Ռուս-հայկական «Սլաւոնական» համալսարանում բացւել է «Ռուդակի» դահլիճը

«ԱԼԻՔ» – Ռուս-հայկական «Սլաւոնական» համալսարանում, սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արեւելագիտութեան ֆակուլտետի «Ռուդակի» դահլիճի բացումը: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում Իրանի դեսպանութեան տելեգրամային ալիքը:
Դահլիճի բացման հանդիսաւոր արարողութեանը ներկայ են եղել ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին, համլսարանի ռեկտոր պրոֆ. Էդւարդ Սանդոյեանը, Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան պրոֆ. Գառնիկ Ասատրեանը, դասախօսները եւ ուսանողները:
Արարողութեանը, համալսարանի ռեկտոր, պրոֆ. Էդւարդ Սանդոյեանը շնորհակալութիւն է յայտնել Իրանի դեսպանութեանը «Ռուդակի» դահլիճի վերանորոգման, կահաւորման եւ վերազինման գործում ցուցաբերած աջակցութեան համար՝ դահլիճի բացումը համարելով կարեւոր քայլ համալսարանի եւ Իրանի դեսպանութեան միջեւ գիտական համագործակցութեան ամրապնդման գործում: Նա նշել է, որ «Ռուդակի» դահլիճը կարող է նպաստել Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդմանը:
Դեսպան Սոբհանին էլ իր ուրախութիւնն է յայտնել «Ռուդակի» դահլիճի բացման առիթով՝ իրանագէտներին, պարսկերէն լեզւի ուսումնասիրողներին եւ պարսկերէն գրականութեան գիտակներին համարելով երկու երկրների միջեւ մշակութային կամուրջներ. «Մշակութային համագործակցութիւնը երկկողմ յարաբերութիւնների ամենախորը մասն է»,- նշել է նա:
Պրոֆ. Գառնիկ Ասատրեանն իր հերթին երախտագիտութիւն է յայտնել Հայաստանում Իրանի դեսպանութեանը «Ռուդակի» դահլիճի վերանորոգման, կահաւորման եւ տեխնիկապէս վերազինման կապակցութեամբ՝ յոյս յայտնելով, որ նման համագործակցութիւնը ապագայում եւս կը շարունակւի: