Մշակութային

Կարօ Մելիքսէթեան-85. Պայծառ երգեր գրելու իմաստնութիւնը

Գրականագիտութիւն եւ գրախօսութիւն

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ

 

Դու գրիր միայն երգեր պայծառ,

Ազնիւ, թրթռուն ու սրտայոյզ,

Որ թէկո՜ւզ դարեր անցնեն, դարձեալ

Նրանցից մի բառ չթողնեն դուրս:

 

Այս քառատողով կարող էր բացւել Կարօ Մելիքսէթեանի «Արեւի տակ մահ չկայ» բանաստեղծութիւնների, իսկապէս, պայծառ ու լուսաւոր ժողովածուն, սակայն նրանով ոչ թէ բացւում, այլ ամփոփւում է այն: Իմ այս միտքն օդում կախւած մնալ չի կարող, որովհետեւ բացատրութիւն է պահանջում: Իսկ բացատրութիւնն այսպիսին է. եթէ այն դրւէր ժողովածուի սկզբում, իրար հերթագայող բանաստեղծութիւնները, գերազանցելով մէկը միւսին, կը խօսէին պայծառ երգեր գրելու վերաբերեալ բանաստեղծի դաւանանքի մասին: Սակայն վերոյիշեալ քառեակը, որով ամփոփւում է գիրքը, մի տեսակ դուրս է գալիս Կարօ Մելիքսէթեանի ստեղծագործական դաւանանքի անձնականութեան շրջանակներից՝ դառնալով յորդոր, խնդրանք, յանձնարարութիւն, ինչու չէ, նաեւ՝ պարտադիր պայման նրանց համար, ովքեր մտնում են պոէզիայի սահմաններից ներս՝ իրենց ասելիքն այնտեղ թողնելու:

«Հին հայրենիք», «Հայոց երգը», «Վանայ լիճ», «Եթէ ուզում ես» եւ մնացած բոլորը, որոնք ամփոփւած են «Արեւի տակ մահ չկայ» ժողովածուում, խօսում են նոյն այդ վերնագրի իմաստի ճշմարիտ լինելու մասին: Կարօ Մելիքսէթեանը գտել է արեւը որպէս յաւերժութեան ուղեկից եւ նոյն արեւային շողերով պատել իր տողերի ֆոնը: Նրա թախիծը, ծանր ապրումը, անհանգստութիւնը եւ նման բոլոր դառնութիւնները արեւային ֆոնին դաջւած կուռ ու հատու ասելիքներ են, ուստի՝ ընթերցողին չի լքում արեւից բխող լոյսի զգացողութիւնը:

Ահա Կարօ Մելիքսէթեանի իմացած հայրենիքը, որի մասին խօսելու համար նա հետ է տանում իր սրտի վրայ նստած «ծանր ժայռերը» եւ նախշազարդ գորգի նման ու գեղագիտական խորիմաստ պատկերներով մեր առջեւ բացում մի պահից դէպի յաջորդ պահին անցումը.

Լոյսի վրայ լոյս է բացւում,//Լոյսի վրայ՝ Ալւան ծաղիկ,//Ծաղկի վրայ՝ ցողոտ աստղեր,//Աստղին՝ աստղից հին Հայրենիք://Հայրենիքի վրայ՝ մի սիրտ,//Սրտի վրայ՝ ծանր ժայռեր,//Ժայռին՝ խաչքար ու խաչքարին՝//Տաք քարաքոս ու աղօթքներ:

Կարօ Մելիքսէթեանի համար հայրենիքն այն է, որ կարող է փոխանցւել «Աստղին՝ աստղից», այսինքն՝ շարունակւել: Ուստի նոր Հայրենիքը լոյսին փոխանցւած հինն է:

Լոյսի վրայ լոյս է բացւում,//Լոյսի վրայ՝ Ալւան ծաղիկ,//Ծաղկի վրայ՝ ցողոտ աստղեր,//Աստղին՝ աստղից հին Հայրենիք:

Հայոց հայրենի երկիրը, հայոց տառը, երգն ու բառը Կարօ Մելիքսէթեանի պոէզիայում հեռու են ողբից ու լացից: Դրանք Տիեզերքի հետ համամասնութիւններ կազմող ընկալումներ են՝ բանաստեղծի համար: Այս պարագայում շատ սիրելի ու առինքնող է բանաստեղծի անկեղծութիւնը, որովհետեւ այն շատ հեռու է շինծու ազդեցիկութիւնից.

