարութիւնների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներին, պահանջել Ռուբէն Վարդանեանի եւ միւս 22 հայ բանտարկեալների անվերապահ ազատ արձակումը, եթէ Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հիւրընկալելու արտօնութիւնը, որն Ադրբեջանը հռչակել է որպէս «Խաղաղության համաժողով»,– ընդգծել է ընտանիքը։
Վարդանեան ընտանիքի միջազգային իրաւախորհրդատու Ջարեդ Գենսերի խօսքով՝ խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրաւի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնաւորելու անհատականացւած ու կոնկրետ որոշման, Ռուբէն Վարդանեանի իրաւունքների հերթական կոպտագոյն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։