ՄիջազգայինՔաղաքական

Սիրիայի խորհրդարանը կը ցրւի, կընդունւի նոր սահմանադրութիւն եւ կանցկացւեն նոր ընտրութիւններ

«ԱԼԻՔ» – Սիրիայի նոր իշխանութիւնները երկրի խորհրդարանը լուծարելու եւ նոր սահմանադրութիւն կազմելու որոշում են կայացրել. նոր սահմանադրութիւնը պատրաստելուց եւ հանրաքւէով հաստատելուց յետոյ պէտք է կայանան խորհրդարանական նոր ընտրութիւններ։ Ենթադրւում է, որ այդ գործընթացը 3-4 տարի ժամանակ կը պահանջի:

«Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին յայտնել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանը՝ խօսելով երկրում տիրող ընդհանուր իրավիճակի, ներքաղաքական կեանքում ընթացող զարգացումների, ինչպէս նաեւ հայ համայնքի շրջանում տիրող իրադրութեան վերաբերեալ։

Հայ պատգամաւորն, անդրադառնալով վերջերս տարածւած տեղեկութիւններին, որ Սիրիայի նոր իշխանութիւնները երկրի խորհրդարանը լուծարելու որոշում են կայացրել, նշել է, որ նման որոշում իսկապէս կայացւել է եւ դա վերաբերում է նաեւ երկրի սահմանադրութեան փոփոխութիւններին:

«Այո, խորհրդարանը լուծարելու որոշում կայացւել է եւ դա վերաբերում է նաեւ Սիրիայի նախորդ իշխանութիւնների օրօք գործող սահմանադրութեան գործածութեանը: Առաջիկայ օրերին պէտք է սահմանադրութեան մշակման մարմին ստեղծւի: Այս իմաստով շատ բան է ակնկալւում ազգային երկխօսութեան համագումարից, որտեղ, հաւանաբար, կը քննարկւեն երկրի համակարգի ձեւաչափը, ղեկավարման եղանակն ու պետութեան բնոյթը››,- ասել է պատգամաւորը:

Նրա բնորոշմամբ՝ հաշւի առնելով այս ամէնը՝ եթէ չկայ խորհրդարան, ապա չկան նաեւ պատգամաւորներ. «Սահմանադրութիւնը պատրաստելուց եւ հանրաքւէով հաստատւելուց յետոյ պէտք է կայանան խորհրդարանական ընտրութիւններ: Ենթադրւում է, որ այս գործընթացը 3-4 տարի ժամանակ կը պահանջի»:

Գաբրիէլեանի խօսքով՝ ներկայում Սիրիայում ամէն օր տեղի են ունենում նոր իրադարձութիւններ, իսկ երկրի պետական համակարգը հետզհետէ սկսում է ձեւաւորւել։

«Սիրիայում ամէն օր նորութիւններ են արձանագրւում: Երկրի պետական համակարգը հետզհետէ ձեւաւորւում է: Ամենից ուշագրաւն արտաքին յարաբերութիւններում նկատւած գերաշխուժութիւնն է թէ՛ Սիրիայի պետական այրերի՝ դէպի տարբեր երկրներ պաշտօնական այցելութիւնների, թէ՛ դէպի Սիրիա ժամանող արեւմտեան, արեւելեան, արաբական երկրների ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների այցերի առումով»,- նշել է Մարիա Գաբրիէլեանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի ներքին կեանքում գրանցւող իրադարձութիւններին, պատգամաւորն, այդուհանդերձ, նկատեց, որ ներքին անվտանգութեան իմաստով շարունակւում են առեւանգումները, կողոպուտները, սպանութիւնները՝ չնայած նրան, որ նման դէպքերի թիւը գնալով նւազում է։

«Իշխանափոխութեան եւ բանտերի դատարկման պայմաններում զարմանալի չէ նման դէպքերի արձանագրումը, մանաւանդ, որ վրէժխնդիր անհատները նման պայմանները պատեհ առիթ են համարում վրէժ լուծելու համար»,- ասել է Գաբրիէլեանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հասարակութեան սոցիալ-տնտեսական վիճակը շարունակում է մնալ անկայուն, քանի որ էլեկտրականութեան եւ ջրի հետ կապւած խնդիրները դեռեւս գոյութիւն ունեն։

