Իրանում «Պաղեստինի իսլամական ջիհադ»-ի ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆ. «Իրանի ներսում «Մուսադ»-ի գործակալների անւանացանկն «Ալ-Աքսայի փոթորկ»-ի արդիւնքում Դիմադրութեան ձեռքն է ընկել»
«ԱԼԻՔ» – «Ալ-Աքսայի փոթորկ»-ի ձեռքբերումները մեր պատկերացումներից վեր են: 50 իսրայէլական բազաներ են կոտրւել եւ ժամանակաւոր անցել դիմադրութեան ձեռքը, իսկ այս գործողութեան ընթացքում դիմադրութեանը յաջողւել է իսրայէլական հետախուզական սերւերներ մուտք գործել, որտեղ պահւած են եղել գործակալական ցանցերի անւանացանկեր, այդ թւում՝ Իրանում։
Իր քաղաքական վերլուծութիւններով մեդիադաշտին յայտնի «Շաբնամէ» ալիքի հաղորդավար՝ «Աղայէ թահլիլգար»-ի հրապարակումներից՝ 1404-ը կենտրոնացած էր Պաղեստինեան զարգացումների վրայ: Աղբիւրի համաձայն՝ դիմադրութեան ուժերից ՀԱՄԱՍ-ի մասնակցութեամբ բանակցային գործընթացը հաստատումն էր այն բանի, որ սիոնիստական ռեժիմը վերջապէս հաշւի նստելով ՀԱՄԱՍ-ի հետ այն դէ-ֆակտօ ճանաչել է որպէս պաշտօնական ուժ եւ հաստատել նրա իշխանութիւնը Գազայի հատւածի վրայ:
Այս նախաբանից յետոյ վերլուծաբանը հրապարակել է մի տեղեկատւութիւն, որի մասին առայժմ պաշտօնական հարթակներում լռութիւն է տիրում: Աղբիւրի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի բանակցային գործընթացների մասին հրապարակումների հետ մէկ տեղ, տարածւել է նաեւ մի կարեւոր տեղեկատւութիւն, որի համաձայն Գազայի դիմադրութիւնը սիոնիստական ռեժիմի լրտեսների հետախուզական սերւերներ ու կայքեր է ներթափանցել ձեռք բերելով յոյժ գաղտնի տեղեկութիւններ: «Այնտեղ կան նաեւ Իրանում հաւաքագրւած կամ արդէն հաստատւած սիոնիստական ռեժիմի գործակալների ու լրտեսների անունները»,- նշւած է հրապարակման մէջ:
Հեռուստամեկնաբանի խօսքով՝ Իրանի առաջնորդը վերջերս նշել էր, որ «Ալ-Աքսայի փոթորիկ»-ը ոչնչացրեց բոլոր այն ծրագրերը, որոնք նրանք կազմել էին տարածաշրջանի համար: Խօսքն այն բոլոր հակամարտութիւնների ու չակերտաւոր յեղափոխութիւնների մասին է, որոնք կառավարւել կամ աջակցւել են սիոնիստների գործակալական ցանցերի կողմից: Սկսած Սիրիայի ներքին պատերազմից, վերջացրած Կովկասեան զարգացումներով:
Մէկ այլ հրապարակման համաձայն, որը տեղ է գտել «Կովկասի ձայն» ալիքում, երբ Իրանում «Պաղեստինի իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Նասեր Աբու Շարիֆը յայտարարութիւն տարածեց այռ այն, որ Դիմադրութեան ուժերի իրականացրած «Ալ-Աքսայի փոթորիկ»-ի գործողութեան արդիւնքում բացայայտւել է նաեւ Իրանում «Մուսադ»-ի լրտեսների ցուցակը, նոյն օրը Բասիջի հրամանատարութիւնը մեծարման միջոցառում էր կազմակերպել գնահատելու Դիմադրութեան շարժման մէկ այլ ճակատի՝ Բաքւի Հանրապետութիւնում գործող «Հոսէյնիւն»-ի նւիրական ծառայութիւնների առիթով։
«Առաջին կարգի լրտեսները, թէկուզ փոքր ինչ խելք ունենալու դէպքում, կարող են այս երկու լուրերի միջեւ եղած կապը նկատել եւ հետեւութիւն անելով մտահոգւել իրենց ճակատագրով: Իմացողը կիմանայ ասածում եղած նրբութիւնը»,- գրել է նոյն կայքի մեկնաբան՝ դոկտ. Մոհամմադ Մոթլաղը:
Իսկ երբ, ինչպէս միշտ իր մեղմացուցիչ հանգամանքներում հանդէս գալով ԱԳՆ-ը յայտարարութիւն տարածեց, որ իբր Ադրբեջանի Հանրապետութեան հետ մեր յարաբերութիւնները լաւ ուղու վրայ են, ընդամէնը մէկ օր անց Բաքւի պաշտօնական աղբիւրներից սնւող «Ախար» կայքը գրում է. «Շատ շուտով մեր դրօշը կը ծածանւի Թաւրիզում»։
Այս կայքը այնուհետեւ գրել է. ««Հ-ա-ր-ա-ւ-ա-յ-ի-ն Ա-դ-ր-բ-ե-ջ-ա-ն»-ի քաղաքացիական շարժման մի խումբ ակտիւիստներ թռուցիկներ են բաժանել Թաւրիզ քաղաքով մէկ եւ գրել, որ քաղաքում շուտով ծածանելու են իրենց դրօշը»։ Այս մասին տեղեկացնելով «Ազարիհա» տելեգրամային ալիքը նշել է, որ ահա թէ որտեղից կարելի է սկսել այդ սիոնիստական գործակալական ցանցի անհատների որոնումը:
Առաւել ուշագրաւ հրապարակում կայ պատերազմական փորձագէտ-լրագրող Ջաֆարիի X հարթակի միկրոբլոգում, որտեղ օգտատէրը նշել է, որ Գազայում 52 օր շարունակւող պատերազմից ու աւերածութիւններից յետոյ, սիոնիստական ռեժիմի «հզօր» բանակը ոչ միայն չկարողացաւ գտնել ու ազատել պատանդներից եւ ոչ մէկին, այլեւ՝ նրան չյաջողւեց գերել դիմադրութեան մարտիկներից ոչ մէկին:
«…եթէ չլինէր Ամերիկան, նոյն պաղեստինցիներն արդէն հաշիւը մաքրած կը լինէին սիոնիստների հետ, իսկ հիմա, երբ ամերիկեան կողմն ասում է՝ դէմ է պատերազմի շարունակմանը եւ այլեւս չի կարող օգնել, ապա պարզ չէ, թէ Նեթանիահուն ումից զինամթերք մուրալով է ուզում շարունակել պատերազմը…»,- գրել է փորձագէտը եւ յաւելել, որ Էնթոնի Բլինքէնի Իսրայէլ կատարած անժամանակ այցից կարելի է կռահել, որ նա մէկ առաջադրանքով է մենկել տարածաշրջան՝ դա գործնականում գորգը Նեթանիահուի ոտքերի տակից քաշելն է: