Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ինչո՞ւ Փաշինեանը չի յիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թւականի պատերազմի աւարտին

Աներեւակայելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը մոռանար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արցախեան պատերազմի աւարտին ստորագրած փաստաթղթի կարեւոր մանրամասները։

Առաւել աներեւակայելի է այն փաստը, որ մինչ Փաշինեանը խեղաթիւրում է 2020 թւականի համաձայնագրի որոշ դրոյթներ, նա մեղադրում է ուրիշներին այն սխալ ներկայացնելու համար: Անհաւատալի է, որ այնուհետեւ նա կոչ է անում նրանց կարդալ համաձայնագրի տեքստը՝ յիշեցնելով, որ այն հասանելի է հանրութեանը:  

Փաշինեանը ստորագրել է 2020 թւականի համաձայնագիրը, որը կոչ է անում ապաշրջափակել «տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը», մասնաւորապէս նշելով մի ճանապարհ, որն անցնելու է Հայաստանով՝ ցամաքային Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապելու համար։ 2020 թւականից ի վեր նա տասնեակ անգամ կրկնել է, որ Հայաստանը պատրաստ է «այս առաւօտ» թոյլ տալ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքով մեկնել Նախիջեւան, եւ ոչ մի անգամ, մինչեւ 2024 թւականի օգոստոսի 31-ի իր մամուլի ասուլիսը, չի նշել, որ հայերը նոյնպէս իրաւունք ունեն Ադրբեջանով մեկնել Ռուսաստան։

Բարեբախտաբար, Ադրբեջանը խոչընդոտել է 2020 թւականի համաձայնագրի այս դրոյթը՝ պնդելով, որ Հայաստանով անցնող ճանապարհը պէտք է լինի «միջանցք», ինչը նշանակում է, որ հայկական տարածքը, որով անցնելու են ադրբեջանցիները, պէտք է լինի Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Սա հակասում է 2020 թւականի համաձայնագրի դրոյթներին եւ խախտում է Հայաստանի ինքնիշխանութիւնը։ Եթէ ​​չլինէին Ալիեւի խոչընդոտները, ապա ադրբեջանցիներն արդէն մի քանի տարի է, ինչ Հայաստանի տարածքով կանցնէին Նախիջեւան։

Իրավիճակն աւելի է սրւում, քանի որ ռուս խաղաղապահների կողմից արցախահայութեանը պաշտպանելու իրենց պարտականութիւնները չկատարելու եւ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջութեամբ գրաւելու թոյլտւութեան պատճառով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ վէճի հետեւանքով Փաշինեանը սխալմամբ պնդում է, որ Ռուսաստանը ոչ մի դերակատարութիւն չունի Զանգեզուրի ճանապարհի վրայ։ Նա, հետեւաբար, անտեսում է 2020 թւականին իր ստորագրած համաձայնագրի 9-րդ կէտը, որտեղ ասւում էր. «Տրանսպորտային հաղորդակցութեան  [Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ] նկատմամբ վերահսկողութիւնն իրականացնում են Ռուսաստանի Անվտանգութեան դաշնային սահմանապահ ծառայութեան մարմինները»։

Փաշինեանը կարող էր արդարացւած լինել Ռուսաստանի դերից հրաժարւելու մէջ, եթէ ասէր, որ 2020 թւականի համաձայնագիրն այլեւս ուժի մէջ չէ, քանի որ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Ադրբեջանը խախտել են դրա դրոյթներից շատերը, ինչպիսիք են Արցախի հայերի պաշտպանութեան բացակայութիւնը, Արցախի ամբողջական բռնագրաւումը եւ բոլոր հայ ռազմագերիներին չվերադարձնելը: Սակայն Փաշինեանը պնդում է, որ 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը դեռ ուժի մէջ է, դրանով իսկ հակասելով ինքն իրեն։

