Ի՞նչ պայմանաւորւածութիւն է ակնարկում Էրդողանը, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մինչ հայաստանեան ներքաղաքական կեանքում դրամատիկ իրադարձութիւններ են՝ Հայ Առաքելական եկեղեցու դէմ ՀՀ իշխանութիւնների ծաւալած աննախադէպ արշաւով, օկուպացւած ու հայաթափւած Ստեփանակերտում ալիեւեան ռեժիմը հերթական շոուն կազմակերպեց՝ հնչեցնելով մի շարք չափազանց ուշագրաւ ուղերձներ։
Իլհամ Ալիեւը Ստեփանակերտում էր հաւաքել իր դաշնակիցներ Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարներ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ու Շեհբազ Շարիֆին, ինչպէս նաեւ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Տաջիկստանի, Կիրկիզստանի, Ուզբեկստանի նախագահներին, Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան նախագահին Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան 17-րդ գագաթնաժողովի պատրւակով։
Ալիեւն իր ելոյթի զգալի մասը նւիրեց Հայաստանին՝ հնչեցնելով ՀՀ-ին ուղղւած յոխորտանքներ, մեղադրանքներ ու պահանջներ։
Նա յիշեցրեց վերջերս Ստամբուլում անցկացւած Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան բանաձեւերը, որոնցում Երեւանին կոչ էր արւում կատարել Բաքւի պահանջները:
«Մեծ նշանակութիւն ունի նաեւ Հայաստանից արտաքսւած «արեւմտեան ադրբեջանցիների» իրաւունքների ապահովումը։ Մենք բարձր ենք գնահատում կազմակերպութեան նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետութիւնների կողմից աջակցւող միաձայն բանաձեւի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսւած ադրբեջանցիների վերադարձի իրաւունքը։ Այս բանաձեւի հետ մէկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարւած ադրբեջանցիների վերադարձի իրաւունքը հաստատւում է նաեւ Նախարարների խորհրդի նիստից յետոյ ընդունւած «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաեւ դատապարտում է Հայաստանի հրաժարումն «Արեւմտեան Ադրբեջանի» (չակերտները՝ 168.am-ի) համայնքի հետ երկխօսութիւն սկսելուց»,- օկուպացւած Ստեփանակերտում յայտարարեց Ադրբեջանի նախագահը:
Նա, միաժամանակ, ասաց, թէ Հայաստանն իբրեւ թէ Ադրբեջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել։ «Տարածքների օկուպացիայի ընթացքում Հայաստանն Ադրբեջանին հասցրել է 150 միլիարդ դոլարի վնաս։ Օկուպացիայի տարիներին Հայաստանը ոչնչացրել է մեր քաղաքներն ու գիւղերը, մշակութային եւ կրօնական յուշարձանները։ 67 մզկիթներից 65-ը ոչնչացւել են Հայաստանի կողմից»,- ասաց Ալիեւը։
Նա գործընկերների առջեւ Հայաստանին կրկին մեղադրել է 1 միլիոնից աւելի ականներ տեղադրելու համար՝ պնդելով, թէ պատերազմից յետոյ հարիւրաւոր ադրբեջանցիներ են զոհւել ու վիրաւորւել, թէեւ Երեւանը տրամադրել է ականապատման քարտէզները։ Ալիեւը ոչինչ չի խօսել Խաղաղութեան համաձայնագրի ստորագրման մասին, մի համաձայնագրի, որը, ըստ պաշտօնական տւեալների, ամբողջութեամբ բանակցւած է ու պատրաստ ստորագրման։
Էրդողանը եւս որոշ ուշագրաւ մեսիջներ է հնչեցրել։ ՏՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով Ալիեւին՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան յետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցութիւնների ընթացքին։ Ինչպէս փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան սպասում է համաձայնագրի ստորագրմանը, որը, նրա ձեւակերպմամբ, «կը բաւարարի Բաքւի օրինական պահանջները»։
Էրդողանն Արցախից Թուրքիա ճանապարհին պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով, որ չնայած սկզբում Հայաստանը դէմ էր «Զանգեզուրի միջանցք»-ին, այժմ այն աւելի ճկուն մօտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։
