Այլ

8-12 տարեկան երեխաների քնի խնդիրները երկու տարի անց բարձրացնում են ինքնասպանական մտքերի հաւանականութիւնը

Կոլորադոյի գիտնականների հետազօտութիւնը պարզել է, որ 8-12 տարեկան երեխաների քնի խնդիրները երկու տարի անց  բարձրացնում են ինքնասպանական մտքերի հաւանականութիւնը, բայց հետազօտողները ծնողներին կոչ են անում խուճապի չմատնւել,- գրել է The Denver Post-ը։

Առողջութեան ազգային ինստիտուտի տւեալներով՝ 8-12 տարեկան երեխաների շրջանում ինքնասպանութիւնների թիւը 2008-2022 թթ. աւելացել է տարեկան մօտ 8 տոկոսով։ Կոլորադոյի մանկական հիւանդանոցը արտակարգ դրութիւն է յայտարարել 2021 թ. երիտասարդների հոգեկան առողջութեան ոլորտում, թէեւ հարցման վերջին տւեալները վկայում են իրավիճակի որոշ բարելաւման մասին, յամենայն դէպս՝ դեռահասների շրջանում։

Հետազօտութիւնում օգտագործւել են աւելի մեծ նախագծի տւեալները, որի շրջանակում 8800 երեխաների ծնողների հարցրել են իրենց երեխաների քնի մասին, երբ նրանք եղել են 9 կամ 10 տարեկան, իսկ երկու տարի անց ստուգել են, թէ նրանցից ում մօտ են առաջացել ինքնասպանութեան մասին մտքեր։ Երեխաների մօտ 91 տոկոսը չի տեղեկացրել այդ մտքերի մասին, իսկ 8 տոկոսն ունեցել է նման մտքեր, 1 տոկոսը ինքնասպանութեան փորձ է կատարել։

Թէեւ քնի խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը չի տեղեկացրել ինքնասպանութեան մտքեր ունենալու մասին, հաւանականութիւնը, որ նրանք կը դիմեն ինքնասպանութեան, մեծանում է քնի վատացմանը զուգընթաց։ Քնի «ծանր» խանգարումներ ունեցող երեխաների մօտ ռիսկն աւելի քան երկու անգամ աւելի բարձր է եղել, քան «նւազագոյն» խախտումներ ունեցողների մօտ։ Այս կապը էլ աւելի զգալի է եղել այն երեխաների մօտ, որոնք մղձաւանջներ են տեսել մշտապէս։

Կոլորադոյի համալսարանի Բժշկական դպրոցի ռադիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ջոշ Գովինի խօսքով՝ այդ կապը պահպանւել է անգամ վերահսկողութիւնից յետոյ, թէ արդեօք երեխաների մօտ եղել են տագնապի կամ դեպրեսիայի ախտանշաններ կամ արդեօք նրանք ապրել են այնպիսի ընտանիքներում, որոնցում բարձր է եղել կոնֆլիկտայնութիւնը. այս բոլոր գործօնները ռիսկային են ինքնասպանութեան մասին մտքերի առումով։ 

News.am

Related Articles

Back to top button