Աւելին, Փաշինեանը սխալմամբ պնդում է, որ 2020 թւականի նոյեմբերի 9-ի համաձայնագրում Զանգեզուրի ճանապարհի համար ռուսական որեւէ դերակատարութիւն չի նշւում։ Նա կոչ է անում բոլորին կարդալ 2020 թւականի համաձայնագրի տեքստը, այնուհետեւ մէջբերում է դրա 9-րդ կէտից՝ բաց թողնելով այն նախադասութիւնը, որում նշւած է, որ ռուս սահմանապահները վերահսկելու են Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային ճանապարհը:

Շփոթութիւնն աւելացնելով՝ պնդելուց յետոյ, որ Ռուսաստանը դերակատարութիւն չունի այս ճանապարհին, Փաշինեանը եւս մէկ անգամ հակասում է ինքն իրեն՝ յայտարարելով, որ Ռուսաստանը պէտք է «մոնիտորինգ անի» ճանապարհը, այլ ոչ թէ «վերահսկի» այն։ Իր փաստարկն աւելի տարօրինակ դարձնելով՝ Փաշինեանն ասում է, որ ռուս դիտորդները պարտադիր չէ, որ ֆիզիկապէս ներկայ գտնւեն Հայաստանի սահմանին՝ Զանգեզուրի ճանապարհը վերահսկելու համար, եւ որ նրանք կարող են հեռավար հսկողութիւն իրականացնել ցանկացած այլ վայրից, օրինակ՝ Մոսկւայից:

Այդ ընթացքում Զանգեզուրի ճանապարհը վերածւել է քաղաքական ֆուտբոլի Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Երկար ժամանակ Ռուսաստանը ձգտել է բացել Զանգեզուրի ճանապարհը, որպէսզի կարողանայ վերահսկել այս կարեւոր զարկերակը, որը Կենտրոնական Ասիայի թուրքական երկրները կապելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ՝ մինչեւ Եւրոպա: Եթէ ​​Ռուսաստանի փոխարէն Արեւմուտքը վերահսկի այս առանցքային ճանապարհը, դա կը նւազեցնի Ռուսաստանի ազդեցութիւնը տարածաշրջանում։

Փաշինեանը փորձեց գոհացնել այս հակասութեան մէջ ներգրաււած բոլոր կողմերին՝ յանկարծ յայտարարելով, որ միջազգային մի կազմակերպութիւն կարող է վերահսկել ադրբեջանական ապրանքների եւ մարդկանց տարանցումը։ Սակայն նոյնքան արագ նա հետ վերցրեց իր առաջարկը, քանի որ Ադրբեջանը երբեք չէր ընդունի, որ նոյն երրորդ կողմը վերահսկի նաեւ հայկական ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով։

Ադրբեջանն ու Իրանը այլընտրանքային լուծում են առաջարկել։ Նրանք պայմանաւորւել են թոյլատրել ապրանքների տեղափոխումը ցամաքային Ադրբեջանից Նախիջեւան Հիւսիսային Իրանի ճանապարհով։ Թէեւ Ադրբեջանը եւ Թուրքիան ճնշում էին գործադրում Հայաստանի վրայ՝ բացելու «Զանգեզուրի միջանցք»-ը, Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդաւոր կերպով որոշեցին Զանգեզուրի հարցը բացառել իրենց խաղաղ պայմանագրի բանակցութիւններից։

Այն բանից յետոյ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը Հայաստանին մեղադրեց Զանգեզուրի ճանապարհը խափանելու մէջ, Իրանը խստօրէն նախազգուշացրեց, որ թոյլ չի տայ «Զանգեզուրի միջանցք»-ի անցումը Հայաստանով։ Ռուսաստանն արագ հարթեց իր տարաձայնութիւնները Իրանի հետ եւ հանդարտեցրեց վէճը:

Այս խառնաշփոթ իրավիճակից կարելի կը լինէր խուսափել, եթէ Փաշինեանը չառաջարկեր Զանգեզուրի ճանապարհը ներառել 2020 թւականի համաձայնագրում։ Ահա թէ ինչ է լինում, երբ վարչապետ Փաշինեանը Հայաստանի խնդիրները լուծելու փոխարէն իր անկարողութեան պատճառով դրանք աւելի է խորացնում։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button