«Զանգեզուրի միջանցք»-ը նոր հնարաւորութիւններ կը բացի ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը շանս է ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ Թուրքիայի, Իրանի եւ այլ երկրների համար: «Զանգեզուրի միջանցք»-ը, նրա խօսքով, կրում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլեւ աշխարհատնտեսական նշանակութիւն։
««Զանգեզուրի միջանցք»-ի բացումը ռազմավարական քայլ կը լինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացւի, Թուրքիայից ապրանքները կը կարողանան Կասպից ծովով աւելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա եւ Չինաստան, իսկ Եւրոպայից Չինաստան եկող բեռները կը սկսեն անցնել Թուրքիայով: Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիւ երկրներ՝ հարաւից մինչեւ մեզ եւ Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրւած է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա յատուկ նշանակութիւն է տալիս նախագծին:
Այս գործընթացում մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը։ Այստեղ ամենակարեւոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաեւ երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցք»ի նշանակութիւնը բեռնափոխադրումներում մեծանում է եւ աճելու է»,- ասել է Էրդողանը։
Ըստ էութեան, սա առաջին անգամն է, երբ Թուրքիան նախագահի մակարդակում ռեգիոնալ հաղորդակցութիւնների եւ յատկապէս, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերեալ ՀՀ դիրքորոշման հարցում լաւատեսութիւն է յայտնում։
Հարկ է նշել, որ սա տեղի է ունենում Փաշինեանի՝ վերջերս Թուրքիա կատարած այցից յետոյ։ Այս այցի ընթացքում Փաշինեան-Էրդողան բանակցութիւնների վերաբերեալ պաշտօնական որեւէ տեղեկատւութիւն այն մասին, որ պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել, չեղաւ, այլ եղաւ պաշտօնական հաղորդագրութիւն, որ քննարկւել են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակւել Հայաստան-Ադրբեջան խաղաղութեան գործընթացի, ինչպէս նաեւ Հայաստանի Կառավարութեան «Խաղաղութեան խաչմերուկ» նախագծի շուրջ։
Սակայն յունիսի 21-ին Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինեանը յայտարարել էր․ «Էդ էլ է պէտք խոստովանել, որ «Խաղաղութեան խաչմերուկը» բացւեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսէք, «Զանգեզուրի միջանցք»-ը բացւեց: Սրան էլ պէտք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանութեան [ներքոյ], իրենցն էլ՝ իրենց … եւ պարզեցումներ պէտք է լինեն, եւ էդ պարզեցումները, որպէսզի կայուն, երկարատեւ լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն՝ շահագրռւածութիւն պէտք է ունենանք եւ կունենանք: Ընդորում, Իրանի իրադարձութիւններն այս ասածս աւելի էական եւ կարեւոր են դարձնում»: Փաշինեանի այս դիտարկումը լայն քննարկումների եւ կասկածների առիթ տւեց, թէ եթէ ճանապարհը չունի «միջանցքի» կարգավիճակ, ապա ինչո՞ւ պէտք է այն կոչեն «Զանգեզուրի միջանցք»։
Այս խօսակցութիւնների ֆոնին յուլիսի 2-ին Carnegie Politika-ում յօդւած հրապարակեց Հարաւային Կովկասում անվտանգութեան եւ հակամարտութիւնների փորձագէտ Օլեսիա Վարդանեանը, գրելով, որ ապաշրջափակման վերաբերեալ Երեւանին ու Բաքւին առաջարկ է ներկայացրել Թրամփի վարչակազմը։
Ըստ նրա՝ ամերիկեան առաջարկը նման է տարիներ առաջ Եւրամիութեան կողմից շրջանառւած տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից յետոյ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնեցւած ծրագիրն էր, որով կողմերը նախատեսում էին Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը յանձնել շւէյցարական մի անկախ ընկերութեան, որը պարտաւորւելու էր յետոյ լոգիստիկ տւեալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։ Վարդանեանի խօսքով, Եւրամիութիւնը նաեւ Երեւանին ու Բաքւին էր առաջարկում այս նախադէպով առաջնորդւել, սակայն «քննարկումները խափանւեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարւածութեան նոր բռնկումներից, ապա՝ 2023 թւականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից յետոյ։
