Այլ

Մարդիկ ամռանը սխալ են լւանում մազերը. գիտնականները պատմել են թաքնւած վտանգի մասին

Աշխարհում մարդկանց մեծ մասը մազերը լւանում է շաբաթական մէկ կամ մի քանի անգամ՝ անկախ սեզոնից։ Սակայն փորձագէտներն ասում են, որ մազերի լւացման այդպիսի ռեժիմը բոլորովին յարմար չէ ամռան համար։

AXA Heath Insurance-ի գլխաւոր բժշկի տեղակալ, բժիշկ Պալլաւի Բրեդշոուն ասում է, որ ամռանը՝ ուժեղ շոգի ժամանակ, անհրաժեշտ է մազերն ամէն օր լւանալ։ Շատերին դա կարող է աւելորդ թւալ, սակայն փորձագէտն ընդգծում է, որ դա չափազանց կարեւոր է մեր առողջական վիճակի համար, գրում է Daily Mail-ը։

Բանն այն է, որ ամռանը կտրուկ աճում է ծաղկափոշու մակարդակը, որը կարող է ուժեղ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, գրում է Ֆոկուս-ը։ «Ծաղկափոշին կարող է նստել եւ կպչել ոչ միայն մեր հագուստին, այլեւ մնալ մեր մարմնի եւ մազերի վրայ։ Ուստի խոտատենդով տառապողները պէտք է ցնցուղ ընդունեն, մանրակրկիտ լւանան գլուխը եւ փոխեն հագուստն ամէն անգամ փողոցից վերադառնալիս»,- ասում է Բրեդշոուն։

Խոտատենդով տառապող մարդկանց մեծ մասը գիտի, որ ամռանը պէտք է հակահիստամինային դեղամիջոցներ պաշարել եւ սրացման դէպքում մնալ տանը։ Բայց ոչ բոլորը գիտեն, որ նման «ծաղկափոշու ռումբերի» ժամանակ ամենալաւը գլուխն ամէն օր լւանալն է։

«Ցնցուղ ընդունելը կնւազեցնի յետագայ գրգռման ռիսկը եւ կարող է նւազագոյնի հասցնել ախտանշանների ծանրութիւնը։ Աւելի լաւ է գոլ ցնցուղ ընդունել, քան տաք, որպէսզի խուսափէք մաշկի չորութիւնից, ինչպէս նաեւ օգտագործել հիպոալերգենային շամպուններ եւ օճառ»,- յաւելում է փորձագէտը։

Այս խորհուրդը յաջորդում է մէկ այլ փորձագէտի յանձնարարականին, որը խորհուրդ էր տւել ուժեղ շոգի ժամանակ լւացքն ու հագուստը դրսում չչորացնել։

«Ծաղկափոշու բարձր կոնցենտրացիայով օրերին հագուստը, անկողնային սպիտակեղէնը կամ սրբիչները դրսում կախելը աչքերի քորի եւ քթի փակւածութեան երաշխիք է։ Թաց լւացքը գործում է սպունգի պէս՝ ներծծելով ողջ ծաղկափոշին։ Այն նստում է մանրաթելերի մէջ եւ կպչում գործւածքին չորանալիս, այսինքն՝ յայտնւում է ձեր անկողնում, պահարանում եւ մաշկի վրայ»,- ասում է Daily Poppins-ի հիմնադիր Նայջել Բիրմանը։

Նա խորհուրդ է տալիս լւացքը չորացնել փակ տարածքում, ցանկալի է պատուհանի մօտ կամ լաւ օդափոխւող վայրում։ Նաեւ փոքր տարածքներում կարելի է օգտագործել ծալովի չորանոցներ։

News.am

Related Articles

Back to top button