Հայոց երգը, լաւ ականջ դիր,//Ոչ թէ երգ է ողբ ու լացի, //Այլ երգ է վեհ հպարտութեան՝//Սիրոյ, Յոյսի ու խոր Թախծի://Հայոց երգը խորախորհուրդ//Տիեզերքի տարիքն ունի,//Իսկ Տիեզերքն, ականջ արէք,//Հայոց երգի կարիքն ունի:

Արեւային լոյսով ողողւած տեսադաշտը Կարօ Մելիքսէթեանի համար միայն հայրենիքով չի սահմանափակւում: Ընդհանրապէս, կեանքը շիտակ ու շքեղ, գեղեցիկ ու լուսաւոր պահերի մէջ ընկալելու վարպետ է բանաստեղծը: «Կեանքն ինչ է՝ մի մեծ Կիրակի, լցւած սէր ու գինով…» տողերն ստիպում են քեզ հեռացնել սրտիդ մռայլութիւնն ու գնալ դէպի Արեւելքի ինքնամոռաց վայելքների գիրկը: Մանաւանդ, երբ շարունակում ենք կարդալ նման մտքերով լի բանաստեղծութիւնները.

Եարս սիրոյ պասի մէջ է, պասի մէջ,//Վարդի նման՝ բացւած ոսկէ վազի մէջ,//Իրենով լի սիրտն իմ ինչքան էլ վառի,//Իր պատկերն եմ տեսնում գինու թասի մէջ://Քէֆի գնանք հին Դալմայի բաղերում,//Մեզ քամուն տանք սիրոյ հրաշք խաղերում,//Աշխարհից ով ինչ տարաւ, որ մենք տանենք,//Եկ անցկացնենք օրն այս շող ու շաղերում:

Վաղուց ուսումնասիրւած է արեւելեան պոէզիայի աւանդոյթների հատւածը, որտեղ իրենց նշանակալից տեղերում են ինքնամոռաց վիճակների գովերգումը, սէրն ու գինին: Ինչ տեղ են գրաւում Կարօ Մելիքսէթեանի այս թեմաներով գրած չնաշխարհիկ բանաստեղծութիւնները այդ շարքում: Դրա պատասխանը գտնում ենք հէնց իր՝ բանաստեղծի տողերում.

Աշխարհում սիրոյ ոչ մի շքեղ վարդ//Ես ո՛չ յարգել եմ, ո՛չ էլ ճանաչել,//Եթէ այն անլուր տառապանքներից,//Արցունքներից ու ցաւից չի աճել://Սէ՜ր, մեզ տալիս ես վիշտ ու հիացում,//Թրթիռներ յուսոյ, լոյս ու ցաւերի,//Որ կարողանանք դիմանալ նրան՝//Հրդեհների մէջ ու արցունքների:

Եւ այսպէս, Կարօ Մելիքսէթեանի արեւելեան ոճի մէջ հիասքանչ բանաստեղծութիւններում զուտ վայելքի հրաւէր չէ, այլ աւելի հեռուն գնացող իմաստային իր շարունակութիւնն ունի: Դա տառապանքից ծնւած ծաղկի ընկալումը, ճանաչումը եւ ընդունումն է:

Եթէ ինքնամոռաց վիճակ, ապա միայն մանկութեան յիշողութիւններով լի ծննդավայրում: Ահա թէ այդ առումով ինչ ապրումներ կարող է իրեն թոյլ տալ ազնիւ զգացումներով թաթախւած բանաստեղծը, երբ ծննդավայրում է.

…Չկայ երկինք, չկայ երկիր,//Անցեալ, ներկայ, յուշեր անդարձ://Կարծես, նրանք ո՛չ եղել են,//Ո՛չ էլ՝ ցնդել անվերադարձ://Անցեալ, Ներկայ ու Ապագայ,//Ասես, կեանքում չեն էլ եղել,//Սոսկ դիւահար ինչ-որ մէկն է//Նրանց տեղերը փոխընդփոխել:

Իսկապէս, արեւի տակ մահ չկայ: Չէ՞ որ Լոյսը մահւան թշնամին է: Պայծառ լոյսի զօրութեան զգացողութիւնից ծնւած այս պոէզիան յուսադրող է՝ անյոյս օրերի մէջ, եւ կեանքին դիմակայելու ուժ է հաղորդում:

Կարօ Մելիքսէթեանի «Դու գրիր միայն երգեր պայծառ…» պատգամը, թերեւս, պոէտներին է ուղղւած, իսկ մեզ՝ բոլորիս համար իւրաքանչիւր օրւայ խորհուրդ պարունակող նրա այս տողերում իմաստունի խօսք է.

…Պիտի մի կէսդ պահես հողում,

Իսկ միւս կէսդ՝ աստղերի մէջ:

«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»-Հայաստանի գրողների միութեան պաշտօնաթերթ

Related Articles

Back to top button