Ուստի, ըստ նրա, ներկայացւած ամերիկեան առաջարկն ընդհանուր գծերով նման է եւրոպականին, որով նախատեսւում էր ճանապարհի կառավարումը արտապատւիրակել օտարերկրեայ, մասնաւոր ընկերութեան։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնւում է ամերիկեան տրամաբանութեան վրայ, ըստ որի՝ համաձայնագրի երաշխաւորը պէտք է լինի ամերիկեան բիզնեսը, ինչպէս որ արդէն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազւագիւտ մետաղների գործարքում»,- պնդել էր Օլեսիա Վարդանեանը։
Գրեթէ զուգահեռաբար Middle East Eye պարբերականը յօդւած հրապարակեց այն մասին, որ Փաշինեանն ու Ալիեւն այս ամսւայ վերջին հնարաւոր է հանդիպեն Դուբայում։ Իրավիճակին ծանօթ երկու աղբիւրներ MEE-ին յայտնել են, որ Դուբայում նախատեսւած հանդիպումը դրական նշան է, որը ցոյց է տալիս, որ չնայած շարունակւող տարաձայնութիւններին, «երկու կողմերն էլ շարունակում են պատրաստակամ լինել համագործակցել»։ Պարբերականը նշել է, որ թուրք պաշտօնեաները Հայաստանը համարում են, այսպէս կոչւած, Միջին միջանցքի հիմնական երկիր, որը Թուրքիան ուղղակիօրէն կը կապի Կենտրոնական Ասիայի հետ։
«Թուրքական ընկերութիւնները եւս հետաքրքրւած են Հայաստանում ենթակառուցւածքային նախագծերին մասնակցելու հարցում։ Հակառակ Բաքւի առարկութիւններին, աղբիւրները յայտնել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը անցեալ ամիս ընդունել է Փաշինեանին՝ Հայաստանի առաջնորդի Թուրքիա կատարած առաջին պաշտօնական այցի ժամանակ։ Ադրբեջանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների յարաբերութիւններին ծանօթ մէկ այլ աղբիւր նշել է, որ Ալիեւը սերտ յարաբերութիւններ է պահպանում Արաբական Միացեալ Էմիրութիւնների կառավարիչ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահիանի հետ։ Աղբիւրը յաւելել է, որ Արաբական Միացեալ Էմիրութիւնները կովկասեան երկու ժողովուրդների միջեւ յարաբերութիւնները բարելաւելու իր ջանքերի շրջանակում պատրաստ է իր յարկի տակ ընդունել բանակցութիւնների անցկացումը»,- գրել էր պարբերականը։
Այս բոլոր յայտարարութիւնները, հրապարակումները լայն սփռում ունեցող ուղեղային կենտրոնների էջերում եւ պարբերականներում ցոյց են տալիս, որ Հարաւային Կովկասում ապաշրջափակման գործընթացի շուրջ ակտիւ ռեգիոնալ գործընթացներ են։ Նոյնիսկ տպաւորութիւն է, որ Խաղաղութեան համաձայնագիրը մղւել է երկրորդ պլան եւ ներկայումս ակտիւ օրակարգում է ռեգիոնալ ապաշրջափակման թեմատիկան։
Սակայն ՀՀ իշխանութիւնները նման կարեւոր հարցերին պատշաճ արձագանքելու եւ հանրութեանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարէն՝ զբաղւում են պետութիւնից անջատ գործող եկեղեցու հարցերով, սպառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Նրանք շարունակում են լռութիւն պահպանել այն դէպքում, երբ տեւական ժամանակ յայտարարում ու ընդգծում էին, թէ ՀՀ ինքնիշխան տարածքում միջանցքային տրամաբանութիւն չի գործելու։
Յայտնի չէ, թէ ի՞նչ ճկուն նոր դիրքորոշման մասին է ակնարկում Էրդողանը, ի՞նչ պայմանաւորւածութիւն կայ այսօր այս հարցով, եւ այդ պայմանաւորւածութիւնն ի՞նչ պայմաններով է, կամ՝ Ադրբեջանի օրինական այլ «ինչ պահանջներ» պէտք է կատարեն ՀՀ իշխանութիւնները, որոնց մասին ուղիղ յայտարարում է Էրդողանը։
Մինչ ՀՀ իշխանութիւնները կը փորձեն նոր բացատրութիւններ յօրինել, պէտք է նշել, որ Էրդողանի այսօր տարածւած խօսքն աւելի քան յստակ էր․
«Չնայած սկզբում Հայաստանը դէմ էր «Զանգեզուրի միջանցք»-ին, այժմ այն աւելի ճկուն մօտեցում է ցուցաբերում»։
168.am