«Սակայն մազութ, բենզին եւ գազ ցանկացած ժամանակ կարելի է ապահովել: Առաջին երկուսի գները նւազել են, սակայն գազի գինը բարձրացել է: Ապրանքատեսակների ու սննդի գները որոշ չափով նւազեցին, որովհետեւ սիրիական լիրայի արժէքն ամերիկեան դոլարի նկատմամբ մասամբ բարելաւեց իր դիրքերը: Տնտեսագէտները զգուշացնում են, որ այս բարելաւումը խաբուսիկ է, որովհետեւ ներմուծման եւ արտահանման ոլորտներում փոփոխութիւններ դեռեւս չկան»,- նկատել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամաւորը:

Պատգամաւորի բնորոշմամբ՝ զանազան երկրներ աջակցութեան կոչեր են անում, սակայն նրանք իրենց սատար կանգնելը կապում են Սիրիայի իշխանութեան տւած խոստումները կատարւած տեսնելու իրողութեան հետ:

«Արեւմուտքի կողմից սահմանւած պատժամիջոցները, տակաւին, զորեղ են, եւ դա պատճառ է դառնում ժողովրդի տառապանքի շարունակութեան։ Թէեւ եղան ոլորտներ, որոնցում ժամանակաւորապէս առկախւեցին պատժամիջոցները, սակայն այս քայլի արդիւնքը դեռեւս շօշափելի չդարձաւ»,- ասել է պատգամաւորը:

Մարիա Գաբրիէլեանը նաեւ տեղեկացրել է, որ Սիրիայի իշխանութիւնը պատրաստւում է ազգային երկխօսութեան համագումարի կազմակերպմանը, որի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող յանձնաժողովը վերջերս հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահի հետ։

Պատգամաւոր Մարիա Գաբրիէլեանի փոխանցմամբ՝ առաջիկայ ամսւայ ընթացքում սպասւում է նոր կառավարութեան նշանակումը. «Ակնկալւում է, որ այն բաղկացած կը լինի երկրի տարբեր բաղադրիչների ներկայացուցիչներից: Նշեմ, որ իշխանութեան ներկայացուցիչները բազմիցս արտայայտւեցին, որ նշանակումները պիտի լինեն ըստ կարողութիւնների եւ ոչ թէ համաձայն պատկանելիութեան»:

Պատգամաւորը, անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրութիւններին, նշել է, որ հայերի կեանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն։

«Հայկական բոլոր վարժարանները սովորականի նման շարունակում են դասերը, շարունակւում են հայերէն եւ քրիստոնէական կրօնագիտութեան դասընթացները, միութիւնները վերադարձել են իրենց գործունէութեանը, արւեստի դպրոցներն ու ակադեմիաները եւս վերադարձել են իրենց աշխատանքին»,- յայտնել է Մարիա Գաբրիէլեանը:

Նա նաեւ նշել է, որ արդէն շուրջ մէկ ամիս է, ինչ Հալէպում շարունակւում է գիշերային հսկողութեան աշխատանքը, եւ ապահովութեան պահպանման համար հայ երիտասարդները կէսգիշերից մինչեւ առաւօտ ինքնագլորներով շրջում են քաղաքում։

Մարիա Գաբրիէլեանի փոխանցմամբ՝ երկրի ներկայ ներքաղաքական կեանքում փոփոխութիւններ չեն նկատւում, քանի որ փոքրամասնութիւնները նախորդ իշխանութիւնների օրօք ունեցած իրենց իրաւունքները շարունակում են պահել։

«Չկայ ոչ մի միջամտութիւն դպրոցների, աղօթավայրերի կամ անձնական այլ հարցերի մէջ: Դրական երեւոյթ է նաեւ պետական կենտրոններում պաշտօնական վերաբերմունքի բարեփոխումը: Նկատելի է դիմորդների նկատմամբ յարգալից մօտեցումը եւ կաշառակերութեան նւազումը»,- եզրափակել է պատգամաւորը՝ նկատելով, որ Սիրիայի պետական կենտրոնները մէկը միւսի յետեւից վերաբացւում են եւ վերսկսում ծառայութիւնների մատուցումը։

Related Articles

Back to top button